«Երկու գործընկերները ուրիշ տեսակետ էին ներկայացնում, հիմա գովերգում են կառավարությանը». Արամ Մանուկյանը դեմ է «խոպանչիների» մասին օրենքին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր մի քանի պատգամավորներ քննարկում էին Ազգային ժողովի կողմից երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունված  «Եկամտահարկի» և «Շահութահարկի» մասին ՀՀ օրենքների փոփոխությունները: Խորհրդարանում քննարկման ժամանակ այս նախագիծը ստացավ «խոպանչիների» մասին օրենք անվանումը և բուռն քննարկումների արժանացավ:

Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանը քննարկման ժամանակ նշեց.«Խոսքը վերաբերում է ՀՀ ռեզիդենտ կազմակերպություններին, որոնք գրանցվել են Հայաստանում, բայց գործունեություն են ծավալում արտերկրում»,- և հավելեց, որ այս օրենքը միայն «խոպանչիներին» չի վերաբերում:

ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանն էլ ընդգծեց, թե նախագծի հապճեպ ներկայացումը պատճառ է դարձել քննադատությունների համար: Նա նշեց, թե եղել են ընթացակարգային խախտումներ և նախագիծը հանձնաժողովներում չի քննարկվել:

Իսկ ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանն ընդգծեց, որ օրենքը շատ լուրջ վտանգներ է պարունակում: «Օրենքի խախտումով ընդունվեց, չեն պահպանվել ընթացակարգերը, և նախագիծը կառավարության օրակարգում չի եղել: Այս օրենքի լավագույն սցենարն այն կլինի, որ Սերժ Սարգսյանը այն չստորագրի»,- նշեց նա: Արամ Մանուկյանը հավելեց, թե այս օրենքի նախագիծը նպաստում է արտագաղթին:

«Ցավում եմ, որ իմ երկու գործընկերները մի քանի ամիս առաջ ուրիշ տեսակետ էին ներկայացնում, հիմա նստել, գովերգում են կառավարությանը»,- նշեց Արամ Մանուկյանն, իսկ նրա այս խոսքին ի պատասխան Արծվիկ Մինասյանը նշեց, «Արտագաղթի մեջ մեղադրում եք մեզ, ի՞նչ կապ ունենք մենք»:




Լրահոս