Փլուզված շենքի շինաշխատանքների ժամկետի թույլտվությունը լրացած է եղել (ֆոտո)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Մայրաքաղաքի Խանջյան 20 հասցեում փլուզված կիսակառույցի շինարարությունը ժամկետների առումով ապօրինի է: Այս մասին Tert. am -ի հետ զրույցում ասաց Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արթուր Գևորգյանը՝ հավելելով. “Այս պահին սեփականատերը շինաշխատանքներ իրականացնելու թույլտվություն չի ունեցել”:
Քաղաքապետարանի լրատվության պատասխանատուն հավելեց, որ սեփականատերը “Մանկական զվարճալիքների կենտրոն” և “Լենա Թովմասյան” ՍՊԸ-ներն են, իսկ շինարարական աշխատանքներն, իրականում, իրականացնում է “Չիլինգարյան դիզայն և քոնսթրաքշն” ՍՊԸ-ն:
 
Հիշեցնենք, որ ըստ ՀՀ առողջապահության նախարարության տրամադրած տեղեկատվության՝ փլուզման հետևանքով 11 հոգի ստացել է մարմնական վնասվածքներ, որոնից 2-ը՝ ծանր: Նրանցից 2-ին էլ բուժօգնություն էր ցուցաբերվել հենց շինհրապարակում:
Շինարարության ժամկետը երկարացնելու համար, ըստ Արթուր Գևորգյանի, պետք է դիմեր սեփականատերը, որը 2009-ին ստանալով թույլտվություն՝ մեկ անգամ դիմել էր 2011-ին՝ այն երկարացնելու համար:
Վերջին ժամկետը ևս ավարտվել էր այս տարի, և չնայած Արթուր Գևորգյանը դրա ավարտի ստույգ ժամկետի ամիս-ամսաթիվը չի հիշում, սակայն նշեց, որ սեփականատերը պետք է դե ֆակտո շինարարական աշխատանքներ իրականացնելու դեպքում դիմեր քաղաքապետարան՝ “ժամկետը երկարացնելու համար”:
Ժամկետի դադարեցումից հետո “Մանկական զվարճալիքների կենտրոն” և “Լենա Թովմասյան” ՍՊԸ-ները տուգանվել էին երկու միլիոն դրամով՝ կազմվել էր արձանագրություն: Տարածքը նախատեսված էր բացօթյա սրճարանի և զվարճալիքների կենտրոն կառուցելու համար:
 
Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի




Լրահոս