Քննարկվել են ՀՀ կառավարության և ՎԶԵԲ-ի միջև համագործակցության զարգացմանն ուղղված հարցեր

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վարչապետ Հովիկ Աբրահամյանն ընդունել է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի նախագահ Սումա Չակրաբարտիի գլխավորած պատվիրակությանը:

Վարչապետը կարևորել է ՎԶԵԲ-ի դերը մեր երկրի տնտեսության զարգացման առանցքային ոլորտներում իրականացվող ծրագրերում և նշել, որ կառավարությունը շահագրգիռ է ավելի ընդլայնել ու զարգացնել երկկողմ արդյունավետ համագործակցությունը: Հովիկ Աբրահամյանի խոսքով՝ Հայաստանի և ՎԶԵԲ-ի միջև փոխգործակցությունը տարեցտարի ընդլայնվում է, ինչի արդյունքում էլ ներկայում քննարկվում է 2015-2018 թվականների երկկողմ համագործակցության նոր ռազմավարության նախագիծը: Այն կներառի երեք հիմնական ուղղություն՝ մասնավոր հատվածի մրցունակության խթանում, կապիտալ շուկաների զարգացում և տեղական արժույթով ֆինանսավորում, կայուն և առևտրայնացված կոմունալ ծառայությունների զարգացում:

Կառավարության ղեկավարը բարձր է գնահատել ՎԶԵԲ-ի կողմից մեր երկրի ֆինանսական հատվածի զարգացմանը ցուցաբերվող օժանդակությունը և վարկավորման հասանելիության ընդլայնումը: Վարչապետն ընդգծել է, որ ՓՄՁ-ների զարգացումը ՀՀ կառավարության գերակայությունների թվում է և գործադիրը շարունակելու է այդ ուղղությամբ հետևողական քայլերի իրականացումը: Հովիկ Աբրահամյանը գնահատելի է համարել նաև մեր երկրի կապիտալի շուկայի զարգացման գործում ՎԶԵԲ-ի ներդրումը, մասնավորապես, դրամային պարտատոմսերի թողարկումը:

Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ ՎԶԵԲ նախագահը շեշտել է, որ վերջին շրջանում նշանակալի առաջընթաց է գրանցվել ՀՀ կառավարության հետ փոխգործակցության զարգացման ուղղությամբ: Դրա արդյունքում, Սումա Չակրաբարտիի խոսքով, ավելացել են ՀՀ տնտեսության մեջ բանկի ներդրումային ծավալները: Պարոն Չակրաբարտին հույս է հայտնել, որ երկկողմ համագործակցության նոր ռազմավարությունը թույլ կտա ընդլայնել ՀՀ-ում տարբեր ծրագրերի իրականացման համար հատկացվելիք ֆինանսավորման ծավալները:

Ընդգծելով, որ վերջին տարվա ընթացքում՝ վարչապետի պաշտոնավարման ժամանակահատվածում, ՀՀ-ում գործարար միջավայրի բերալավման ուղղությամբ արձանագրվել է լուրջ առաջընթաց՝ ՎԶԵԲ նախագահը կարևորել է այդ ուղղությամբ համատեղ նոր ծրագրերի իրականացումն ու հարկային և մաքսային ոլորտներում բարեփոխումների շարունակականության ապահովումը: Սումա Չակրաբարտին ընդգծել է նաև, որ ՎԶԵԲ-ը պատրաստ է շարունակել ու ընդլայնել օժանդակությունը Երևանում և մեր երկրի այլ քաղաքներում էներգախնայողության ապահովման, Երևանի մետրոպոլիտենի վերակառուցման, ճանապարհաշինության և նոր ենթակառուցվածքային ծրագրերի իրականացման ուղղությամբ:

Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել նաև Կոտայքի մարզի կոշտ թափոնների կառավարման համակարգի և հայ-վրացական սահմանի անցման կետերի արդիականացման ծրագրերին, ՀՀ-ում բիզնես օմբուդսմենի ինստիտուտի ներդրման գաղափարին, ինչպես նաև առաջիկայում Թբիլիսիում կայանալիք ՎԶԵԲ տարեկան ժողովի աշխատանքներին: Զրուցակիցները քննարկել են երկուստեք հետաքրքրություն ներկայացնող մի շարք այլ հարցեր ևս:

unnamed (4)




Լրահոս