Մոտ տասը օր առաջ Սյունիքի մարզի Սըդղի Գյոլ կոչվող տարածքում տեղի ունեցած ծեծկռտուքի գործով հարուցված քրեական գործը Քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչությունից տեղափոխվել է Երևանի քննչական վարչություն: Քննությունը հանձնարարվել է Հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությանը:
Այս մասին Armlur.am-ը տեղեկացավ Քննչական կոմիտեի հասարակայնության և լրատվության բաժնից:
Հիշեցնենք, որ նշված գործում շրջանառվում է Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի որդու՝ Տիգրան Խաչատրյանի անունը: Շրջանառվող լուրերի համաձայն` Տիգրան Խաչատրյանը մի խումբ անձանց հետ վիճաբանության մեջ է մտել Զաքարյան եղբայրների հետ, ապա վիճաբանությունը վեր է ածվել ծեծկռտուքի: Սրա հետևանքով Հարություն Զաքարյանը ստացել է աջ աչքի վնասվածք, կոպի պատռվածք: Հարություն Զաքարյանը ճանաչվել է տուժող:
Ավելի վաղ նաև հայտնել էինք, որ Դատախազությունը գործով անցնող վկաներին և միջադեպի մասնակիցներին բերման ենթարկելու որոշում է կայացրել՝ ելնելով այն հանգամանքից, որ պատշաճ ծանուցում ստացած նույն մարդիկ չեն ներկայացել քննչական մարմին: Ավելին, «Ժողովուրդ» օրաթերթի փոխանցմամբ, Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի որդին ընդհատակ է անցել. ըստ որոշ տեղեկությունների, նա փախուստի է դիմել: