«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը որոշել է Վարդան Օսկանյանին դարձնել ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության անդամ` այդպիսով փորձելով նրա համար ապահովել առավել մեծ պաշտպանվածություն: Անշուշտ, դրանով Օսկանյանին իրավական առումով որեւէ «լրացուցիչ իմունիտետ» չի տրվում` ինչպես որ երեկ ներկայացրեց ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը: Խոսքն ավելի շատ քարոզչական լրացուցիչ լծակների եւ Օսկանյանին քաղհալածյալի կերպարով անմիջապես եվրոպական ամբիոններում ելույթներ ունենալու հնարավորության ընձեռնման մասին է: Իսկ ինչ ինչ` հուզիչ ելույթներ ունենալն Օսկանյանի մոտ ամենալավն է ստացվում: Ինչպես հայտնի է, ԲՀԿ ցուցակի երկրորդ տեղը զբաղեցնող Օսկանյանը, որն անժխտելիորեն հայտնվել է ԲՀԿ քաղաքական առաջին դեմքի կարգավիճակում, հոկտեմբերի 2-ից զրկվել է ՀՀ ԱԺ պատգամավորի անձեռնմխելիությունից եւ ներկայում «փողերի լվացման» գործում հանդես է գալիս որպես մեղադրյալ: Եւ ահա ԲՀԿ-ն լուրջ մտավախություն ունի, որ առաջիկայում Աղվան Հովսեփյանն արդեն Օսկանյանին կալանավորելու միջնորդությամբ կմտնի ԱԺ: Թե որքանով է արդարացված ԲՀԿ-ի նման մտավախությունը, երեւի թե լավագույնս կիմանան վերջին շրջանում քաղաքական գործունեությունը Կոնյակի գործարանում ծավալող Գագիկ Ծառուկյանն ու «կեղտոտ» փողերը տնօրինած Վարդան Օսկանյանը: Ի վերջո, նրանք բոլորից լավ գիտեն` կա արդյոք այս գործում հանցակազմ, թե ոչ: Սակայն պարզվում է, որ գործի ապագա ընթացքի մասին ոչ պակաս տեղեկացված է նաեւ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը, որը երեկ հայտարարել է, թե Օսկանյանին կալանավորելու միջնորդություն ԱԺ չի բերվի. «Ըստ էության, այն, ինչը որ ներկայացվում է, դրա ամբողջ քննարկումները, վերլուծությունները, բնականաբար, չեն հանգեցնի նման իրողության»: Հետաքրքիր է՝ ՀՀԿ փոխնախագահը որտեղից է տեղյակ, որ քննչական մարմինների գործունեությունը «բնականաբար, չի հանգեցնի» կալանքի: Արդյոք սրանով Գ. Սահակյանը հայտարարում է, որ Ա. Հովսեփյանն ու ԱԱԾ-ն իրենց «վերլուծություններն» անում են ՀՀԿ վերանորոգվող գրասենյակում: Թե՞ նման հայտարարությամբ Սահակյանն ուղղակի փորձում է հանգստացնել Օսկանյանին ու ԲՀԿ-ին, որպեսզի վերջիններս զերծ մնան Օսկանյանին ԵԽԽՎ պատվիրակության կազմում ընդգրկելուց: Եթե այդպես է, ապա դա փոքր-ինչ ուշացած փորձ է, քանզի այդ որոշումն արդեն իսկ կայացված է, ու այն դժվար թե վերանայվի: Սակայն եթե ՀՀԿ-ում որոշեն թույլ չտալ Օսկանյանի մուտքը ԵԽԽՎ, ապա դա կլինի լուրջ մարտահրավեր ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի համար, քանզի միայն նա կարող է դա կանխել: ԱԺ կանոնակարգ-օրենքի համաձայն՝ միջազգային խորհրդարանական կազմակերպություններում ԱԺ պատվիրակությունների կազմը հաստատում է խորհրդարանի ղեկավարը` խորհրդակցելով ԱԺ խմբակցությունների հետ: Ասել է թե` Հովիկ Աբրահամյանը ստիպված է լինելու կա՛մ թույլ չտալ, որ «ճշմարտությունը նորից հիվանդանա», կա՛մ այն այս անգամ վերջնականապես «կմեռնի»:
ՃՇՄԱՐՏԱՀՐԱՎԵՐ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ