ԴԱՎԱՅ ՆՈՎՈ
Երեկ Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանը դատավոր Հրաչիկ Սարգսյանի նախագահությամբ ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Նահապետ Գեւորգյանի (Նովո) որդուն՝ Արտակ Գեւորգյանին, դատապարտել է պայմանական ազատազրկման: Գործը քննվել է արագացված դատաքննության կարգով: Հիշեցնենք, որ պատգամավորի որդին մեղադրվում է զենքի սպառնալիքով ավտոմեքենա հափշտակելու մեջ:
ՎԱՏ ՉԷ
«Մարդու իրավունքներ-96» կուսակցության նախագահ Ռուբեն Թորոսյանը հայտարարություն է տարածել, որում ներկայացված են Նիկոլ Փաշինյանին ՀՀ նախագահի թեկնածու առաջադրելու վերաբերյալ իրենց անցկացրած սոցիոլոգիական հարցման արդյունքները: «Եթե Ն. Փաշինյանն առաջադրվի նախագահի թեկնածու, կպաշտպանե՞ք այն» հարցին հարցվածների 36,3%-ը տվել է դրական պատասխան, 17,2%-ը` բացասական: 22,7%-ը դժվարացել է պատասխանել, իսկ 23,8%-ը դա համարել է գաղտնիք:
ՄԵԿՆԵԼ Է ԱՐՑԱԽ
Սերժ Սարգսյանը երեկ այցելել է ՀՀ արեւելյան սահմանային զորամասերից մեկը, մասնակցել սպայական անձնակազմի համար կառուցված բնակարանների հանձնման արարողությանը, այնուհետ աշխատանքային այցով մեկնել ԼՂՀ: Նա ԼՂՀ նախագահի հետ ներկա է գտնվել ԼՂՀ պաշտպանության բանակի զորավարժություններին, անցկացրել պաշտպանական շրջանի դիտարկում: Ս. Սարգսյանը եւ Բակո Սահակյանը զորամասերից մեկում մասնակցել են նաեւ Սուրբ Գեւորգ եկեղեցու բացման արարողությանը, ապա զինված ուժերի բարձրագույն սպայական կազմի մասնակցությամբ անցկացրել խորհրդակցություն:
ԱՎԵԼԻՆ ԵՆ ՈՒԶՈՒՄ
«Հայաստան-ԵՄ հետագա համագործակցությունը կախված կլինի նրանից, թե ինչպես կանցկացվեն 2013թ. նախագահական ընտրությունները»,-այդ մասին երեկ հայտարարել են ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի ղեկավար, դեսպան Անդրեյ Սորոկինը եւ ԵՄ հայաստանյան պատվիրակության ղեկավար, դեսպան Տրայան Հրիսթեան: Վերջինիս խոսքով. «ԵՄ-ն ուշիուշով հետեւելու է ՀՀ-ում ընտրությունների իրականացմանը եւ սահմանելու է «ավելին ավելիի դիմաց» սկզբունքը»:
ԿԱԼԱՆՔ ՉԻ ԵՂԵԼ
Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Հայաստանի կառավարության լիազոր ներկայացուցիչ, զինդատախազ Գեւորգ Կոստանյանը վստահեցրել է, որ կառավարությունն ունի Լեւոն Տեր-Պետրոսյանի բողոքի վերաբերյալ ԵԴ-ի բոլոր հարցերի պատասխանները` տեղեկացնելով, որ սահմանված ժամկետում ԵԴ-ից ստացված բոլոր հարցադրումների պատասխանները կուղարկվեն: Գ. Կոստանյանը «Ազատությանն» ասել է, որ 2008-ի մարտի 1-ի առավոտյան Տեր-Պետրոսյանը տնային կալանքի չի ենթարկվել. «Եւ եթե կհիշեք, այդ ժամանակ ՊՊԾ-ն հայտարարությամբ հանդես եկավ, որ եթե Լ. Տեր-Պետրոսյանը հրաժարվում է մեր ծառայություններից, մենք կարող ենք այդ ծառայությունները չիրականացնել, բայց Լ. Տեր-Պետրոսյանը չհրաժարվեց»:
ՀԱՐԿԱԴՐՈՒՄ ԵՆ
«Էլիտ Շանթ» ընկերության տնօրինությունը իր աշխատակիցներին պարտադրում է համանուն «Շանթ» սուպերմարկետից նվազագույնը 10 000 դրամի առեւտուր անել: Aravot.am-ի տեղեկություններով՝ 100 000 դրամ աշխատավարձ ստացող աշխատակիցների աշխատավարձից ամեն ամիս 10 000 դրամը փոխանցվում է սուպերմարկետից առեւտուր անելու համար նախատեսված քարտերին, որոնք տնօրինությունն է բաժանել բոլորին: Իսկ 200 000 դրամ աշխատավարձ ստացողները հարկադրված են 20 000 դրամի առեւտուր անել: Հարկադիր առեւտուրից դժգոհող աշխատակիցներին տնօրինությունն առաջարկել է աշխատանքից ազատվել:
ԱՆԴԱԴԱՐ ՄԱՐՈՒՔՅԱՆ
Վանաձորի թիվ 30 ընտրատարածքից ԱԺ պատգամավոր ընտրված Էդմոն Մարուքյանի՝ 5 տարի անընդմեջ ՀՀ-ում չբնակվելու հարցը շարունակում է մնալ քննարկման առարկա: Կայքերը շարունակում են հիշեցնել, որ նա օրենքի խախտմամբ է պատգամավոր դարձել, եւ Աղվան Հովսեփյանը շուտով պետք է գա նրա հետեւից կալանավորման թույլտվությամբ: Հիշեցնենք, որ 5 տարի անընդմեջ ՀՀ-ում չբնակվելու համար Խաչատուր Սուքիասյանը չգրանցվեց որպես պատգամավորի թեկնածու: