Ռիգայի գագաթաժողովում կհստակեցվի Հայաստան-Եվրամիություն իրավական փաստաթղթի հիմքերը. Նաիրա Զոհրաբյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մայիսի 21-22-ին Ռիգայում տեղի կունենա Արևելյան գործընկերության գագաթաժողովը, որի ընթացքում Հայաստանը և Ադրբեջանը կքննարկեն նաև ղարաբաղյան հակամարտությունը: Armlur.am-ը գագաթաժողովի սպասելիքների շուրջ զրուցեց ԱԺ Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանի հետ:

«Ես կարծում եմ, որ այդ համաժողովում կհստակեցվի Հայաստան-Եվրամիություն ապագա իրավական փաստաթղթի հիմքերը: Ակնհայտ է, որ  Ռիգայում որևէ հիմնարար փաստաթուղթ չի ստորագրվի, միգուցե հռչակագրի կամ հայտարարության նման որևէ դեկլարացիա լինի, որտեղ կամրագրվեն այն հիմնարար օրակարգային կետերը, որոնք այնուհետ պետք է հիմք հանդիսանան առավել համապարփակ իրավական փաստաթղթի համար, որն իր մեջ կներառի թե՛ քաղաքական, թե՛ տնտեսական կոմպոնենտը», – նշեց պատգամավորը:

Նրա խոսքով, վերջին ամիսներին բավական ինտենսիվ բանակցություններ են ընթացել Հայաստան-Եվրամիություն ֆորմատով, որոնք մի ժամանակ կանգ էին առել, սակայն վերջին ամիսներին նաև ոլորտային քննարկումներ են եղել:

‹Ռիգայի գագաթաժողովում մենք կունենանք այն օրակարգային կետերը, որոնք հիմք են հանդիսանալու ապագա շատ ավելի լուրջ համաձայնագրի համար, որովհետև դեռևս մանդատ պետք է լինի` Հայաստանի հետ բանակցություններ սկսելու համար», – հավելեց նա:

Մեր այն հարցին, թե ինչ սպասել Լեռնային Ղարաբաղի հակամարտւթյան  հարցով քննարկումից, Նաիրա Զոհրաբյանը նշեց. «Ես չեմ կարծում, որ այդ հարցում որևէ առաջընթաց կլինի: Իհարկե, հանդիպումները շատ  կարևոր են, քանի  որ դա նշանակում է, թե բանակցությունները շարունակվում են, իսկ դա էլ նշանակում է, որ դեռևս խոսելու  նյութ կա: Բանակցությունների ընդհատումն իր մեջ լրջագույն վտանգներ է  պարունակում, բայց սպասել, որ այդ հարցում լրջագույն փոփոխություններ կլինեն, իհարկե նման բան չի կարող լինել», – նշեց նա:

Նաիրա Զոհրաբյանը հայտնեց, որ մայիսի 25-ին հրավիրված է Ռիգա` մասնակցելու Լատվիայի խորհրդարանի եվրոպական ինտեգրման և արտաքին հարաբերությունների հանձնաժողովի կողմից կազմակերպած լայն քննարկմանը, որը վերաբերելու է գագաթաժողովի արդյունքներին, սակայն այդ օրը նա չի կարող մեկնել Լատվիա, որովհետև Անգլիայում մասնակցելու է պահպանողականների և ռեֆորմիստների նիստին, բայց և նշեց, որ ԱԺ եվրոպական հանձնաժողովի կողմից Ռիգայի քննարկմանը անպայման ներկայացուցիչ կլինի:

Նաիրա Հովհաննիսյան




Լրահոս