ՔՐԵԱԿԱՆ ՆԱԴԱԼՆ ՈՒ ԻՐ ՈՍՏԻԿԱՆՆԵՐԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հետաքրքիր է` ինչի համար են պետբյուջեից գումար ստանում հայրենի իրավապահներն ու ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը: Նրանք լռում կամ պասիվություն են դրսեւորում, երբ խախտվում է սեփականության իրավունքը, եւ կարող է խախտվել մարդկանց առողջության, կյանքի իրավունքը, խոչընդոտվել լրագրողի գործունեությունը` ինչ-որ «կասկածելի» դեմքերի ու նաեւ ոստիկանի կողմից:
Ինչի՞ց սկսվեց պատմությունը: «Ժողովուրդ»-ը քաղաքացի Հրեղեն Խաչատրյանի հետ միասին ուրբաթ օրը գնաց Վարդանանց 5-ա հասցեի այն բնակարանը, որը մոտ 2 տարի առաջ Վահան Նադարյանը՝ «Բոքսի հայաթի Նադալը», վաճառել է տիկին Հրեղենին, սակայն տանից դուրս չի գալիս: Իրավասու պետական այրերից ընդամենը պահանջվում էր օրենքի սահմաններում կազմակերպել վտարման գործընթաց:
Նշենք, որ միայն ԱԻ նախարարության աշխատակիցներն էին ժամանակին տեղ հասել, որոնք պետք է բացեին դռան փականը: ՄԻՊ գրասենյակի արագ արձագանքման խումբն այդպես էլ չեկավ՝ «քնած էին», իսկ ոստիկանները կանգնած էին «թաղի թայֆաբազների» կողքին:
Այն ամենը, ինչ կատարվեց հոկտեմբերի 19-ին՝ վտարման՝ 3 ժամ տեւած, բայց ձախողված գործընթացի ժամանակ, ավելի ամրապնդեց կասկածները, որ տան առքուվաճառքի գործարքի թիկունքում շատ պաշտոնյաներ կան, որոնց «մազոլը» վտարման գործընթացով կարող էր «տրորվել»: Ուստի զարմանալի չէր, որ հակազդեցությունը կարծես քրեական տարրերին բնորոշ ագրեսիայով ուղեկցվեց: Վահան Նադարյանին օգնության էին հասել բակում հավաքված 20-50 տարեկան արական սեռի մոտ 30 ներկայացուցիչներ:
Արդեն մթնշաղին, մինչ տան նոր սեփականատերը սպասում էր ոստիկաններին, որ ազատեին տունը, սեւ «Բրաբուս» եւ արտասահմանյան մակնիշի այլ մեքենաներ մտան բակ ու կանգնեցին: «Բրաբուս»-ով եկածներն իջան մեքենայից եւ «դիրքավորվեցին» Վահան Նադարյանի նախկին տան շքամուտքի մոտ: Որոշ ժամանակ անց, տեսնելով, որ բակում տղաները սկսում են կասկածելիորեն շատանալ, ակտիվանալ եւ կարող են խնդիրներ ստեղծել, փորձեցինք մի քանի լուսանկարներ անել բակի տարածքում: Այդ պահին ոչ ոք չխոսեց, իսկ հետո, երբ «Ֆոլցֆագեն»-ով բակ մտան, հանկարծ մեր կողքին հայտնվեցին երկու ոստիկաններ,  «Բրաբուս»-ով եկածները սկսեցին ագրեսիվ ձեւով հարցնել, թե ինչ իրավունքով ենք լուսանկարում իրենց մեքենան՝ պահանջելով ջնջել: Ցավոք կադրերը տպագրության համար պիտանի չէին ստացվել:
Անսպասելիորեն նույն հարցադրմամբ եւ նույն տոնով մեզ վրա հարձակվեց ոստիկաններից մեկը (որը, ինչպես հետո պարզվեց, Հայկ Ասլանյանն էր) եւ սկսեց գոռգոռալով հետաքրքրվել, թե ով է մեզ ուղարկել, եւ ինչ իրավունք ունենք իրեն աշխատանքի ժամանակ նկարել ու ձայնագրել: Երբ Կենտրոնի ոստիկաններին հարցրեցինք, թե ինչու իրենց գործով չեն զբաղվում, «Բրաբուս»-ից իջածներից մեկը, որը հետո ներկայացավ Արթուր անունով (մյուսը` Վովա), այսպես արձագանքեց. «Իրենց գործով են զբաղվում: Ես եմ դիմել ոստիկանին, որ Դուք ապօրինի նկարահանում եք անում: Դուք կանչել եք ոստիկանին` Ձեր խնդրի հետ կապված, մենք դիմում ենք, որ մեքենաները չնկարեք…»: Փաստորեն, այս ոստիկան Հայկը եկել էր բրաբուսավորներին պաշտպանելու: Նա անվերջ ասում էր. «Մինչեւ այս լրագրողը չգնա, ոչ մի գործողություն չեմ անելու, եղա՞վ…»: Ապա բղավեց. «Գնացե՛ք ստեյից»:
Մյուս ոստիկանը խնդրեց հավաքվածներին մի կողմ քաշվել եւ թույլ տալ, որ միայն գործի հետ առնչություն ունեցող մարդիկ մնան ոստիկանի մոտ` արձանագրություն կազմելու: Այդ պահին ոստիկան Ասլանյանին հավանաբար նրա վերադասը զանգեց, եւ ոստիկանի վերաբերմունքը փոխվեց:
Այդ ընթացքում մի երիտասարդ արձանագրություն կազմող ոստիկանին կոպիտ տոնով հարցրեց. «Բա մյուս կողմին (Վահանին-Է. Մ.) լսե՞լ եք»: Ոստիկանն ասաց. «Լսողը կլսի: Ես հիմա ոչ մեկին չեմ լսում, ես արձանագրություն եմ կազմում, թողեք` աշխատենք: Կարա՞ք սուս մնաք»: Բայց այդ տղան կրկին միջամտեց ոստիկանին. «Պետք եղավ` աչոտ կտաս: Զգուշացրե՞լ ես մարդկանց իրավունքների մասին: Քեզ հարց եմ տալիս…»:
Ի վերջո, այդպես էլ չվտարեցին Վ. Նադարյանին, բայց հետաքրքիրն այն էր, որ նրան ճանաչողները վտարման գործընթացը միմյանց այսպես էին ներկայացնում` «նալյոտ ա Վահանենց տան վրա»: Այսինքն՝ «նալյոտչիկներն էլ» նոր տանտերերն էին, ոստիկանները, ԱԻՆ աշխատակիցներն ու լրագրողները, որոնցից ընկերները պաշտպանում էին Վահանին: Մինչդեռ դրա կարիքը չկար. Նադալն առանց այն էլ պաշտպանված է որոշ բարձրաստիճան ոստիկանների եւ Կենտրոնի դատախազ Գագիկ Խաչիկյանի կողմից: Իսկ Նադալի տունը բարեխղճորեն ձեռք բերած տանտերն էլ փակ հեռախոսահամարներից սպառնալիքներ է ստանում, թե չբողոքես, լավ չի լինի:
Հետաքրքիր է՝ կա՞ այս երկրում իրավապահ մարմին: Ինչո՞ւ են մարդուն սպառնում իր սեփական տուն մտնելու համար, եւ ինչո՞ւ են պետական որոշ մարմինների ներկայացուցիչներ շահագրգռված սեփականատիրոջը` իր տուն մտնելուն խոչընդոտելու մեջ: Եթե այս հարցերը չառաջանային, մենք երեւի թե վաղուց եզրափակած կլինեինք «Ժողովուրդ» օրաթերթի էջերում շուրջ մեկ ամիս շրջանառվող այս թեման: Բայց այս ագրեսիան հուշում է, որ մենք կարող ենք գործ ունենալ կազմակերպված հանցավորության հետ:
Հիշեցնենք, որ բնակարանը գնել է Հրեղեն Խաչատրյանը, նոտարական գրասենյակում առքուվաճառքի պայմանագիրը օրինական կարգով ստորագրել են Նադալն ու նրա եղբայրը: Ստացված գումարը տվել են Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Տիգրան Պետրոսյանի որդուն՝ Շահենին, որն էլ «գումարն առել ու թռել է»: Եւ որպեսզի իր տանից դուրս չգա, Նադալը գնացել ու դատախազությանը դիմում է գրել, թե Հրեղենի որդին իրեն տոկոսով գումար է տվել, որն ինքը վերցրել ու տվել է Շահենին: Իսկ Կենտրոնի դատախազ Գագիկ Խաչիկյանն էլ առանց հանգամանքները պարզելու, ոչ թե վերցրել ու մեղադրանք է առաջադրել վաշխառության հատկանիշներով, այլ դատավորի որդու անունը հանելով պատմությունից՝ կասեցման որոշում է կայացրել՝ գործն ուղարկելով դատական ճանապարհով լուծման: Այսինքն՝ «գառը տվել է գայլին ի պահ»: Ահա թե ինչ հանցախումբ է գործում մեր երկրում:

ԷԼՄԻՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ




Լրահոս