Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված հայկական տուֆից պատրաստված խաչքար է կանգնեցվել Գերմանիայի Սաքսոնիա Անհալթ վարչական շրջանի Հալլե քաղաքում:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է «Հայ թերթ»-ը: Պաշտոնական բացումը տեղի է ունեցել խաչքարի օրհնության և օծման արարողություններով, որոնց մասնակցել են Գերմանիայի հայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Գարեգին արքեպիսկոպոս Բեքչյանը, Սաքսոնիա Անհալթ երկրամասի Միջեկեղեցական համագործակցության նախագահ Յուրգեն Տիթրիխը, Գերմանիայում ՀՀ գործերի ժամանակավոր հավատարմատար Աշոտ Սմբատյանը, Հալլեի քաղաքապետ Բերնդ Վիգանդը և այլոք:
Արարողությանը ելույթ է ունեցել քաղաքի կանանց երգչախումբը: