«Ի՞նչ է նշանակում նախարարության ներկայացուցիչ, մենք արդեն նախարար չենք տեսնում». Հրանտ Բագրատյանը դժգոհեց (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱԺ Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովը կազմակերպել էր խորհրդարանական լսումներ, որի օրակարգում մի քանի հարցեր էին ընդգրկված: Օրակարգը ներկայացնելուց զատ հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանը նշեց, որ Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի հետ համատեղ «Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանցքի» ծրագրի իրականացման ընթացքի վերաբերյալ խորհրդարանական լսումներ են կազմակերպվելու:

ՀԱԿ խմբակցության պատգամավոր Հրանտ Բագրատյանն իր մտահոգությունը բարձրացրեց, և նշեց, թե երկար ժամանակ է, ինչ հանձնաժողովների նիստերում նախարարներ ներկա չեն լինում:

«Արդեն մենք նախարար չենք տեսնում, կարևորագույն հարցերին նախարարներ չեն գալիս, այլ ներկայացուցիչ է գալիս: Ես չեմ տեսնում այս հարցի քննարկումն առանց տրանսպորտի և կապի նախարարի», – նշեց նա: Հրանտ Բագրատյանը ընդգծեց, որ փոխնախարարների կամ այլ պաշտոնատար անձանց առկայության դեպքում հարցերի պատասխաններն ամբողջական չեն տրվում:

Հրանտ Բագրատյանի մտահոգությանն արձագանքեց հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանը, ընդգծելով` ավելի կարևոր է, որ ներկա լինեն խնդրին ավելի մոտ կանգնած պաշտոնյաները: «Շատ ավելի կարևոր է այն մարդու ներկայությունը, ով ավելի մոտ է կանգնած խնդրին, ավելի տեղյակ է: Միշտ չէ, որ բարձրագույն պաշտոնատար անձը տեղյակ է մանրամասնություններին, իհարկե, ճիշտ կլիներ, որ այդպես լիներ, բայց այդպես չէ», – ընդգծեց նա:

Հրանտ Բագրատյանն էլ ընդգծեց, որ այսօր լուրջ խնդիրներ են առկա: «Խնդրեմ` թող նախարարը գա` իր ամբողջ թիմով: Բայց մենք Ազգային ժողովի պլանկան իջացնում ենք: Ազգային ժողովն աշխատում է կառավարության հետ, ես պահանջում եմ, որ առաջին դեմքերը գան: Մենք տեսնում ենք փոխնախարար, բաժնի վարիչ և այլն», – հավելեց նա:

Այս հարցին անդրադարձավ նաև ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սամվել Նիկոյանը, ով նշեց, թե համաձայն է ընդդիմադիր պատգամավորի դիտարկումների հետ և հույս հայտնեց, որ հարցը բարձրացնելուց հետո այն կլուծվի:

Մանրամասները` տեսանյութում




Լրահոս