ՀՀ բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանն ընդունել է գերմանական KfW բանկի տարածաշրջանային տնօրեն Եվա Վիթթի գլխավորած պատվիրակությանը:
Ողջունելով հյուրերին` Արամայիս Գրիգորյանը բարձր է գնահատելով KfW բանկի գործունեությունը տարածաշրջանում եւ մասնավորապես Հայաստանում: Օգտվելով առիթից` բնապահպանության նախարարն իր շնորհակալությունն է հայտնել Գերմանիայի կառավարությանը Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի շրջանակներում ցուցաբերած քաղաքական կամքի եւ պատմական արդարության վերականգնմանն ուղղված վճռականության համար:
Անդրադառնալով մեր երկրի բնապահպանության ոլորտում KfW-ի հետ իրականացվող ծրագրերին` Արամայիս Գրիգորյանը մասնավորապես նշել է. «ՀՀ բնապահպանության նախարարությունը բարձր է գնահատում բանկի հետ ակտիվ եւ հաջողված համագործակցության երկարամյա փորձը եւ շոշափելի հաջողությունները հատկապես Կովկասի կենսաբազմազանության պահպանության աջակցությանն ուղղված ծրագրերում»:
Տարածաշրջանային տնօրեն Եվա Վիթթը, իր հերթին շնորհակալություն հայտնելով սերտ համագործակցության եւ դրական գնահատականի համար, անդրադարձել է «Հայաստանի Ջավախքի սարահարթում պահպանվող տարածքների ստեղծում» եւ «Հայաստանում պահպանվող տարածքների աջակցություն» ծրագրերին: Քննարկվել են նաեւ ծրագրերի իրականացման ընթացիկ հարցերը:
Անդրադառնալով Զանգեզուր կենսոլորտային համալիրի խնդրին` Արամայիս Գրիգորյանը նշել է. «Պահպանվող տարածքների համալիր կառավարման փորձը Հայաստանում թեեւ նոր է, այնուամենայնիվ, մենք էական առաջընթաց ունենք այս ոլորտում եւ կարող ենք ասել, որ Զանգեզուր կենսոլորտային համալիրը, որպես այդպիսին, արդեն կայացած կառույց է»: Կարեւորելով Հայաստանի հարուստ կենսաբազմազանության պահպանության անհրաժեշտությունը` Արամայիս Գրիգորյանը տեղեկացրել է նաեւ, որ մեկնարկել են «Տաթեւ» ազգային պարկի ստեղծման աշխատանքները, որը կապահովի տարածքի էկոհամակարգերի եւ հարուստ կենսաբազմազանության պահպանությունը։ Ծրագրերի շրջանակում կիրականցվեն նաեւ աշխատանքներ «Սատանի կամուրջ» բնության հուշարձանի բարեկարգման եւ կառավարման բարելավման ուղղությամբ։
Կողմերն անդրադարձել են նաեւ ՀՀ ջրային ռեսուրսների արդյունավետ կառավարման եւ խնայողության խնդիրներին: Խոսելով Կապսի ջրամբարի վերակառուցման ծրագրի մասին` Եվա Վիթթը նշել է, որ այն բավականին լուրջ եւ կառավարության տարբեր գերատեսչությունների համակարգված աշխատանք պահանջող գործընթաց է եւ ակնկալում է բոլոր կողմերի ակտիվ գործունեությունը: Այս կապակցությամբ Արամայիս Գրիգորյանը նշել է, որ թեեւ ջրամբարաշինության եւ ոռոգման խնդիրները ՀՀ ԲՆ ենթակայությունից դուրս են, այնուամենայնիվ, Բնապահպանության նախարարությունը պատրաստ է իր ունեցած լիազորությունների շրջանակներում եւ մասնագիտական ռեսուրսներով աջակցություն ցուցաբերել ջրային ռեսուրսների արդյունավետ կառավարման գործընթացին:
Կողմերն անդրադարձել են նաեւ նոր ծրագրերի շուրջ համագործակցության հեռանկարներին եւ այդ ուղղությամբ ակտիվ աշխատանքներ տանելու պատրաստակամություն հայտնել: