Արմավիրում 45-ամյա կնոջը դանակահարողը նրա քաղաքացիական ամուսինն է եղել. նոր մանրամասներ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Armlur.am-ն արդեն հայտնել էր, որ այսօր առավոտյան դանակահարության դեպք է գրանցվել Արմավիրի մարզի Լուսագյուղ համայնքում: Մեզ հասած տեղեկությունների համաձայն` դանակահարվողը 45-ամյա Մարիամ Ներսիսյանն է, ով այս պահին գտնվում է «Վաղարշապատ» բժշկական կենտրոնում: ԲԿ-ից Armlur.am-ին հայտնեցին, որ կնոջ վիճակը կայուն բավարար է, նա կարողանում է խոսել, ինքնազգացողությունը լավ է:

Լուսագյուղ համայնքի ղեկավար Սարիբեկ Կարապետյանը մեզ հայտնեց, որ կնոջ դանակահարության մեջ հիմնական կասկածյալը նրա քաղաքացիական ամուսինն է՝ Ռոբերտ Մարկարյանը, ով նախկինում մի քանի անգամ տարբեր հանցանքներ կատարելու մեղադրանքով ազատազրկվել է. «Ես դեպքի վայր եմ հասել այն ժամանակ, երբ տուժողին արդեն տեղափոխում էին հիվանդանոց, իսկ ամուսինը խմած-քնած էր իրենց դոմիկում: Նրանք ամուսիններ էլ չեն, պարզապես միասին են ապրում, մի անչափահաս աղջիկ երեխա էլ ունեն: Նրանք վերջերս են տեղափոխվել մեր գյուղ, այստեղ հող են գնել, մշակում են»:

Նշենք, որ լուսագյուղցիների շրջանում խոսում են, որ այս ընտանիքը մշտապես առանձնացել է իր վատ վարքի դրսևորմամբ, մշտական կռիվ-վեճերով՝ թե´ հարևանների հետ, թե´ միմյանց: Հարևաններն անգամ ասում են, որ պարբերաբար ահազանգել են իրավապահներին, քանի որ այդ ընտանիքի վարքագծի պատճառով իրենց անդորրը խախտվում էր:

Ոստիկանության լրատվական բաժնից Armlur.am-ին հայտնեցին, որ դեպքի հանգամանքները պարզվում են, կատարվում է քննություն:




Լրահոս