ԽԱՉԱՏՐՅԱՆԻ ՈՐԴԻՆ ԱՆՀԵՏԱՑԵԼ Է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ իրավապահները չեն կարողանում գտնել Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանի որդուն, որպեսզի հարցաքննեն մայիսի 2-ին Գորիս քաղաքում տեղի ունեցած միջադեպի գործով: Ասել է թե՝ մարզպետի տղան՝ Տիգրան Խաչատրյանը, փախուստի է դիմել: Հիշեցնենք, որ Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանի տղան, ի թիվս այլ երիտասարդների, Սդղի գյոլ կոչվող հատվածում վիճել էր Գորիս քաղաքի բնակիչ Հարութ Զաքարյանի հետ, ինչից հետո վերջինս կանգնած է տեսողությունը կորցնելու վտանգի առաջ: Մենք արդեն տեղեկացրել էինք, որ մայիսի 7-ին ՀՀ քննչական կոմիտեն ծանուցագիր էր ուղարկել այս գործով անցնող բոլոր կողմերին՝ պահանջելով ներկայանալ ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզի վարչություն՝ հարցաքննության: Երեկ տեղեկացանք, որ մի շարք մարդիկ հարցաքննվել են: Ավելին՝ պարզեցինք, որ հարցաքննվածների մեջ է եղել նաեւ տուժող տղայի մայրը: Սակայն Տիգրան Խաչատրյանն այդպես էլ հարցաքննության չի ներկայացել: Եւ մինչ իրավապահները փնտրում են մարզպետ Խաչատրյանի որդուն, մարզպետը Երկրապահի օրվա առթիվ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում պատարագի էր մասնակցում: Ու երբ լրագրողները փորձել էին որդու հետ կապված միջադեպի մասին մեկնաբանություն ստանալ, մարզպետը պատասխանել էր. «Հոգնել եմ, չեմ ուզում ձեզ լսել, չեմ ուզում ձեզ տեսնել, ոչինչ չունեմ ասելու»: Դե, իհարկե, երիտասարդի աչքը կուրանում է, որդին խուսափում է քննությունից, իսկ Սուրեն Խաչատրյանը դեռ հոգնածության նշաններ է դրսեւորում:

 

 

 

«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ առաջիկայում ՀՀ-ում լուրջ իրադարձություններ են սպասվում խոշոր գործարարների շուրջ: Բանն այն է, որ Սերժ Սարգսյանին այդպես էլ չի հաջողվել ԱՄՆ-ում ապրող հայ համայնքի ներկայացուցիչներին համոզել ՀՀ-ի տնտեսության զարգացման համար անհրաժեշտ քանակի գումարներ ներդնել, ինչի համար ՀՀ-ի պետական բյուջեն լցնելու միակ տարբերակը մնում է հայ գործարարներից գումարներ «պոկելու» տարբերակը: Ուստի առաջիկայում հայաստանյան օլիգարխներին պատկանող օբյեկտներում ստուգումներ են իրականացվելու, որոնք ավարտվելու են խոշոր տուգանքներով, ինչպես դա եղավ ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Աշոտ Աղաբաբյանի՝ Բուռնաշի դեպքում: Հիշեցնենք, որ դեռեւս մարտին ՀՀ ֆինանսների նախարարությունը ստուգեց Ա. Աղաբաբյանին պատկանող «Հրազդան» տոնավաճառի գործունեությունը եւ 60 մլն դրամի չափով տուգանեց: Առաջիկայում առավել խոշոր տուգանքների կենթարկվեն ՀՀԿ-ական մի շարք գործարարներ եւս, որպեսզի ՀՀ պետական բյուջեն փող «լցվի»: Ինչպես ասում են՝ համակարգը խժռելու է իր զավակներին:

 

 

 

 

ՀՀ նախագահի վերահսկողական ծառայության պետ Հովհաննես Հովսեփյանը, պարզվում է, որ վերահսկողական գործառույթներ իրականացնելուն զուգահեռ սահուն հարստանում է: Ըստ նրա կողմից ներկայացված պաշտոնական հայտարարագրի՝ Հովսեփյանի դրամական միջոցները 2014 թվականի վերջին կազմել են 180 մլն դրամ եւ 3 մլն 435 հազար դոլար: Իսկ որտեղի՞ց նրան այսքան մեծ գումար: Ի վերջո, Հովսեփյանը իր գիտակից տարիքում զբաղեցրել է բացառապես պետական պաշտոններ, որը անհամատեղելի է բիզնես գործունեության հետ: Պարզվում է՝ նա շրջապատված է «բարի ծերուկներով», որոնք մշտապես ահռելի թվով նվերներ են մատուցում գլխավոր վերահսկիչին: Ըստ պաշտոնական փաստաթղթի՝ Հովսեփյանը չորս տեղից նվիրատվություն է ստացել, որի ընդհանուր արժեքը կազմել է 600 հազար դոլար, իսկ նրա աշխատավարձը տարեկան ընդամենը 5 մլն 984 հազար դրամ է: Բացի այս՝ նա նաեւ վարձակալության դիմաց է գումար ստացել, որը կազմել է 9 մլն 720 հազար դրամ: Այսպիսով, պաշտոնյայի եկամուտները նախորդ տարվա վերջին կազմել են 15 մլն 704 հազար 422 դրամ:

 

 
Թեեւ մայրաքաղաք Երեւանի վերելակների հիմնական մասը վաղուց ապրել է իր դարը, այնուամենայնիվ, դրանք հին սարքավորումներով շարունակում են աշխատել մինչ օրս՝ նույնիսկ որոշ դեպքերում առանց համապատասխան թույլտվության: «Ժողովուրդ» օրաթերթը չի դադարում այս մասին դժգոհություններ ստանալ քաղաքացիներից: Այս անգամ էլ ՀՀ Կառավարության 3-րդ մասնաշենքում տեղակայված նախարարությունների աշխատակիցներն են դժգոհում վերջերս տեղադրված նոր վերելակներից: Բանն այն է, որ 3 նոր վերելակներից մեկը հաճախ չի աշխատում, իսկ երկու աշխատող վերելակներով ամեն անգամ բարձրանալիս եւ իջնելիս աշխատակիցները ձայներ են լսում, երբեմն էլ արգելակվում է: Խնդրի առնչությամբ «Ժողովուրդ»-ին ՀՀ Կառավարությունից փոխանցեցին, որ 3-րդ մասնաշենքի 3 վերելակներն էլ նախորդ տարվա վերջին են տեղադրվել, եւ որեւէ խնդիր չկա: Սակայն նախարարությունների աշխատակիցները հակառակն են պնդում: Իսկ թե որքան գումար է ծախսվել 3 նոր վերելակ տեղադրելու համար, Կառավարությունից հրաժարվեցին հայտնել՝ պահանջելով հարցը գրավոր ուղարկել:

 

 

 

 
ԲԱՐԱԹԸ` ՁԵՌՔԻՆ

Վաշինգտոնից ուղիղ Մոսկվա աճապարած Սերժ Սարգսյանը, չնայած կտրած երկար ճանապարհին, երեկ բավականին առույգ էր եւ նկատելի մասնակցություն ունեցավ եվրասիական բարձրագույն խորհրդի նիստում: Իր ելույթում Ս. Սարգսյանը չխնայեց գովեստի խոսքերը եւ հակառակ ԵՏՄ իր որոշ գործընկերների՝ դժգոհության կամ անբավարարվածության ակնարկ անգամ չարեց: «ԵՏՄ գործունեության շրջանում կատարվել է մեծ աշխատանք: Համարում ենք, որ այսօր անհրաժեշտ է չթուլացնել հավաքած տեմպը, չի կարելի բավարարվել ձեռք բերածով, անհրաժեշտ է կառուցել հեռանկարային ծրագրեր»,-ոգեւորված հայտարարեց Ս. Սարգսյանը: Թե կոնկրետ ինչ ձեռքբերումներ նա նկատի ուներ, դժվար է ասել: Գոնե Հայաստանի համար այդպիսիք, այսօրվա դրությամբ, բացակայում են: Փոխարենը ԵՏՄ-ին անդամակցությունից հետո Հայաստանում արձանագրվել է ներմուծման եւ, հատկապես, արտահանման տեմպերի կատաստրոֆիկ անկում, տրանսֆերտների կիսով չափ կրճատում եւ այդ ամենի արդյունքում` գնողունակության աննախադեպ նվազում: Եվ Սերժ Սարգսյանին այդ ամենը քաջ հայտնի է: Այլ խնդիր է, որ Ռուսաստանին պատժամիջոցների բեռի տակ պահող երկրի` ԱՄՆ-ի հետ ժամեր առաջ առեւտրի եւ ներդրումների շրջանակային համաձայնագիր ստորագրած Ս. Սարգսյանը պարտադրված էր ԵՏՄ-ի երեկվա նիստում խոսել հնարավորինս ոգեւորված եւ շահագրգիռ:
«ԵՏՄ-ն դառնում է առեւտրատնտեսական լուրջ միավոր, որը գրավում է շատ երկրների հետաքրքրությունը Լատինական Ամերիկայից մինչեւ Ասիա: Տարբեր երկրների հետ առեւտրատնտեսական կապերի զարգացմանն ուղղված քայլերը եւ նրանց հետ համագործակցության մասին համաձայնագրերի ստորագրումը նպաստում են մեր ընդհանուր շուկայի ընդլայնմանը»,-հայտարարեց Ս. Սարգսյանը, այդպիսով, փաստորեն, անուղղակիորեն նաեւ հավանություն տալով առաջիկայում Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ ԵՏՄ համագործակցության ծրագրերին, ինչի մասին երեկ հայտարարեց Ղազախստանի նախագահ Ն. Նազարբաեւը:
Սարգսյանն, իհարկե, հիշատակեց այլ պետությունների` Իրանի եւ Չինաստանի հետ ԵՏՄ համագործակցության ընդլայնման անհրաժեշտության մասին, սակայն եթե սկզբունքորեն կարեւորվում է «ԵՏՄ հետ համագործակցության աշխարհագրական արեալի ընդլայնումը», ինչի մասին նշեց Սարգսյանը, ապա կոնկրետ երկրների հետ ունեցած քաղաքական անհամաձայնությունները բացառապես տնտեսական շահերի սպասարկմանը կոչված միությունում դժվար թե հնարավոր լինի առաջիկայում օգտագործել որպես փաստարկ: Եվ այս համատեքստում կարելի է մտածել, որ կա՛մ Սերժ Սարգսյանն իսպառ չի հավատում ԵՏՄ-ի ապագային եւ այդ պատճառով իմաստ չի տեսնում ընդդիմանալու Թուրքիայի եւ Ադրբեջանի հնարավոր անդամակցությանը, կա՛մ էլ նա արդեն այսօրվանից գիտակցում է, որ այդ գործընթացին հակազդելու զրոյական ռեսուրս ունի եւ գերադասում է դեմ չգնալ ընդհանուր հոսանքին` մտածելով դրանից հնարավոր օգուտներ քաղելու մասին:




Լրահոս