ԲՀԿ-ԻՑ ՔԱՇՎԱԾՆԵՐՆ ԻՐԵՆՑ ԴԵՌ ԱՊԱՍՏԱՆ ԵՆ ՓՆՏՐՈՒՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այս տարվա փետրվարին, երբ Սերժ Սարգսյանը ի ցույց դրեց իր պաշտոնավարման երկու ժամկետներում ամենաընդգծված բարկությունը, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը մեկ գիշերում մնաց խաղից դուրս: Եւ մինչեւ հիմա աննախանձելի վիճակում են գտնվում նրա թիմակիցները:

Հայաստանի օլիմպիական կոմիտեի նախագահ Գագիկ Ծառուկյանը, երբ մտավ ակտիվ քաղաքականություն, իսկապես հաջողացրեց հզոր թիմ հավաքել իր կողքին: Իսկ ինչպե՞ս դա տեղի ունեցավ:
Քանի որ Ծառուկյանն ինքը գործող իշխանության մի մասնիկն էր, շատ լավ տեղեկացված էր, թե ինչ է տեղի ունենում իշխանական կուլիսներում: Իսկ այնտեղ հաճախ շատ մարդիկ հայտնվում էին լուսանցքում, ամենատարբեր պատճառներով նեղանում էին ՀՀԿ-ից ու առաջնորդ Սերժ Սարգսյանից: Եւ, ահա, այդ ժամանակ հայտնվում էր Գագիկ Ծառուկյանն ու առաջարկում «չնեղվել»՝ «կոտրված» մարդկանց իր շուրջը համախմբելով: Այդ իրավիճակի արդյունքում Ծառուկյանի շուրջ պատկառելի թիմ հավաքվեց: Նրա կողքին կանգնեցին այնպիսի մարդիկ, ինչպիսիք էին ՀՀ ոստիկանության ներքին զորքերի նախկին հրամանատար Գրիգոր Գրիգորյանը՝ Շերիֆը (նա հիմա արտերկրում բուժվում է), որին Ծառուկյանը պատգամավոր դարձրեց, ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար Գագիկ Մելքոնյանը, որը պաշտոնանկ եղավ 2008-ին՝ Լեւոն Տեր-Պետրոսյանի հետ համագործակցելու համար, ԱԺ պատգամավոր Աբրահամ Մանուկյանը, որը Սերժ Սարգսյանի եղբոր մտերիմն էր, սակայն ինչ-որ պահից խնդիրներ ունեցավ եւ ապաստան գտավ Ծառուկյանի «թեւի տակ»: ՀՀ ճանապարհային նախկին ոստիկանապետ Մարգար Օհանյանը եւս, երբ ինչ-որ բան Սերժ Սարգսյանից թաքցնելու կամ ստելու համար հնարովի մեղադրանքով հայտնվեց ճաղերի հետեւում, տեղավորվել էր Ծառուկյանի թիմ: ԲՀԿ-ական դարձավ նաեւ ԱԺ ամենահին պատգամավորներից Նապոլեոն Ազիզյանը: Ծառուկյանի հետ համագործակցելով՝ մարզային կառույցի ղեկավարումն իր ձեռքը վերցրեց նաեւ Մարտուն Գրիգորյանը, որը ՀՀԿ-ից նեղացած էր Վարդան Ղուկասյանի հետ անընդհատ ընդհարումների պատճառով: Եւ այսպես ԲՀԿ ողջ խմբակցությունը, որ հավաքված էր Ծառուկյանի շուրջ եւ, թեկուզ անհասկանալի, բայց ինչ-որ գործունեություն էր ծավալում:
Եւ, ահա, եկավ մի օր, երբ կուսակցության լիդերը չափից ավելի անպատասխանատու գտնվեց՝ պահ անգամ չմտահոգվելով իրեն շրջապատող մարդկանց ճակատագրով, պարզապես լքեց «խրամատը»՝ նրանց թողնելով բախտի քմահաճույքին: Այսօրվա դրությամբ 16 պատգամավորներ դուրս են եկել «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունից, իսկ մնացած 20 պատգամավորները թեեւ ֆորմալ առումով շարունակում են կուսակցական մնալ, սակայն իրականում ԲՀԿ-ի կազմում գործունեություն են ծավալում 7-8 հոգին միայն: Եւ պետք է արձանագրել, որ այսօր նախկին ու ներկա ԲՀԿ-ականների մեծ մասը ուղիներ է փնտրում՝ գործող իշխանության հետ հարաբերությունները կարգավորելու համար:
Օրինակ՝ ազատամարտիկ պատգամավորներ Ռուբեն Գեւորգյանն ու Ռուստամ Գասպարյանն այնքան էին լարվել ՀՀԿ-ի դեմ, որ վերջնագրերով էին խոսում գործող ռեժիմի հետ: Բայց այսօր նրանք կրկին ռեբիլիտացիայի խնդիր ունեն, որպեսզի չմնան խաղից դուրս վիճակում: Թեեւ արդեն կարելի է վստահ պնդել, որ ԲՀԿ խմբակցության կեսից շատը հաջորդ ԱԺ-ում չեն լինելու: Իսկ ինչքանո՞վ կհաջողվի ԲՀԿ-ից «քցվածներին» ինչ-որ դերակատարություն ունենալ քաղաքական, առավել եւս՝ իշխանական դաշտում, ցույց կտա ժամանակը:
Մեզ մնում է արձանագրել, որ այսօր, առավել քան երբեւէ, քաղաքական դաշտում «անտերների» թիվը ահռելի մեծ է, եւ կհաղթի այն ուժը, ով կկարողանա ճիշտ ժամանակին կոնսոլիդացիա ապահովել: Ի վերջո, Ծառուկյանի ուժը հենց այդտեղ էր, որը նա չգնահատեց ու հեռացավ «տաք երկրներ»:

ԱՆԻ ՍՏԵՓԱՆՅԱՆ

 

 
ԷԼԻՏԱՆ ԱՐՑԱԽՈՒՄ
Երեկ Շուշիի ազատագրման օրվա առիթով Արցախում էին գտնվում ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, իսկ ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանն ու ԼՂՀ վարչապետ Արայիկ Հարությունյանը նրանց ուղեկցում էին: Տոնական միջոցառումներին ներկա է գտնվել նաեւ ԼՂՀ նախկին նախագահ Արկադի Ղուկասյանը: Երեկ մեզ մինչ օրվա վերջ այդպես էլ չհաջողվեց պարզել՝ Ռ. Քոչարյանն ու Հ. Աբրահամյանը հանդիպե՞լ են միմյանց առանձին ձեւաչափով, թե՞ ոչ: Տեղեկացնենք, որ ՀՀ վարչապետն այսօր կլինի Հայաստանում եւ կմասնակցի պետական բոլոր միջոցառումներին:

 

ԹԱՆԿԱՑՆՈՒՄ ԵՆ
«Ժողովուրդ»-ը ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի պաշտոնական կայքէջից տեղեկացավ, որ էլեկտրաէներգետիկական համակարգի 5 խոշոր արտադրող կայանները դիմել են հանձնաժողով՝ սակագների վերանայման հայտերով: «Հայկական ատոմային էլեկտրակայան», «Միջազգային էներգետիկ կորպորացիա», «Երեւանի ջերմաէլեկտրակենտրոն», «Հրազդանի էներգետիկ կազմակերպություն (ՀրազՋԷԿ)», «ԳԱԶՊՐՈՄ ԱՐՄԵՆԻԱ»-ի «Հրազդան-5» կայան, «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ՓԲԸ, «Հաշվարկային կենտրոն» ՓԲԸ-ները ստացել են սակագների վերանայման հայտերի փաթեթները: Հանձնաժողովն արդեն սկսել է հայտերի ուսումնասիրության գործընթացը: «Միջազգային էներգետիկ կորպորացիա» ՓԲԸ-ն առաջարկում է գործող մոտ 2 դրամ կվտ/ժ սակագինը դարձնել մոտ 5 դրամ: Մեկ դրամով թանկացնում է «Բարձրավոլտ էլեկտրացանցերը», 2 դրամով` «ԳԱԶՊՐՈՄ ԱՐՄԵՆԻԱ»-ի «Հրազդան-5» կայանը, 8 դրամով` «Երեւանի ջերմաէլեկտրակենտրոն» ՓԲԸ-ն, իսկ «Հայկական ատոմային էլեկտրակայան»-ը իր առաջարկով սակագինը բարձրացնում է 3 դրամով:
Հիշեցնենք, որ ՀԷՑ-ը երեկ հայտարարեց, որ դիմելու է հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով` առաջարկելով սպառողներին մատակարարվող 1 կվտ/ժ էլեկտրաէներգիայի ցերեկային սակագինը սահմանել 58 դրամ 93 լումա, իսկ գիշերային սակագինը` 48 դրամ 93 լումա: Մինչդեռ գործող սակագներով 1կվտ/ժ էլեկտրաէներգիայի ցերեկային սակագինը 41 դրամ 85 լումա է, իսկ գիշերայինը` 31 դրամ 85 լումա:

 

ԻՆՍՏԻՏՈՒՏԸ ՏՈՒԳԱՆՎԵՑ
Գիտությունների ազգային ակադեմիայի ֆիզիկայի կիրառական պրոբլեմների ինստիտուտը հայտնվել է ֆինանսների նախարարության ուշադրության կենտրոնում: «Ժողովուրդ»-ը պարզեց, որ 2015թ փետրվարի 10-ին ֆիզիկայի կիրառական պրոբլեմների ինստիտուտ ՊՈԱԿ-ի անունով ինչ-որ ապրանքներ են ներմուծվել Հայաստան, սակայն անհրաժեշտ ժամանակահատվածում հայտարարագիր չեն ներկայացրել մաքսային մարմին, ինչի համար ինստիտուտի անունով ապրանքներ ներկայացրած Վահրամ Ղազարյանը տուգանվել է 50.000 դրամի չափով:

 

ՇՆՈՐՀԱՎՈՐ
Այսօր՝ մայիսի 9-ին, Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի 70-ամյակի օրը, լույս տեսավ «Ժողովուրդ» օրաթերթի 1000-րդ համարը: Շնորհավորում ենք մեր ընթերցողներին եւ անձնակազմին՝ ցանկանալով բուռն գործունեություն:

 

 
ՕՐՎԱ ԽՃԱՆԿԱՐ

ՓՈՂ ԵՎ ՃԱՆԱՉՈՒՄ
ԱՄՆ հայ համայնքի հետ հանդիպման ընթացքում ունեցած իր ելույթում, անդրադառնալով ԼՂՀ հարցի կարգավորմանը, Ս. Սարգսյանն ասել է. «Հայաստանի դիրքորոշումը եղել եւ մնում է միջազգային իրավունքի սկզբունքների հիման վրա խնդրի խաղաղ կարգավորումը: Ես շատ ուրախ եմ, որ Արցախի պետականաշինության գործին արդեն սատարել են ԱՄՆ հինգ նահանգներ, եւ սա ամբողջովին ձեր աշխատանքի արդյունքն է: Շնորհակալ եմ ձեզ դրա համար»: Սարգսյանը խոսել է նաեւ ՀՀ տնտեսական զարգացման հեռանկարների մասին` ասելով.«Մեր հաջորդ նպատակն է Հայաստանը տնտեսապես կայուն, զարգացող, դիվերսիֆիկացված ու ներդրումների համար գրավիչ երկիր դարձնելը: Հայաստանում տարեցտարի մեծանում է նաեւ ամերիկյան գործարարության ներկայությունը, եւ այժմ մեր երկրում գործում են ամերիկյան կապիտալով 400-ից ավելի ընկերություններ, իսկ այս տարի, կարծում եմ՝ հաշված օրերի ընթացքում, հայկական շուկայում կսկսի գործել ամերիկյան «Կոնտուր Գլոբալ» ընկերությունը՝ իր 250 մլն ԱՄՆ դոլարի հասնող ներդրումային կապիտալով, որը Հայաստանի Հանրապետության պատմության ընթացքում ամենախոշոր ամերիկյան ներդրումն է: Ես հորդորում եմ բոլոր հայերին, որպեսզի շարունակեն ակտիվորեն ներգրավվել Հայաստանի Հանրապետության պետականաշինության գործին: Նախկինում մեր խնդիրն էր բարեգործությունից անցնել փոխադարձ շահութաբեր գործընկերության: Այսօր արդեն մեր խնդիրն է ընդլայնել այդ գործընկերությունը, հատկապես, որ ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցությունը նոր հնարավորություններ է բացում այսպիսի գործունեության համար»:

 

ՊՐԻՄԻՏԻՎ PR
ՀՀ ՊՆ հաղորդմամբ` ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի հրավերով ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը պատվավոր հյուրի կարգավիճակով կմասնակցի ս.թ. մայիսի 9-ին Մոսկվայի Կարմիր հրապարակում կայանալիք Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 70-րդ տարեդարձին նվիրված զորահանդեսին: Նշենք, որ Սեյրան Օհանյանից բացի՝ Շոյգուն հրավիրել է եւս 25 երկրների պաշտպանության նախարարների, մինչդեռ ՀՀ ՊՆ հաղորդագրությունից այնպիսի տպավորություն է ստեղծվում, թե առանձնահատուկ հենց Ս. Օհանյանին են միայն հրավեր արել:

 

ԻՐԱՐ ԸՆԴՈՒՆԵԼ ԵՆ
ԼՂ նախագահ Բակո Սահակյանը մայիսի 8-ին ընդունել է ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանին: Քննարկվել են հայկական երկու պետությունների տնտեսական համագործակցությանը վերաբերող մի շարք հարցեր: Հատուկ ուշադրություն է դարձվել հեռանկարային ծրագրերի իրականացմանը:

 

ՀԱՆԴԻՊԵԼ ԵՆ
Երեկ տեղի է ունեցել ԱՊՀ երկրների ղեկավարների ոչ պաշտոնական հանդիպումը` նվիրված Հայրենական մեծ պատերազմի հաղթանակին:

 

ԲԱ Ի՞ՆՉ ԵՔ
ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը, պատասխանելով հարցին, թե, ի վերջո, ՀԱԿ-ը երբ կսկսի հանրահավաքային պայքարը, ասել է, թե իրենք շատ լավ հասկանում են, որ «ատելի ռեժիմից» հնարավոր է ազատվել միայն մեկ դեպքում, եթե ժողովուրդը հարյուր-հազարներով դուրս գա փողոց, քանի որ այլ տարբերակ չկա. «Մենք էլ պալատական հեղաշրջումների մասնագետներ չենք, ոչ էլ ահաբեկիչներ եւ չենք համարում, որ նման մեթոդներով հնարավոր է իշխանափոխություն կատարել»:

 

ԸՆԴԴԵՄ ԾՈՒԼՈՒԹՅԱՆ
Բելառուսի խորհրդարանը մայիսի 6-ին հավանություն է տվել նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի նոր նախաձեռնությանը, որի համաձայն՝ Բելառուսի աշխատունակ այն քաղաքացիները, ովքեր կաշխատեն տարեկան 183 օրից պակաս, հարկադրված կլինեն 250 դոլարին համարժեք տուգանք վճարել: Հաշմանդամները, թոշակառուները եւ նորածին երեխաներ ունեցողները կազատվեն տուգանքից:




Լրահոս