ԴԱՏԱԿԱՆ ՀԱՅՑ ՄԱՐԳԱՐ ՕՀԱՆՅԱՆԻ ԴԵՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ճանապարհային ոստիկանության նախկին պետ Մարգար Օհանյանը հերթական անգամ հայտնվել է դատարանում: «Ժողովուրդ»-ը պարզեց, որ ՃՈ նախկին պետի դեմ հայց է ներկայացրել ապօրինի կերպով ուրիշի գույքը վերցնելու համար:

Եվ այսպես, 2015 թվականի փետրվարի 26-ին Երեւան քաղաքի բնակիչ Մարինե Խաչատրյանը դիմել է Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան՝ ճանապարհային ոստիկանության նախկին պետ Մարգար Օհանյանից պահանջելով ուրիշի գույքը ապօրինի տիրապետումից ազատել: Դատելով ստեղծված իրավիճակից՝ Մարգար Օհանյանը գույք է ձեռք բերել եւ, ահա, հայտնվել է գույքի իրական տերը եւ փորձում է այն հետ վերադարձնել: Չի բացառվում, որ Երեւան քաղաքի բնակիչ Մարինե Խաչատրյանը մինչ դատարան դիմելը փորձել է իր ձեռքում առկա փաստաթղթերով ապացուցել, որ Մարգար Օհանյանի ձեռք բերած գույքը իրեն է պատկանում, սակայն, ըստ էության, Մարգար Օհանյանը հրաժարվել է որեւէ բան վերադարձնելուց, եւ բանն այնտեղ է հասել, որ Մարինեն դիմել է օրենքին՝ այդ կերպ Մարգար Օհանյանին պարտադրելով գույքը վերադարձնել իրեն:
Ի դեպ, նկատենք, որ Մարինե Խաչատրյանը միայն դատարան դիմելով չի սահմանափակվել: Տեղեկացանք, որ վերջինս փետրվարի 27-ին միջնորդություն է ներկայացրել նույն դատարան՝ պահանջելով, որ Մարգար Օհանյանի որոշակի գործողություններ արգելվեն: Եվ, ահա, այս գործը նախագահող դատավոր Ալեքսեյ Սուքոյանը Մարինե Խաչատրյանի միջնորդությունը բավարարել է:
«Ժողովուրդ»-ի հետ զրույցում դատարանում Մարինե Խաչատրյանի լիազոր ներկայացուցիչ Վարդգես Ծառուկյանը, անդրադառնալով ՃՈ նախկին պետի հետ ստեղծված անհամաձայնության մասին, չցանկացավ մանրամասներ ներկայացնել` նշելով, թե ընդամենը գույքի խնդիր կա: «Դուք կարող եք ներկայանալ դատական նիստերին եւ առավել մանրամասն հասկանալ, թե ինչի մասին է խոսքը»:
Լիազոր ներկայացուցիչը, անդրադառնալով իր միջնորդությանը, որով պահանջում է Մարգար Օհանյանին արգելել որոշակի գործողություններ իրականացնել, ասաց. «Օրենքով սահմանված կարգ է, եթե մտնում ես դատարան, միջնորդություն ես ներկայացնում, որ այդ գույքի վիճակը չվատթարանա, կամ գույքի վրա որեւէ գործողություն չիրականացվի, քանի այդ գույքը սեփականատիրոջ մոտ չի: Մենք այսպես ենք դատարանում հանդես գալիս, իսկ թե դատարանը ինչպես կգնահատի այն, դա Աստված գիտի»:
Ստեղծված իրավիճակի շուրջ փորձեցինք զրուցել ՃՈ նախկին պետ Մարգար Օհանյանի հետ, որը լսելով հարցը՝ հրաժարվեց պատասխանել: Հիշեցնենք, որ սա առաջին դեպքը չէ, որ Մարգար Օհանյանը հայտնվում է դատարանում:
2012թ Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանը դատավոր Մխիթար Պապոյանի նախագահությամբ ՃՈ նախկին պետ Մարգար Օհանյանին դատապարտեց 6 տարվա ազատազրկման: Վերջինս իր աշխատակիցների` ՀՀ ՃՈ 2-րդ սպայական գումարտակի նախկին հրամանատար Ստեփան Կարախանյանի, ՀՀ ՃՈ տնտեսական բաժնի աշխատակիցներ Սամվել Մախմուրյանի եւ Արա Լեւոնյանի հետ մեղադրվում էին պաշտոնական դիրքը չարաշահելու եւ պետությանը խոշոր չափերի վնաս հասցնելու մեջ:
Սակայն Օհանյանը հրաժարվել էր իրեն վերագրվող մեղադրանքներից՝ ասելով, որ ինքը չէր կարող յուրացում կատարել, քանի որ դրա կարիքը չի ունեցել, ու այս ամենը իր գլխին սարքել են անձնական շահագրգռվածության հետեւանքով: Ավելին՝ վերջինս իր բանավոր ցուցմունքում նշել էր, որ այս ամենը զուգորդված է իր անունն ու բարի համբավը արատավորելու համար:
Իսկ թե իր դեմ Մարինե Խաչատրյանի դատական հայցը ինչի հետեւանք է. արդյո՞ք հերթական անգամ ցանկանում են իր համբավը արատավորել, թե նա իսկապես ապօրինի կերպով տիրացել է մեկ այլ քաղաքացու գույքին, ցույց կտան ժամանակը եւ դատարանի որոշումը:

ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆ

 

 

 

ԻՆՉՈ՞Ւ ԹԱՔՑՐԻՆ
Մայիսի 2-ին Գորիս քաղաքում Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանի որդու մասնակցությամբ վեճի շուրջ քննարկումները չեն դադարում: Հիշեցնենք, որ նշված օրը մարզպետի որդին մի խումբ տղաների հետ վիճաբանել էր, ինչի արդյունքում Գորիս քաղաքի բնակիչ Հարութ Զաքարյանին տեղափոխել էին հիվանդանոց, եւ տղան կանգնած է տեսողությունը կորցնելու վտանգի առաջ:
Դեպքից հետո ՀՀ քննչական կոմիտեն եւ դատախազությունը իրար հակասող հայտարարություններ էին տարածել: ՀՀ քննչական կոմիտեն հաղորդագրությունում հիշատակում է Տիգրան Խաչատրյանի անունը, իսկ, ահա, ՀՀ դատախազության պաշտոնական հաղորդագրությունում նշվում է, որ Զաքարյանները վիճաբանել են «ինքնությունը չպարզված անձանց հետ»: Ինչո՞ւ է դատախազության հայտարարությունը հակասում քննչական մարմնի հայտարարությանը եւ, առհասարակ, ինչո՞ւ է դատախազությունը զերծ մնացել հիշատակելու մարզպետի որդու մասնակցությունը վիճաբանությանը:
Ստեղծված իրավիճակի շուրջ «Ժողովուրդ»-ը պարզաբանման համար դիմեց ՀՀ գլխավոր դատախազություն: Մեզ հետ զրույցում ՀՀ գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանի խորհրդական Քրիստինե Մելքոնյանը պատասխանեց. «ՀՀ գլխավոր դատախազության եւ ՀՀ քննչական կոմիտեի տարածած հաղորդագրությունների միջեւ հակասություն լինել չի կարող: Յուրաքանչյուր կառույց իրականացնում է օրենքով իրեն վերապահված լիազորությունները եւ իրավասու է տեղեկատվություն տրամադրել դրանց վերաբերյալ: Գորիսի Սդըղի գյոլ կոչվող տեղանքում ինքնությունը չպարզված այլ անձանց հետ տեղի ունեցած վիճաբանության ընթացքում Հ. Զաքարյանի եւ Մ. Զաքարյանի վնասվածք ստանալու փաստի առթիվ քրեական գործը 05.04.2015թ հարուցվել է դատախազի կողմից, ինչն էլ հստակ նշված է ՀՀ գլխավոր դատախազության հաղորդագրությունում: Հարուցված քրեական գործն ուղարկվել եւ 05.05.2015թ. ստացվել է ՀՀ քննչական կոմիտեի Գորիսի քննչական բաժնում՝ նախաքննություն իրականացնելու նպատակով: Եթե նախաքննական մարմինը հրապարակում է քաղաքացիների անուններ, ենթադրում եմ, որ քննչական գործողությունների արդյունքում նախաքննություն իրականացնող մարմինն արդեն իսկ ձեռք է բերել բավարար հիմքեր, որոնք թույլ են տալիս, անմեղության կանխավարկածը չխախտելով, տվյալ գործի հետ առնչություն ունեցող անձանց անուններ հրապարակել: Սա նախաքննական մարմնի լիազորությունն է, որը նախատեսված է Քր. դատ. օր-ի 201-րդ հոդվածով: Վստահ եմ, որ նախաքննությամբ կպարզվեն դեպքի հանգամանքները, մեղավորները, եւ բոլոր գործողություններին կտրվի համապատասխան իրավական գնահատական»:

 

 
ԶԻՆՎՈՐ Է ԶՈՀՎԵԼ
Մայիսի 8-ին` ժամը 15:10-ին, ՊԲ հյուսիսարեւելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում մարտական հերթապահության կրման ժամանակ մահացու հրազենային վիրավորում է ստացել զինծառայող, 1995թ. ծնված Հարություն Հրայրի Ղամբարյանը:

 

ՖԵՈԴԱԼԱԿԱՆ ՀԱՅԱՍՏԱՆ
Հունիսի 7-ին Արագածոտն, Արարատ, Արմավիր, Գեղարքունիք, Լոռի, Շիրակ, Սյունիք եւ Տավուշ մարզերում տեղի կունենան ՏԻՄ ընտրություններ: Armlur.am-ի տեղեկացմամբ` վարչապետ Հովիկ Աբրահամյանի որդին` Արգամ Աբրահամյանը, առաջադրվել է որպես Արտաշատի քաղաքապետի թեկնածու: Նշենք, որ նրա թեկնածությունն առաջադրել է Հանրապետական կուսակցությունը, սակայն վարչապետի որդին ներկայացել է անկուսակցական: Նա հանդիսանում է նաեւ «Իմպերիում գրուպ» ՍՊԸ տնօրեն: Այս պահի դրությամբ Արտաշատի քաղաքապետի թեկնածուները 3-ն են՝ Աբրահամյան Արգամ Հովիկի (անկուսակցական, ՀՀԿ), Համբարձումյան Գարեգին Ջանիկի (անկուսակցական, «Շահումյան Ալքո» ՍՊԸ տնօրեն, ինքնառաջադրում), Ղազարյան Հովհաննես Ալբերտի (անկուսակցական, ինքնառաջադրում):

 

ԽՆԴԻՐՆԵՐԸ  ՇԱՏ ԵՆ
ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովում ՀՀ ՄԻՊ Կարեն Անդրեասյանը նշել է, որ արդարադատության նախարարությունում, մյուս նախարարությունների համեմատ, ավելի շատ խնդիրներ կան: «Երբ հարցը հասնում է սեփական համակարգերում վերահսկողություն իրականացնելուն, ես կարծում եմ` ապաշնորհ աշխատանք է տարվում` հատկապես արդարադատության նախարարությունում: Պետռեգիստրի ծառայությունում հետընթաց քայլ է կատարվել, էլ չեմ խոսում ԴԱՀԿ-ի, ՔԿՀ-ների մասին»,- ասել է ՄԻՊ-ը:

 

CHICCO-Ն ԷԼ ՓԱԿՎԵՑ
Երեւանում փակվել է CHICCO ֆիրմայի խանութների ցանցը: Երեկ առավոտից խանութների մուտքերի մոտ հսկայական հերթեր էին գոյացել` մեծ զեղչով գնելու համար փակվող ցանցի ապրանքները:

 

ԽԵԼՈՔ ՄԱՐԴԸ
Երկրապահի օրվա կապակցությամբ Եռաբլուր այցելած գեներալ Սեյրան Սարոյանին armlur.am-ը հիշեցրել է, որ նա Լեւոն Երանոսյան-Ռազմիկ Պետրոսյան ընդհարման մասին ամիսներ առաջ ԱԺ-ում ելույթ էր ունեցել եւ հայտարարել, թե ամեն ինչ կպարզի` հավելելով, թե Ռազմիկ Պետրոսյանը չի բողոքի: «Հա, պարզել ենք, ամեն ինչ նորմալ է: Ոչ մի բան էլ տեղի չի ունեցել»-արձագանքել է գեներալը: Իսկ հարցին, թե ԱԺ ամբիոնից հայտարարեցիք, որ ծեծի ենթարկված ազատամարտիկները չեն բողոքի, ի՞նչ գիտեիք, պատասխանել է. «Բողոքեցի՞ն: Բա գիտեմ, որ ասում եմ, էլի: Խելոք մարդ չե՞ս տեսել»:

 

ՉԵՆ ՔՆՆԱՐԿԵԼ
Ինչու ԲՀԿ-ն դերասան Վարդան Պետրոսյանի համար նույնպիսի ստորագրահավաք չկազմակերպեց, ինչպես Գոհարիկ Ենոքյանի համար: ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը, անդրադառնալով armlur.am-ի բարձրացրած այս հարցին, ասել է. «Եթե կան օրենքի հետ կապված խնդիրներ, բացարձակ դրանք չպետք է քաղաքականացնել: Ինչ վերաբերում է Գոհարիկ Ենոքյանին, Դուք գիտեք, որ նա մեր խմբակցության պատգամավորն է եղել, վաստակաշատ մարդ է, եւ այստեղ խնդիրը գնացել է այն մասին, որ ինքն առողջական խնդիրներ ունի, եւ տարիքը հաշվի առնելով` փորձենք խափանման միջոցը փոխել»: Իսկ միթե Վարդան Պետրոսյանը առողջական խնդիրներ չուներ, այս հարցին Մելքումյանն արձագանքել է. «Գիտեք ինչ, անձամբ ես այդ մասին չեմ մտածել: Կուսակցությունն ինքն է որոշում: Ձեր նշած այդ հարցը չի քննարկվել»:




Լրահոս