ՀԱՅԵՑԱԿԱՐԳՆ ԷԼ Է «ՊԱՀԱՆՋՈՒՄ» ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻ ՀՐԱԺԱՐԱԿԱՆԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի իշխանությունների կողմից նախաձեռնված սահմանադրական փոփոխությունների հիմնախնդիրը փաստացիորեն քաղաքական դաշտում լայն քննարկումների տեղիք չի տալիս: Ըստ էության, դրա շուրջ հանրային բանավեճ տեղի չի ունենում գերազանցապես այն պատճառով, որ այս հարցը հեռու է հասարակական-քաղաքական իրական մտահոգություններից: Իրականում ներհայաստանյան խնդիրների լուծումը ոչ թե սահմանադրական կառուցակարգերի, այլ իշխանության որակական փոփոխության մեջ է՝ առաջին հերթին լեգիտիմության վերականգնման, ինչը զարմանալիորեն ակնարկվում է անգամ փոփոխությունների հիմքը համարվող «Հայեցակարգում»:

Դրանում, մասնավորապես, արձանագրված է. «Գործնական առումով իրավունքի գերակայությունն առկա է այնքանով, որքանով վտանգված չէ իրավունքի վրա խարսխված իշխանության լեգիտիմությունը, օրենքներն իրավական են եւ բխում են օբյեկտիվ նախադրյալներից, իսկ դատական իշխանությունն անկախ է ու անաչառ»? Այս պնդումը, կարելի է ասել, ողջ «Հայեցակարգի» ամենակարեւոր գնահատականն է, ինչը թույլ է տալիս միանշանակորեն պնդել, որ սույն փաստաթղթի հեղինակները ճշգրտորեն ընկալում են իրենց շարադրածի եւ գրասենյակի դռներից դուրս տիրող իրավիճակի տարբերությունները: «Հայեցակարգն» անուղղակիորեն ընդունում է, որ իրավունքի գերակայությունը չի կարող որոշվել սահմանադրական ինչ-ինչ կառուցակարգերի փոփոխություններով: Ստացվում է, որ նախորդ փուլերում իրավունքի գերակայության մասին նույն «Հայեցակարգի» հղացումները ի չիք են դառնում:
Հատկանշական է, որ իրավունքի գերակայությունը լիովին համեմատական է պետական իշխանության լեգիտիմության աստիճանին: «Հայեցակարգը» փաստացիորեն խոստովանում է, որ իշխանության օրինակարգության բացակայությունը քաղաքացու իրավունքի ոտնահարման առաջին հարուցիչն է: Այսպիսի ձեւակերպմամբ «Հայեցակարգը» խոշորագույն հարված է հասցնում Սերժ Սարգսյանի ամբողջ մտահղացմանը: Ենթադրելի է՝ «Հայեցակարգը» համաձայն է այն պնդմանը, ըստ որի՝ Սարգսյանի լեգիտիմության բացակայությունը պայմանավորում է Հայաստանում իրավունքի գերակայության մակարդակը: Սրա հետ միասին ուշագրավ են նաեւ օրենքների իրավականության ու դատական իշխանության անաչառության շուրջ արված նկատառումները:
Փաստ է, որ վերջին շրջանում իշխանության ընդունած օրենքների մի ստվար հատվածը պարզապես հակասահմանադրական է, որի լավագույն դրսեւորումը կուտակային կենսաթոշակային համակարգի մասին օրենքն էր, իսկ դատարանների անկողմնակալության մասին խոսելն արդեն իսկ ավելորդ է: Մնում է եզրակացնել, որ իրավունքի գերակայության ապահովումը կապված է առաջին հերթին իշխանության լեգիտիմության հետ, ապա եւ օրենքների իրավականության ու դատական անկախության հետ: Շեշտենք, որ վերջին երկուսն էլ ածանցված են առաջինին, ուստի անգամ «Հայեցակարգի» պես միակողմանի փաստաթղթում է մատնանշվում Հայաստանի՝ լուծման կարոտ միակ ու իրական խնդիրը՝ իշխանության լեգիտիմության բացակայությունը:
Հայաստանում հաստատված դրությանը տրված համարժեք գնահատականների շարքը շարունակելով՝ ուշագրավ է «Հայեցակարգում» հանդիպող հետեւյալ դիտարկումը. «Լրացուցիչ կարեւոր երաշխիք է գործող Սահմանադրության 43-րդ հոդվածի 2-րդ մասում ամրագրված պահանջը, ինչը, մասնավորապես, ապահովում է Մարդու իրավունքների եվրոպական դատարանի չափորոշիչների կիրառումը հիմնական իրավունքների սահմանափակումների խնդրում»: Նախ նկատենք, որ Սահմանադրության վերոնշյալ հոդվածով սահմանվում է, որ քաղաքացու հիմնական ազատությունների սահմանափակումները չեն գերազանցում ՀՀ ստանձնած միջազգային պարտավորությունները: Ըստ էության, շեշտվում է, որ գործող Սահմանադրությամբ ՄԻԵԴ-ի որոշումները Հայաստանում կարեւոր դերակատարություն ունեն: Ընդունելով հանդերձ պնդման ճշմարտացիությունը՝ հարկ է, սակայն, նկատել, որ ՄԻԵԴ-ի որոշումները գերազանցապես ուղղված են ՀՀ Կառավարության դեմ: Նաեւ հիշենք, որ Ա1+ հեռուստաընկերության հետ կապված ՄԻԵԴ-ի վճիռը փաստացիորեն չկատարվեց, քանզի ՀՀ իշխանությունները սահմանափակվեցին լոկ ֆինանսական փոխհատուցմամբ, մինչդեռ հեռուստաընկերությունը հաճախականություն չստացավ: Ստացվում է, որ ՄԻԵԴ-ի որոշումներն էլ Հայաստանում իրացվում են «այնքանով, որքանով», ինչն էլ նշանակում է, որ քաղաքացու իրավունքների պաշտպանության ոլորտում, այսպիսի զսպիչ հանգամանքի առկայությամբ հանդերձ, իշխանության ամենաթողությունը շարունակում է գերակայող լինել:

ՆԺԴԵՀ ՀՈՎՍԵՓՅԱՆ

 

 

 

 

ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 3-ՐԴ ՄԱՍՆԱՇԵՆՔԸ՝ ԱՆՍԱՐՔ ՎԵՐԵԼԱԿՈՎ

Անգործության մատնված վերելակները երեւանցիների մշտական մտահոգության առարկան են, քանի որ մայրաքաղաքի բազմաբնակարան շենքերի վերելակների մեծ մասը անսարք է: Եվ «Ժողովուրդ» օրաթերթը չի դադարում այս մասին դժգոհություններ ստանալ քաղաքացիներից: Այս անգամ էլ ՀՀ Կառավարության 3-րդ մասնաշենքում տեղակայված նախարարությունների աշխատակիցներն են դժգոհում վերջին շրջանում տեղադրված նոր վերելակներից:

Արդեն մի քանի ամիս է, ինչ կառավարության 3-րդ 7 հարկանի մասնաշենքի (այստեղ տեղակայված են ՀՀ յոթ նախարարություններ) աշխատակիցները ստիպված են ամեն օր ոտքով բարձրանալ իրենց աշատասենյակներ եւ իջնել: Նրանք հույս ունեին, որ երբ վերելակները նորացվեն, քաղաքակիրթ ձեւով կսպասարկեն իրենց: Սակայն մասնաշենքի երեք վերելակներից մեկը ժամանակ առ ժամանակ ընդհանրապես չի աշխատում, իսկ երկու աշխատող վերելակներով ամեն անգամ բարձրանալիս եւ իջնելիս աշխատակիցները ձայներ են լսում, ինչի պատճառով վախենում են օգտվել այդ վերելակներից:
Այս իրավիճակում ամոթալին այն է, որ այդ վերելակից օգտվում են նաեւ արտերկրից ժամանած հյուրերը, ովքեր հանդիպումներ են ունենում նախարարություններում: Իսկ, ահա, չգիտես թե հատկապես որ արժանիքի եւ ինչի համար նախարարներն ու փոխնախարարները հատուկ վերելակից են օգտվում, իրենց համար այն առանձին է: Խնդրի առնչությամբ «Ժողովուրդ»-ին ՀՀ Կառավարությունից փոխանցեցին, որ կառավարության 3-րդ մասնաշենքի երեք վերելակներն էլ նոր տեղադրվել են նախորդ տարվա վերջին, եւ իրենց աշխատելու հետ կապված որեւէ խնդիր չկա: Սակայն նախարարությունների աշխատակիցները հակառակն են պնդում:
Այն, որ երեւանյան վերելակներից օգտվելը վտագնավոր է, դա վաղուց հայտնի բան է: Բավական է հիշել մարտի 21-ին Երեւանի Բաշինջաղյան փողոցի 2-րդ նրբանցքի թիվ 1 շենքում տեղի ունեցած ողբերգական դեպքը, երբ շենքի վերելակն ընկել էր 11-րդ հարկից, ինչի արդյունքում 35-ամյա աղջիկը տեղում մահացել էր: Օրեր անց պարզվեց, որ պոկված վերելակը 2014 թվականին փորձաքննություն չէր անցել եւ շահագործման ենթակա չէր: Այս դեպքից անցել է ավելի քան մեկ ամիս, սակայն այդպես էլ դեռ մեղավորներ չկան: Մինչդեռ տվյալ շենքի համատիրությունը, թաղապետարանը պատասխանատու են տվյալ շենքի վերելակի գործունեության համար: Ավելին՝ բազմաբնակարան շենքերի վերելակները փորձաքննության չենթարկելու համար սահմանված է մոտ 1 մլն դրամի չափով տուգանք: Սակայն այստեղ նույնպես վերահսկողության խնդիր կա:
Նշենք, որ ամեն տարի համայնքային բյուջեից միջոցներ են հատկացվում բազմաբնակարան բնակելի շենքերի, այդ թվում՝ վերելակների պահպանման համար: Հայտնի է, որ Երեւանի բազմաբնակարան բարձրահարկ շենքերում վերելակների թիվը 4551 է: Տեղեկացանք, որ 2014 թվականին նախատեսված է եղել վերանորոգել 320 վերելակ, սակայն վերանորոգման աշխատանքներ իրականացվել են 959 վերելակներում: «Ժողովուրդ»-ը Երեւանի քաղաքապետարանից տեղեկացավ, որ 2015 թվականին Երեւանի բյուջեով վերելակային տնտեսության համար նախատեսվել է 98 մլն 392 հազար դրամ, որի շրջանակում կնորոգվի առաջնահերթ նորոգման կարիք ունեցող շուրջ 300 վերելակ:
Հ. Գ. Հիշեցնենք, որ դեռեւս 2007 թվականին, երբ Երեւանի քաղաքապետը էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանն էր, 3 մլրդ դրամ հատկացվեց մայրաքաղաքի վերելակների հիմնանորոգման համար: Հետագայում հայտարարվեց, որ ծրագիրն իրականացված է, սակայն այսօրվա պատկերն աչքներիս առաջ ունենալով՝ կարող ենք պատկերացում կազմել, թե ինչպես է ծախսվել այդ 3 մլրդ դրամը:

ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ

 

 

 

 

ՎԵՐԱԿԱՆԳՆԵԼ Է, ՍԱԿԱՅՆ ԿԴԱՏՎԻ
ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային վարչությունում քննվում է Դիլիջան քաղաքի բնակիչ, անհատ ձեռնարկատեր Գ. Հովհաննիսյանի կողմից քաղաքացիների եւ իրավաբանական անձանց ապահովագրական գումարները յուրացնելու գործը: Գ. Հովհաննիսյանը 2014թ. հունիսի 11-ին Հայաստանի ապահովագրական ընկերություններից մեկի հետ պայմանագիր է կնքել, դարձել ապահովագրական գործակալ: Նա իրավաբանական անձանց եւ քաղաքացիների հետ 130 ապահովագրական պայմանագիր է կնքել, սակայն գումարները չի փոխանցել ապահովագրական ընկերությանը: Հենց ընկերության բողոքի հիման վրա էլ նրա նկատմամբ քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի179 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով («Առանձնապես խոշոր չափերով յուրացնելը կամ վատնելը»): Այդ հոդվածը նախատեսում է 5-8 տարի ազատազրկում՝ գույքի բռնագրավումով կամ առանց դրա: Իրավապահներից տեղեկացանք, որ Գ. Հովհաննիսյանն ապահովագրական ընկերությանը ավելի ուշ հանձնել է գումարները: Իսկ քրեական գործի քննությունը շարունակվում է: Դիլիջանցու նկատմամբ խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը:

 

ՊԱՇՏՈՆԸ ՁԳՈՒՄ Է
Մայիսի 27-ին Իջեւանի բժշկական կենտրոնի տնօրենի թափուր պաշտոնի համար մրցույթ տեղի կունենա: Տավուշի մարզպետարանից ստացված տեղեկություններով՝ Իջեւանի ԲԿ-ի տնօրենի 5 հավակնորդ ներկայացրել է մասնակցելու համար անհրաժեշտ փաստաթղթերը: Մրցույթում հաղթած թեկնածուներից մարզպետ Հովիկ Աբովյանը կնշանակի Իջեւանի ԲԿ-ի նոր ղեկավարին: Թեկնածուների մեջ կան Տավուշի մարզի, նաեւ Երեւանի բնակիչներ: Հավելենք, որ Իջեւանի ԲԿ-ի նախկին ղեկավարներ Հրաչյա Ներսիսյանի եւ վերջինիս փոխարինած Վազգեն Մարգարյանի նկատմամբ քրեական գործեր են հարուցվել ԲԿ-ի ֆինանսական միջոցների տնօրինման հետ կապված խախտումների համար: Փաստորեն, Իջեւանի ԲԿ-ի տնօրենի պաշտոնը վտանգավոր է, սակայն դա ետ չի պահում վերոհիշյալ 5 թեկնածուներին:

 

ԶՈՀԵՐԻ ՀՈՒՇԱԿՈԹՈՂԻՆ
Ապրիլի 22-ին Իջեւանում բացվեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող Նահատակաց Սուրբ խորանը: Այն կառուցվել է ռուսաստանաբնակ իջեւանցիներ Արտակ եւ Արմեն Իսկանդարյանների ֆինանսավորմամբ: Որպես կառույցի ճարտարապետ-համահեղինակ նշված է Տավուշի նախկին մարզպետ, քաղաքաշինության փոխնախարար Արմեն Ղուլարյանի անունը: Կոթողը կառուցված է ֆելզիտից: Շինարարական գործի մասնագետներն ասացին, որ Նոյեմբերյանի տարածաշրջանի ֆելզիտը բաց երկնքի տակ արագ փչանում է:

ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ




Լրահոս