Մի քանի օրից էկրաններին կհայտնվի նոր «Սքոչ եւ վիսկի» գեղարվեստական ֆիլմը, որտեղ իր մասնակցությունն է ունեցել նաեւ դերասան Ռաֆայել Երանոսյանը: Նա «Ժողովուրդ»-ին պատմել է իր նոր դերի մասին, անդրադարձել է նաեւ թատրոնում իր կերտած լուրջ կերպարին, նշել, որ ինքը կոտրել է այն կարծրատիպը, թե Ռաֆայել Երանոսյանը կարող է միայն հումորային դերեր խաղալ: Դերասանը խոսել է նաեւ անձնական կյանքից` անկեղծորեն խոստովանելով, որ շատ է ուզում ընտանիք կազմել:
-Ռաֆայե՛լ, կպատմե՞ք «Սկոչ եւ վիսկի» ֆիլմում Ձեր կերտած կերպարի մասին:
-Իմ կերպարը, հակառակ շատերի սպասելիքներին, հումորային չէ: Մարմնավորել եմ բնավորությամբ ինքս ինձ շատ նման տղայի, ով շուտ բռնկվող է, կնամեծար, աշխույժ, կյանքով լեցուն: Այս ֆիլմում հանդիսատեսը կտեսնի գունավոր եւ պոզիտիվ Ռաֆոյի:
-Հանդիսատեսը կարող է իր համար «հայտնաբերել» բոլորովին ուրիշ Ռաֆոյի Կամերային թատրոնի «Ամնեզիա» ներկայացման շրջանակում: Շատերի համար անսպասելի էր տեսնել Ձեզ լուրջ կերպարում, կին-տղամարդ հարաբերությունները բեմից ընկալել Ձեր պրիզմայով:
-Այո՛, ինձ փորձեցի ուրիշ ժանրում, շատ էի ուզում ցույց տալ, որ ես կարողանում եմ նաեւ նման լուրջ դերեր խաղալ, ես կոտրեցի այն կարծրատիպը, թե միայն հումորային բնույթի դերերի համար եմ: Շատ ռեժիսորների համար, չգիտես ինչու, ես բացահայտում էի, կարծես նախկինում ատամնաբույժ եմ աշխատել… Պետք է ասեմ, որ ներկայացումն ընկալելու հարցում իր մեծ դերն ունեցավ իմ խաղընկերուհին` Լուիզա Ներսիսյանը, ում հետ հաճախ խոսել ենք ներկայացման մեջ արծարծվող թեմայի շուրջ, փոխանակվել մտքերով: Ներկայացման հիմնական մեսիջն իմ կողմից ուղղված էր կանանց, իսկ ասելիքն այն էր, որ միշտ ավելի լավ է ասել իրականությունը, քան խաբել տղամարդկանց. հակառակ դեպքում այդ սուտը, որպես բեռ, կրելու ես ողջ կյանքում, որը, սակայն, մի օր բացահայտվելու է:
-Իսկ Ձեզ ինչո՞ւ չենք տեսնում սերիալներում:
-Ես այն դերասաններից չեմ, որոնք ասում են` վայ, ես սերիալներում չեմ նկարահանվի. ոչ, եթե հարմար առաջարկ լինի, պայմանները բավարարեն, կհամաձայնեմ:
-Կարծիք կա, որ Հայկոյի եւ Մկոյի` «Կարգին հաղորդում»-ից հեռանալուց հետո սքեչների որակն ընկել է. ի՞նչ կասեք:
-Եթե նախկինում «Կարգին հաղորդման» շրջանակում նկարահանվում էին շաբաթական 15 եթերային րոպեի համար, ապա հիմա շաբաթական 45 րոպեի համար ենք նկարահանվում. բնական է, որ այս հանգամանքը պետք է ազդեր հաղորդման որակի վրա: Բացի այդ` հայերս մի վատ սովորություն ունենք. ամեն ինչ եւ բոլորին համեմատում ենք, այնինչ, ամեն դերասանի պետք է ընկալել իր տեսակի մեջ: Անդոն ու Ռաֆոն Հայկո եւ Մկո դառնալ չեն կարող, ոչ էլ հակառակն է հնարավոր:
-Դուք տարիներ շարունակ զբաղվել եք երգով, պարով, հիմա այդ ամենը որտե՞ղ եք կիրառում: Գիտենք, որ, օրինակ, Ջեքսոնի հայտնի պարային շարժումները շատ լավ եք կատարում…
-Ես հիմա արդեն Ջեքսոնից լավ եմ պարում (ծիծաղում է), հետո` ինչո՞ւ միայն Ջեքսոնի պարերը, ես շատ իմպրովիզներ եմ կատարում, սիրում եմ, օրինակ, նույն Ջեքսոնի շարժումները կատարել հայկական երաժշտության ներքո, բրեք-դանս եմ պարում եւ այլն: Իմ պարային ունակությունները մեծապես օգտագործում եմ թատրոնում: Բայց մեր զրույցն արդեն այնպիսի ուղղությամբ է ընթանում, որ քիչ է մնում ասեմ` ես 34 տարեկան եմ, դեռ ամուսնացած չեմ, ապրում եմ մենակ, լավ երգում, պարում եմ, եթե ցանկացողներ լինեն, կարող են դիմել (ծիծաղում է):
-Ի դեպ, չե՞ք ուզում ամուսնանալ…
-Ճիշտն ասած` շատ եմ ուզում ամուսնանալ, ընտանիք կազմել, միեւնույն ժամանակ զգում եմ, որ ներքուստ դրան դեռ պատրաստ չեմ: Ուզում եմ ամուսնանալու ցանկությունը խեղդի, նոր դիմեմ այդ քայլին, որ դրա հաճույքն ու հավեսը զգամ, հակառակ դեպքում ավելի լավ է` այդ քայլին չգնամ:
-Իսկ ճի՞շտ է, որ Դուք ընկերուհի ունեք, ով ապրում է արտերկրում:
-Վայ, չէ… Դա շատ վաղուցվա պատմություն է…
-Այսինքն` այդ պատմությունն ավարտվա՞ծ է:
-Չի էլ սկսվել… Պարզապես ես մի քանի ամսով ԱՄՆ-ում էի, ընկերներիցս մեկն էլ հումոր էր արել, իմ անունից խոսել էր, ինձ էլ գցել կրակը… (ծիծաղում է):
-Իսկ, առհասարակ, առաջին հայացքից սիրահարվողների՞ց եք:
-Ոչ, ես շփման ընթացքում եմ մարդուն կա՛մ սիրում, կա՛մ ոչ: Բայց, ընդհանուր առմամբ, էությամբ ծանր մարդ չեմ… Մեկ-մեկ մտածում եմ` կարող է մեկին ընտրեմ, որ ոչ ոք չպատկերացներ, նույնիսկ ես չպատկերացնեի… Տեսնենք, կյանքը ցույց կտա…
«ԱԴՐԲԵՋԱՆԸ ԳԼՈՒԽԸ ՊԱՏԻՆ ԿՏԱ, ԵԹԵ…»
Մայիսի 9-ը հայերիս համար փառապանծ հաղթանակի օր է: 23 տարի առաջ հենց այս օրը ազատագրվեց հայոց բերդաքաղաք Շուշին: Այդ հաղթանակը բեկումնային եղավ Ղարաբաղյան պատերազմում: Իսկ հաղթանակը հնարավոր դարձավ այն հայորդիների շնորհիվ, ովքեր իրենց կյանքը նվիրեցին հայրենիքին: «Ժողովուրդ»-ը տոնական օրվա առիթով զրուցել է արվեստագետների հետ, որոնք իրենց մասնակցությունն են ունեցել Ղարաբաղյան պատերազմին:
Երգիչ, երգահան Դավիթ Ամալյանը այն համոզման է, որ մարտունակ բանակ ունենալու ամենակարեւոր պայմանը նվիրված եւ ազնիվ հայ զինվորն է. «Երբ հայը հային չի խաբում, ամենակատարյալ ազգն է դառնում»,- ասաց նա: Երգչի խոսքով` մենք ունենք ուժեղ եւ մարտունակ բանակ, բայց նաեւ ունենք մի ներքին խնդիր. «Երբ սահմանին լարված իրավիճակ է լինում, մեր բանակը դառնում է միասնական, զինվորները` մտերիմ, իսկ երբ լարվածությունն անցնում է, էլի սկսվում են ներքին խնդիրներ առաջանալ: Կցանկանայի, որ մեր բանակը միասնական լիներ ցանկացած պարագայում»,- նկատեց նա:
Երբ մեր զրույցի ընթացքում խոսք եղավ հնարավոր պատերազմի մասին` Դ. Ամալյանն անմիջապես վրա բերեց. «Ադրբեջանը գլուխը պատին կտա, եթե պատերազմ սկսի: Մեր ու նրանց բանակը համեմատելիս նույնն է, թե խոսենք ավտոմատով ոչխարի եւ առանց զենք մարդու մասին. նրանց զենքի քանակը որեւէ դեր չի խաղում»:
Դերասան Արտաշես Ալեքսանյանն էլ մեզ հետ զրույցում կարծիք հայտնեց, որ բանակի ներքին խնդիրները բանակում չեն ծնվում. «Դրանք մանկապարտեզից, դպրոցից, ինստիտուտից, շրջապատից են գալիս: Դեռ վաղ հասակից պետք է ապագա զինվորին դաստիարակել ոչ թե փուչ հայրենասիրական գաղափարներով, այլ նրանց մեջ հարկավոր է սերմանել իրական հայրենասիրություն, որը ենթադրում է ոչ միայն հողն ու ջուրը, այլեւ մարդուն սիրելը, կողքի տղային որպես եղբայր ընդունելը»,- կարծիք հայտնեց դերասանը:
Նա բոլոր այն տղաներին, ովքեր միտումնավոր խուսափում են բանակում ծառայելուց, առաջարկեց ինքնաթիռ նստել ու հեռանալ երկրից. «Թող գնան, եթե ուզում են` ուրիշի հայրենիքի համար ծառայեն, բայց հետ գալու մասին թող էլ չխոսեն»,- ասաց նա:
Երկու արվեստագետներն էլ հայոց բանակին մաղթեցին ուժ, քանի որ ուժն է ծնում իրավունք:
Նյութերը՝ ԱՆՆԱ ԲԱԲԱՋԱՆՅԱՆԻ
ՍՈՒՆԴՈՒԿՅԱՆՑԻՆԵՐՆ ԱՄՆ-ՈՒՄ ԵՆ
Այս օրերին Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնը հյուրախաղերով մեկնել է ԱՄՆ: Գլենդելում արդեն հանդիսատեսի դատին է հանձնվել Պերճ Զեյթունցյանի «100 տարի անց» ներկայացումը: 20-օրյա հյուրախաղերի ընթացքում սունդուկյանցիները նույն ներկայացմամբ հանդես են գալու նաեւ Բոստոնում: Ամերիկյան հյուրախաղերում ներկայացման մեջ իր մասնակցությունը կունենա նաեւ ՀՀ վաստակավոր արտիստ Լեւոն Շարաֆյանը:
Նշենք, որ ներկայացման մեջ ընդգրկված են նաեւ վաստակավոր արտիստներ Արմեն Մարությանը, Տիգրան Ներսիսյանը, Նելլի Խերանյանը, Աբերտ Սաֆարյանը եւ ՀՀ վաստակավոր գործիչ Տիգրան Գասպարյանը, ով նաեւ ներկայացման բեմադրիչն է: Ի դեպ, թատերախումբը հանդիպումներ կունենա նաեւ հայկական համայնքի հետ:
ԲԵՔՀԵՄԸ ՌԵԿՈՐԴԱԿԻՐ Է
Մայիսի 2-ին ռեկորդային թվով բաժանորդագրված օգտատեր է գրանցվել Դեւիդ Բեքհեմի Instagram-ի էջին: Այդ օրը Բեքհեմը նշում էր ծննդյան 40-ամյակը եւ հաշիվ էր բացել Instagram-ում: Առաջին իսկ օրը նրա էջին բաժանորդագրվել է մեկ միլիոնից ավել օգտատեր: Այժմ արդեն նրանց թիվը հասնում է 5 միլիոնի: Harpersbazaar- ի փոխանցմամբ` Բեքհեմը ռեկորդ է սահմանել Instagram-ում` գերազանցելով Էմմա Ուոթսոնի ցուցանիշը, ով 2 օրում հավաքել էր մեկ միլիոն հետեւորդ: Նշենք, որ Բեքհեմի հրապարակած առաջին լուսանկարն ընդամենը առավոտյան արված սելֆի էր:
ԼԵԴԻ ԳԱԳԱՆ ՀՂԻ՞ Է
Արդեն մի քանի օր է, ինչ համացանցը ողողված է լուրերով, ըստ որոնց՝ էպատաժային երգչուհի Լեդի Գագան հղի է: Երկրպագուներին եւ հետաքրքրասերներին նման խոսակցությունների տեղիք են տվել երգչուհու վերջին լուսանկարները, որոնցում հստակ երեւում է նրա կլորացած որովայնը: Կասկածելի է թվացել հատկապես Լեդի Գագայի ծովափնյա լուսանկարը, որտեղ նա զբոսնում էր իր փեսացուի` Թեյլոր Կաննի հետ. այդտեղ հատկապես ակնհայտ է նրա մեծացած փորը: Ու թեեւ երգչուհու պրոդյուսերը հերքել է Լեդի Գագայի հղիության մասին լուրերը, այնուամենայնիվ, երկրպագուներն այն համոզման են, որ իրենցից թաքցնում են ճշմարտությունը: