Նոր մանրամասներ են հայտնի դառնում սպասվելիք սահմանադրական հանրաքվեի առնչությամբ, որի մասին օրեր առաջ “Հրապարակ”-ը գրել էր: Հանրաքվեն ոչ միայն ամրագրելու է նոր փոխվարչապետի ինստիտուտի լայն լիազորությունները, այլև որոշակի լուծումներ է տալու օրախնդիր մի շարք հարցերի: Ըստ այդմ` հնարավոր է սահմանվեն ոլորտային նշանակության 3-4 փոխվարչապետների պաշտոններ, որոնցից մեկըև առաջին փոխվարչապետինը, հանձնվելու է հենց ԲՀԿ-ին:
“Հրապարակ”-ի ՀՀԿ-ական աղբյուրները փոխանցում են, որ ՀՀԿ-ն առնվազն 2 փոխվարչապետի պորտֆել է ուզում ունենալ, չի բացառվում, որ չորրորդը տրվի ՕԵԿ-ին: Մնում է հաշվել, թե դա ինչ է նստելու պետական ուռճացված ապարատի ծախսերի տակ կքած հասարակության վրա: Սահմանադրական փոփոխություններով, ըստ նույն աղբյուրների, վերանայվելու են նաև խորհրդարանին, այդ թվում և քվեարկության կարգին վերաբերող հարցեր:
Հիշեցնենք, որ ՀՀԿ գործադիր մարմնում դեռ ժամանակ առաջ խոսվում էր ազատ քվեարկության ռիժիմի ներդրման մասին, ինչի վերաբերյալ նույնպես “Հրապարակը” գրել է: Խոսքն այն մասին է, որ պատգամավորները հնարավորություն կստանան քվեարկել մի քանի ժամվա ընթացքում, ինչը կվերացնի քվորում ապահովելու անհրաժեշտությունը: Սա ուղղակի երկնային մանանա է սաունաներից, կազինոներից, ռեստորաններից, դուբայներից մի կերպ պատգամավոր հավաքող ՀՀԿ-ի ու Աժ ղեկավարության համար: Իսկ Գալուստ Սահակյանն ընդհանրապես` մեծ մաղարիչ պետք է անի, այլևս սրան-նրան զանգելու ու կանչելու հոգսից կազատվի: