Նաիրա Զոհրաբյանը համաձայն է Կարեն Կարապետյանի հնչեցրած գնահատականների հետ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԲՀԿ  նախագահ Նաիրա Զոհրաբյանը մասնակիորեն համաձայն է էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման հետ կապված ՀՀԿ-ական պատգամավոր, «Տաշիր գրուպ» ընկերության սեփականատեր Կարեն Կարապետյանի հայտարարության հետ: Armlur.am-ի հետ զրույցում Նաիրա Զոհրաբյանն ասաց, որ միանշանակ համաձայն է, որ  կուտակված ահռելի պարտքերի պատճառը ոչ ճիշտ մենեջմենթն է, սխալ գնային քաղաքականությունը, չարդարացված մեծ կորուստները, ապա և՝ էներգետիկ սխալ բալանսը:

«Այսօր էլեկտրաէներգիայի թանկացումը լրջագույն հարված կհասցնի քաղաքացիներին: Ես խորհուրդ եմ տվել այցելել ՀԷՑ-ի ղեկավար մարմնի աշխատասենյակները, որոնք իրենց ճոխությամբ շատ քիչ են զիջում Էրմիտաժին: Այսինքն, այդ ամենը հաշվի առնելով, առաջին խնդիրներն այստեղ պետք է փնտրել»,- նշեց Զոհրաբյանը:

Ինչ վերաբերվում է «Տաշիր Գրուպ»-ի կողմից ՀԷՑ-ը գնելու մտադրությանը, Զոհրաբյանը չմեկնաբանեց` նշելով` դրա վերաբերյալ Կարեն Կարապետյանը մանրամասն խոսել է: Իսկ թե ովքեր են իրական մեղավորները, ԲՀԿ նախագահը կարծում է` այդ հարցը պետք է տալ Կարեն Կարապետյանին. «Այդ հարցը պետք է Կարեն Կարապետյանին տալ, թե ինքն ում նկատի ունի»

Զոհրաբյանը տեղեկացրեց, որ իրենք Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանի հետ նախնական պայմանավորվածություն ունեն` խմբակցությունում հանդիպելու և խնդիրները քննարկելու հետ կապված: «Փորձում ենք հասկանալ` ինչ իրավիճակ է տիրում համակարգում, ինչ խնդիրներ կան, որոնք նաև արձանագրել է Կարեն Կարապետյանը»,- ընդգծեց ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը:




Լրահոս