Մայիսի 8-ին ԼՂՀ ՊԲ զորամասերից մեկում մահացած 20-ամյա Հարություն Համբարյանի հայրը` Հրայր Համբարյանը, «Ժողովուրդ»-ի հետ զրույցում վստահ պնդեց, որ իր որդին չէր կարող ինքնասպանություն գործել: Ըստ հոր, կատարվածը կա՛մ պատահականություն է, կա՛մ սպանություն, բայց ոչ երբեք ինքնասպանություն:
Հիշեցնենք, որ նշված օրը ԼՂՀ ՊԲ մամուլի ծառայությունը հայտնել էր, որ ժամը 15:10-ին ՊԲ հյուսիսարեւելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում մարտական հերթապահության կրման ժամանակ մահացու հրազենային վիրավորում էր ստացել զինծառայող Հարություն Համբարյանը: Փաստի առթիվ հարուցվել էր քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածի 1-ին մասով՝ ինքնասպանության հասցնելու հատկանիշներով:
«Ժողովուրդ»-ի հետ զրույցում մահացած զինվորի հայրը, որը Արեւաշող համայնքի ավագանու անդամ է, ասաց, որ դեպքից մեկ օր առաջ որդին խոսել է քրոջ եւ մոր հետ. «Նա այն աստիճանի հավասարակշռված տղա էր, որ չեք պատկերացնում: Նա չէր կարող, իրոք, չէր կարող ինքնասպանության գնալ: Նա նաեւ այն տղան չէր, որ իրեն այնքան վատ պահեր կամ խնդիրներ ունենար որեւէ մեկի հետ, որ նրանք էլ ցանկանային հաշվեհարդար տեսնել ու սպանեին իրեն: Չգիտեմ, ինձ ոչինչ չեն պատմել, մենակ խոսակցություններ են հասել, որ դեպքի ժամանակ իրենից մի քիչ հեռու ինչ-որ մեկն է եղել, իսկ թե ով է, բան չգիտեմ ու որեւէ բան չեմ ասում: Ինչ ասեմ, գոհ էր ծառայությունից, դեկտեմբերին տուն պիտի գար, բայց…»:
Հավելենք, որ երեկ տեղի է ունեցել տղայի հուղարկավորությունը, որին մասնակցել է նաեւ զինվորի զորամասի հրամանատարը, սակայն նա հրաժարվել է որեւէ մեկի հետ խոսելուց` նշելով, թե ոչինչ չի կարող ասել: Ըստ շրջանառվող լուրերի՝ չի բացառվում, որ տղայի մահվան գործով ձերբակալություն լինի:
Ի դեպ, Հարությունը փոխոստիկանապետ Անուբաղ Համբարյանի հոր հորեղբոր որդին էր եւ բնակվում էր Արեւաշող գյուղում:
Այժմ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն: