Էլեկտրաէներգիայի թանկացմամբ ցեմենտի գինն էլ կբարձրանա

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Առաջիկայում էլեկտրաէներգիայի թանկացման արդյունքում կթանկանա նաեւ Հայաստանում արտադրվող ցեմենտի գինը: Այս մասին «Ժողովուրդ»-ին հայտնեց «Հրազդան» ցեմենտի գործարանի տնօրեն Նաիրա Մարտիրոսյանը:

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը սպառողներին մատակարարվող էլէներգիայի սակագինը բարձրացնելու հայտ է ներկայացրել ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով: ՀԷՑ-ն առաջարկում է էլէներգիայի ցերեկային սակագինը դարձնել մեկ կիլովատը 58 դրամ, գիշերայինը՝ 48 դրամ:

Խնդրի առնչությամբ «Ժողովուրդ»-ը զրուցեց Հրազդանի ցեմենտի գործարանի տնօրեն Նաիրա Մարտիրոսյանի հետ եւ հետաքրքրվեց, թե էլէներգիայի սակագնի թանկացումն ինչպես կանդրադառնա ընկերության գործունեության վրա:

«Էլեկտրաէներգիայի թանկացմամբ ցեմենտի ինքնարժեքի գինն էլ կբարձրանա: Հաստատ ցեմենտի գինը կվերանայենք: Այլ կերպ հնարավոր չէ»,- փոխանցեց գործարանի տնօրենը: Նշենք, որ գործարանը տեւական ժամանակ է, ինչ չի աշխատում: Իսկ թե երբ այն նորից կսկսի արտադրանք թողարկել, հայտնի չէ:

Տեղեկացնենք, որ ապրիլի սկզբին գործարանի տնօրենը հանրային խորհրդի նախագահին խնդրել էր համապատասխան մարմիններին առաջարկել տրամադրել ժամանակացույց պարտքերի մարման համար, քանի որ ներկա պահին ընկերությունը հնարավություն չունի մարելու այդ գումարները: Այս մասով տնօրենն ասաց. «Էլեկտրաէներգիայի վարձը մարում ենք եւ ոչ մի խնդիր չունենք: Միայն հարկային պարտավորությունների մասով խնդիրներ կան, որոնք էլ ժամանակի ընթացքում կկարգավորվեն»:

Իսկ թե որքան են կազմում գործարանի հարկային մարմնին ունեցած պարտքը, Մարտիրոսյանը հրաժարվեց պատասխանել՝ նշելով, որ ինքը իրավասու չէ նման տեղեկություն տալու: «Մենք «ՎՏԲ Հայաստան» բանկի կառավարման տակ ենք աշխատում: Ես իրավունք չունեմ ինֆորմացիա տալ»,- լրացրեց տնօրենը:

«Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ դեռեւս նախորդ տարվա դեկտեմբերին այս ընկերության դեմ երկու դատական հայց է ներկայացվել՝ խոշոր չափի գումար բռնագանձելու պահանջով: Ընդ որում, դատարանը բավարարել է հայցվորներից մեկի` «Գազպրոմ Արմենիա»-ի միջնորդությունը՝ «Հրազդան ցեմենտ» գործարանի գույքի եւ դրամական միջոցների վրա կալանք դնելու վերաբերյալ: Արդյունքում 1 մլրդ 125 մլն 531 հազար 499 դրամի չափով արգելանք է դրվել «Հրազդան ցեմենտ» ՓԲԸ-ին պատկանող գույքի եւ դրամական միջոցների վրա: Գործով դատաքննությունը դեռ շարունակվում է:

ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ




Լրահոս