ԱԺ աշխատակազմի ղեկավարի տեղակալ Էրիկ Մինասյանը հարազատ քավորին իրեն տեղակալ է նշանակել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱԺ աշխատակազմի ղեկավարի տեղակալ Էրիկ Մինասյանը, «Ժողովուրդ»-ի տեղեկություններով, հարազատ քավորին իրեն տեղակալ է նշանակել: Ըստ նույն տեղեկությունների՝ Է. Մինասյանը քավորին է տվել նաեւ ԱԺ-ի ավտոպարկին հատկացված 888 ՕՕ 01 համարանիշները ու մի շարք արտոնություններով օժտել:

Է. Մինասյանի հետ կապված լուրերի առնչությամբ մեկնաբանության համար երեկ «Ժողովուրդ»-ը դիմեց ԱԺ հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչության պետ Արսեն Բաբայանին:

«Պարոն Մինասյանին ԱԺ-ում բոլորն են ճանաչում: Ով էլ լսի, թե իբր պարոն Մինասյանն աշխատողներին, կամ նույնիսկ որեւէ մեկին չի ընդունում, ընդամենը կծիծաղի: Ինչ վերաբերում է տեղակալին, ապա նա վաղուց է աշխատում ԱԺ-ում: Համարանիշները հնարավոր է հատկացնել, երբ ԱԺ-ում արարողակարգային միջոցառումներ կան: Դուք գիտեք, որ վերջին ամիսներին, հատկապես մարտին, ԱԺ-ում իրար հաջորդող բազմաթիվ կարեւորագույն միջոցառումներ տեղի ունեցան:

Ի դեպ, այդ միջոցառումների կազմակերպման բարձր որակը հենց պարոն Մինասյանի ջանքերով է ապահովվել: Ընդհանրապես, հայտնի չգրված կանոն կա, երբ որեւէ մեկն սկսում է աչքի ընկնել իր լավագույն որակներով, աշխատանքի բարձր ցուցանիշներով, միանգամից հայտնվում են մարդիկ, որոնց դա դուր չի գալիս: Բնական է, որ պետք է այսպիսի բամբասանքներ տարածեն պարոն Մինասյանի հասցեին»,- ասաց Արսեն Բաբայանը՝ իր խոսքում, ըստ էության, հաստատելով մեր տեղեկությունները:

Հետո էլ ԱԺ-ում կոռուպցիա են փնտրում, ամբիոնից աղաղակում են: Բա կոռուպցիան հո պոզ ու պոչով չի՞ լինում. քավոր-սանիկներն իրար «պաս տալով»՝ գործում են եւ օգտվում պետության բարիքներից:




Լրահոս