ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովում այսօր քննարկվեց ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Հրանտ Բագրատյանի ներկայացրած նախագիծը, որով առաջարկվում է փոփոխություններ կատարել բանկային համակարգում. «Ես գտնում եմ, որ օրենքով մենք պետք է բանկերի մեծ մասին ժամանակ տանք, որպեսզի վերագրանցվեն և դառնան բաց բաժնետիրական ընկերություն»,- նշեց Բագրատյանը և ընդգծեց, որ բանկերի անցումը բաց բաժնետիրական ընկերության ձևի պետք է ավելի շուտ արվեր:
Ֆինանսների փոխնախարար Վախթանգ Միրումանը ներկայացրեց նախագծի վերաբերյալ Կառավարության տեսակետը: «Կառավարությունը ողջունում է բանկային ոլորտում հնարավոր ոչ թափանցիկ գործելակերպի հետ կապված ռիսկերը կանխելու նախաձեռնությունը: Այսօր բոլոր բանկերի նկատմամբ սահմանված են գործունեության թափանցիկության և հաշվետվողականության միանման պահանջներ՝ անկախ կազմակերպաիրավական ձևից»,- նշեց Միրումյանը:
ԿԲ փոխնախագահ Ներսես Երիցյանն էլ նշեց, թե պատրաստ են քննարկումներ սկսել օրենքի նախագծի հեղինակի հետ՝ նոր ստեղծվող բանկերը միայն բաց բաժնետիրական ընկերությունների ձևով ստեղծելու վերաբերյալ պահանջ սահմանելու շուրջ:
Հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանն էլ նկատեց, որ բարձրացված խնդիրն ընդունում են և՛ կառավարությունը, և՛ Կենտրոնական բանկը. «Խնդիրը այն է, որ վաղ թե ուշ մենք պետք է անցնենք, նրան, որ մեր բանկերը դառնան ԲԲԸ, քանի որ դա տալիս է բազմաթիվ առավելություններ», – նշեց Մինասյանը:
Նախագիծը դրվեց քվեարկության և կողմ քվեարկեցին Հրանտ Բագրատյանը, Արծվիկ Մինասյանը և Լևոն Դոխոլյանը, սակայն այն դրական եզրակացություն չստացավ: