Սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ առաջարկություններ ներկայացնելու փուլն այսպիսով ավարտված է, եւ նախագիծը մշակելու նպատակով ստեղծված մասնագիտական հանձնաժողովն այլեւս կարող է ձեւականությունների հետեւից չընկնել եւ առաջիկայում հրապարակել բուն փոփոխությունների բովանդակությունը: Առավել եւս, որ նշված հանձնաժողովը վաղուց գիտի, թե սահմանադրական փոփոխությունների ինչպիսի տեքստ պետք է պատրաստի:
Մյուս կողմից արդեն իսկ կարող ենք արձանագրել, որ Հայաստանի հանրության մեծամասնությունը սահմանադրական փոփոխությունների նկատմամբ անտարբեր է. կանեն, չեն անի, մարդկանց մեծ մասին չի հետաքրքրում: Սահմանադրական փոփոխությունների հարցը հետաքրքրում է, թերեւս, միայն քաղաքական ուժերին: Մասնավորապես, դրանց շարունակում են դեմ արտահայտվել միայն հին ընդդիմադիրները, կամ ավելի կոնկրետ՝ ՀԱԿ կուսակցությունը:
Վերջիններս շարունակում են պնդել, որ գործող Սահմանադրությունը փոխելու կարիք չկա, եւ որ այս փոփոխություններով Սերժ Սարգսյանը հերթական հարվածն է հասցնելու Հայաստանի ժողովրդավարությանը: Հին ընդդիմությունից ԲՀԿ-ն, որը մինչեւ փետրվարյան հայտնի դեպքերը սահմանադրական փոփոխություններին դեմ էր, այժմ պատրաստ է վերջնական տեքստի շուրջ քննարկումներին մասնակցել: Ինչպես հայտնի է՝ ՀՅԴ-ն եւ «Ժառանգությունը» ի սկզբանե հայտարարել են, որ սահմանադրական փոփոխությունների գաղափարին դեմ չեն:
Ավելին՝ ՀՅԴ-ն դեռեւս հունվարին հրապարակեց սահմանադրական փոփոխություններին վերաբերող առաջարկությունները, որոնք հետագայում ուղարկվել են սահմանադրական փոփոխությունները մշակող հանձնաժողովին: Այդ առաջարկություններին մենք անդրադարձել ենք, դրանք հիմնականում վերաբերում են խորհրդարանական կառավարմանը եւ Ազգային ժողովի դերի բարձրացմանը:
Ընդամենը մի քանի օր առաջ հայտնի դարձավ, որ սահմանադրական փոփոխությունների հետ կապված ՕԵԿ-ը եւս առաջարկներ ունի, որոնք այդ կուսակցությունը օրերս հրապարակել էր: Առաջարկությունը հինգ կետից է բաղկացած, որոնցից թերեւս միայն մեկն է ուշադրության արժանի: Մասնավորապես, ՕԵԿ-ն առաջարկում է խորհրդարանական կառավարման պայմաններում խորհրդարանի կողմից ընտրված հանրապետության նախագահին օժտել ներկայիս գործող Սահմանադրությամբ նախագահին վերապահված լիազորությունների մի մասով:
Այսինքն՝ ՕԵԿ-ն առաջարկում է անմիջապես ժողովրդի կողմից չընտրված անձին օժտել պետության ղեկավարի լիազորություններով, ինչը հակասում է խորհրդարանական կառավարման մոդելի սկզբունքներին: Իհարկե, հաշվի առնելով այն փաստը, որ Սերժ Սարգսյանը տենչում է, որ իր պաշտոնավարումից հետո գործադիր ողջ իշխանությունը կենտրոնանա վարչապետի ձեռքերում, իսկ մյուս մասն էլ անցնի խորհրդարանին, ուստի ՕԵԿ առաջարկը դժվար թե ընդունվի:
Տեղեկացնենք, որ պաշտոնապես հրապարակված տվյալների համաձայն՝ սահմանադրական փոփոխությունների տեքստը մշակող մասնագիտական հանձնաժողովն ընդհանուր 14 կուսակցություններից առաջարկություններ է ստացել: Նրանցից միայն վերը բերված երկուսն են իրենց առաջարկները հրապարակել:
Ամեն դեպքում, ՀՀ ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանի գլխավորած մասնագիտական հանձնաժողովը օրեր առաջ տարածած հաղորդագրությամբ տեղեկացրել էր, որ սահմանադրական փոփոխությունների առաջին երեք գլուխները արդեն պատրաստ են: Տվյալ դեպքում խոսքն այն դրույթների մասին է, որոնք վերաբերում են սահմանադրական կարգի հիմունքներին, ինչպես նաեւ՝ մարդու եւ քաղաքացու հիմնական իրավունքներին ու ազատությանը: Իսկ ինչ վերաբերում է կառավարման կարգին եւ, մասնավորապես, նախագահին, խորհրդարանին եւ Կառավարությանը վերաբերող գլուխներին, ապա դրանց տեքստերը դեռ նոր պետք է պատրաստ լինեն: Հիշեցնենք, որ ներկայիս Սահմանադրությունն ընդհանուր բաղկացած է 9 գլխից:
Մյուս կողմից էլ արդեն իսկ հայտնի է, որ մասնագիտական հանձնաժողովը սահմանադրական փոփոխությունների տեքստը պատրաստում է խորհրդարանական կառավարմանը համապատասխան: Այսինքն՝ կառավարման համակարգը փոխելու քաղաքական որոշումը, կարելի է ասել, կայացված է, քանի որ մասնագիտական հանձնաժողովը, առանց Սերժ Սարգսյանի հետ համաձայնեցնելու, նման պատասխանատու քայլ չէր անի:
Ինչեւէ, Գագիկ Հարությունյանը պատրաստվում է մայիսի 18-ից 19-ը հանդիպել Վենետիկի հանձնաժողովի հետ, իսկ մայիսի 22-ին նա եւ հանձնաժողովի անդամները պետք է հրապարակեն սահմանադրական փոփոխությունների՝ այս պահին պատրաստ տեքստը: Այնպես որ, սահմանադրական փոփոխությունների գործընթացը շարունակվում է:
ՎԱՀԱԳՆ ՀՈՎԱԿԻՄՅԱՆ