Ադրբեջանը կանխատեսում է «Եվրատեսիլ»-ում Հայաստանի հաղթանակը. հակաքայլեր սպասե՞նք

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այն բանից հետո, երբ Հայաստանի տաղավարն օրերս արժանացավ Վենետիկի 56-րդ բիենալեի «Ոսկե առյուծ» գլխավոր մրցանակին, ադրբեջանական մամուլն ահազանգեց, որ այս հաղթանակը քաղաքական բովանդակության որոշում էր, ինչը իրենց թույլ է տալիս ենթադրելու, որ դրան կարող է հետեւել Հայաստանը ներկայացնող Genealogy խմբի հաղթանակը «Եվրատեսիլ»-ում, քանի որ, ըստ ադրբեջանական Haqqin.az կայքի, երկու դեպքում էլ շեշտված է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի գաղափարը: Արդյո՞ք այս պարագայում Ադրբեջանից կարելի է հակաքարոզչության դրսեւորումներ եւ վտանգներ ակնկալել:

Թուրքագետ Գեւորգ Պետրոսյանն այս առիթով «Ժողովուրդ»-ի հետ զրուցում կարծիք հայտնեց, որ Թուրքիայի եւ Ադրբեջանի կողմից հակաքայլերը սպասելի են. «Պատմությունը ցույց է տվել, որ իրենց հակահայ պայքարում նրանք ուշադիր են ամենատարբեր ոլորտներում: Նման հայտարարությունները ցույց են տալիս, որ այս ճակատում եւս Բաքուն փորձում է ակտիվ լինել: Ամեն դեպքում, Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը քարոզչական եւ տեղեկատվական առումով լուրջ հարված էր, ինչին էլ նրանք փորձելու են հակադարձել տարատեսակ քայլերով»,-նկատեց թուրքագետը:

Իսկ քաղաքական վերլուծաբան Ստյոպա Սաֆարյանն էլ այն համոզման է, որ Ադրբեջանը քիչ բան է որոշում «Եվրատեսիլ» երգի միջազգային մրցույթում, հետեւաբար, նրա խոսքով, մենք անհանգստանալու կարիք չունենք: «Այլ խնդիր է, որ թուրքերը եւ ադրբեջանցիները փորձում են ամեն առիթով հիշեցնել, թե եվրատեսիլյան մեր երգը քաղաքական բնույթի է: Բայց եթե անգամ այն կապվի Ցեղասպանության թեմայի հետ, Եվրոպան Հայաստանին մեղադրելու որեւէ հիմք չունի»,-նշեց նա:

Անդրադառնալով «Face the shadow» երգին` Ս. Սաֆարյանը նշեց, որ դժվար է միանշանակ ասել` Genealogy խումբը կկարողանա շահել եվրոպացի ունկնդրի սիրտը, թե ոչ: «Եվրատեսիլ»-ի քվեարկության մեխանիզմի համաձայն՝ քվեների կեսն ապահովում է երկրների պրոֆեսիոնալ ժյուրին, որը հաճախ անարդար է գտնվում, ուստի կդժվարանամ կանխատեսումներ անել»,-եզրափակեց նա:

Աննա Բաբաջանյան




Լրահոս