Վահանը, «քեֆը» մի քիչ լավ, որոշեց հրկիզել հարևանի ավտոմեքենան (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Լեփսիուսի փողոցի շենքերից մեկի բակում ապրիլի 26-ի գիշերը մեքենա էր այրվում: Այրվածքներ ստացած քաղաքացիներ չկային: Դեպքի վայրի զննությունը ցույց էր տվել, որ բռնկման պատճառը անսարքությունը չէր. ինչ-որ մեկը կոտրել էր ավտոմեքենայի ապակին, վառել պոլիէթիլային տոպրակն ու գցել մեքենայի մեջ: «Nissan»-ի տերը հարևանին՝ Վահան Եփրեմյանին էր կասկածում:

Վահանը դեպքից մոտ երկու ժամ առաջ, «քեֆը» մի քիչ լավ, տուն գալիս տեսել էր, որ նա մեքենան իրենց պատուհանի տակ է կանգնեցրել, բարձրացել էր երրորդ հարկ, դուրս կանչել և պահանջել այլ տեղ կայանի: Իջել էին բակ, ու խոսքից խոսք վեճը թեժացել էր, քաշքշել էին իրար, անպատվել: Վահանը գազային ատրճանակով սպառնացել էր, որ կսպանի, եթե մի անգամ էլ մեքենան տեսնի իրենց պատուհանի տակ:

Ավելի ուշ Վահանը ոստիկանությունում ասել է, թե ատրճանակը ոչ թե գազային է եղել, այլ՝ խաղալիք:

ՀՀ Քրեական օրենսգրքի 137 հոդվածի 1-ին մասի և 185-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով (սպանության, առողջությանը վնաս պատճառելու, գույքը ոչնչացնելու սպառնալիքը և ուրիշի գույքը դիտավորությամբ ոչնչացնելը կամ վնասելը, որը կատարվել է հանրավտանգ եղանակով) հարուցվել է քրեական գործ:




Լրահոս