Հայաստանի իշխանությունները հաստատակամ են փետրվարին անցկացնել ազատ, արդար ու ժողովրդավարական ընտրություններ՝ հաշվի առնելով մայիսին միջազգային դիտորդների ներկայացրած առաջարկները: Հոկտեմբերի 17-ին այս մասին Բուխարեստում հայտարարեց Սերժ Սարգսյանը Եվրոպայի ամենաազդեցիկ քաղաքական ուժի՝ Եվրոպական ժողովրդական կուսակցության (ԵԺԿ) համագումարում, որին արդեն շուրջ մեկ տարի է՝ անդամակցում է նաեւ Հայաստանի հանրապետական կուսակցությունը:
“Գարնանը Հայաստանում կայացած խորհրդարանական ընտրությունները միջազգային դիտորդների կողմից որակվեցին որպես լավագույնն անկախության հռչակումից ի վեր: Հայաստանի իշխանությունները հաստատակամ են գրանցված առաջընթացը դարձնելու հաստատուն միտում եւ առաջիկայում անցկացնելու ազատ, արդար, թափանցիկ եւ ժողովրդավարական նախագահական ընտրություններ: Այդ նպատակով ձեռնարկվում են նախապատրաստական միջոցառումներ՝ հիմք ընդունելով ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի եզրակացություններն ու առաջարկները”,-ընդգծել է Ս. Սարգսյանը:
ՀԱՐՑ. Հավատո՞ւմ եք, որ փետրվարին անցկացվելիք նախագահական ընտրությունները կընթանան արդար եւ թափանցիկ:
ՊԱՏԱՍԽԱՆ. Հավատում եմ, ինչպես նաեւ հավատում եմ նրան, որ մեր երկրում անվճար առողջապահություն եւ կրթություն է, անկախ դատական համակարգ կա եւ օրենքի գերակայություն, ազնիվ, քաղաքակիրթ բիզնես եւ սոցիալական դրախտ: Իսկ թե ինչու է Եվրոպան հավատում Հայաստանի խոսքերին, պետք է ասեմ, որ նրանք ոչ թե կույր են, այլ պարզապես թքած ունեն:
ՎԱՀԱՆ ԱՐԾՐՈՒՆԻ
երգիչ-երգահան
ՊԱՏԱՍԽԱՆ. Շատ կցանկանայի, որ այդպես լիներ, սակայն խիստ կասկածում եմ: Ինչպես կասեր հայտնի ֆիլմի հերոսը. ,Պանիկովսկին իրավունք չունի հավատալուե:
ՎԱՐԴԱՆ ՕՆԱՆՅԱՆ
“Երկիր մեդիա” հեռուստաընկերության հաղորդավար
ՊԱՏԱՍԽԱՆ. Երբեք մեր երկրում չեն կարող լինել արդար, առավել եւս թափանցիկ ընտրություններ: Իսկ եթե Եվրոպան իսկապես հավատում է, ուրեմն կույր է, որ չի տեսնում մեր իրականությունը: Պետք է ասեմ, որ Եվրոպայի աչքերին թոզ փչելու հատուկ վարպետներ կան:
ԱՐՏԱՎԱԶԴ ԵՂՈՅԱՆ
ռեժիսոր-մեկնաբան
ՊԱՏԱՍԽԱՆ. Չեմ հավատում:
ԱՆԱՀԻՏ ԲԱԽՇՅԱՆ
Կրթության ազգային ինստիտուտի փոխտնօրեն
Հ.Գ. Ի դեպ, երեկ ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի ղեկավար, դեսպան Անդրեյ Սորոկինը հայտարարել է, որ ընթացիկ տարվա մայիսի 6-ին կայացած խորհրդարանական ընտրությունները բոլոր նախորդներից ժողովրդավարական են եղել: Իսկ պատվիրակության ղեկավարի տեղակալ Վիլյամ Հենանը ընդգծել է, թե որոշ խախտումներ եղել են, սակայն ընդհանուր առմամբ Հայաստանում ընտրությունների գործընթացը բարելավվել է:
Պատրաստեց ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆԸ