2015 թ. մայիսի 12-ի նիստում ԿԲ խորհուրդը որոշեց անփոփոխ թողնել վերաֆինանսավորմանտոկոսադրույքը՝ 10.5%:
2015 թ. ապրիլին արձանագրվել է 0.4% գնանկում՝ նախորդ տարվա նույն ամսվա 0.5% գնաճի դիմաց, որի պարագայում 12-ամսյա գնաճը նվազել է՝ ամսվա վերջին կազմելով 4.8%:
Փաստացի զարգացումների համաձայն արտաքին հատվածում շարունակվել են համաշխարհային տնտեսության դանդաղ աճի միտումները, ինչի պարագայում հիմնական հումքային և պարենային ապրանքների միջազգային շուկաներում պահպանվել է գնանկումային միջավայրը: Ելնելով այդ զարգացումներից՝ ԿԲ խորհուրդը գտնում է, որ առաջիկա ամիսներին արտաքին հատվածից ակնկալվում են գնանկումային ազդեցություններ:
Խորհուրդն արձանագրում է, որ առաջին եռամսյակի ընթացքում դիտվել է տնտեսական ակտիվության ցուցանիշի 2.5% աճ՝ պայմանավորված կանխատեսվածի համեմատ գյուղատնտեսության ճյուղի ավելի բարձր աճով և շինարարության ճյուղի ավելի քիչ անկմամբ: Գյուղատնտեսության ճյուղի դրական զարգացումների ներքո կդիտվի նաև պարենային ապրանքների գների սեզոնային ավելի մեծ նվազում: Մյուս կողմից գնահատվում է, որ առաջիկայում էլեկտրաէներգիայի սակագնի հնարավոր բարձրացման արդյունքում վերոնշյալ գնանկումային ազդեցությունները կչեզոքանան, և վերաֆինանսավորման տոկոսադրույքի ներկայիս մակարդակը հնարավորություն կտա 12-ամսյա գնաճը մինչև տարեվերջ կայունացնել նպատակային ցուցանիշի շուրջ:
Հետագայում, տնտեսական զարգացումներին զուգընթաց, ԿԲ-ն համապատասխանորեն կճշգրտի դրամավարկային քաղաքականության ուղղությունները՝ միջնաժամկետ հատվածում ապահովելով գնաճի նպատակի իրագործումը:
Տոկոսադրույքի մակարդակի որոշման հիմքում ընկած մանրամասն տեղեկատվությանը կարող եք ծանոթանալ մայիսի 22-ին հրապարակվելիք Գնաճի հաշվետվությունում (Դրամավարկային քաղաքականության 2015 թ. երկրորդ եռամսյակի ծրագրում):