«Դու չափն անցել ես. գնա, ոնց ուզում ես` տակից դուրս արի». Գյումրիի քրեական տարրերը՝ իրենց՝ դանակահարության մեջ մեղադրվող ընկերոջը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Armlur.am-ի տեղեկություններով, մարտի 28-ին Գյումրիում տեղի ունեցած հանրահավաքի ժամանակ «Հիմնադիր խորհրդարանի» անդամ Հրաչիկ Միրզոյանին դանակահարելու մեջ մեղադրվող Կարո Խաչատրյանը գրավի դիմաց ազատ է արձակվել: Այսպիսով, Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանը բավարարել է Կարո Խաչատրյանի պաշտպանի՝ Արմեն Սողոմոնյանի միջնորդությունը՝ իր պաշտպանյալին գրավի դիմաց ազատ արձակելու մասին: Փաստաբանի հետ առայժմ կապ հաստատել չհաջողվեց:

Armlur.am-ի հետ զրույցում հանրահավաքի ժամանակ դանակահարված, այս գործով տուժող «Հիմնադիր խորհրդարանի» անդամ Հրաչիկ Միրզոյանը նշեց, որ իր համար իրադարձությունների նման ընթացքը սպասելի էր և տրամաբանական: Մեր զրուցակիցը վստահեցրեց, որ Կարո Խաչատրյանը, ում երկրորդ անունը Ռուդիկ է, հանրահավաքի օրը կատարել է իշխանությունների պատվերը. «Երբ որ մենք այնտեղ գտնվող ոստիկաններին ասում էինք, որ կարգի հրավիրեն սադրիչներին, սակայն նրանք խուսափում ու մեր հորդորները հաշվի չէին առնում, ամեն բան պարզ և հասկանալի դարձավ. սադրիչները՝ Ռուդիկի գլխավորությամբ, ոստիկանների ցանկություններն էին կատարում: Բնականաբար, նա պետք է ազատ արձակվեր, այլ կերպ չէր էլ կարող լինել: Իրավապահները վստահեցնում էին, թե դա ոչ թե խմբակային հանցագործություն էր, այլ անհատ մարդ է եղել հանցանք կատարողը՝ ի դեմս Ռուդիկ Խաչատրյանի»:

ՀԽ անդամը հայտնեց, որ չի բողոքարկի դատարանի որոշումը, քանի որ իմաստ չի տեսնում. նա նախընտրում է իր ուժն ու եռանդը երկիրը փոխելու գործում ներդնել. «Հայաստանի արդարադատությանը չեմ վստահում, իզուր ժամանակս ինչո՞ւ վատնեմ բողոքարկելու վրա: Ավելի լավ է` արդյունավետ գործերով զբաղվեմ»:

Հրաչիկ Միրզոյանը նշեց, որ իրեն դանակահարելու մեջ մեղադրվող Կ. Խաչատրյանի հետ առերեսման ժամանակ է իմացել, որ նա երկու երեխա ունի, առողջական խնդիրներ, իսկ Գյումրիում շրջանառվող լուրերի հաձայն, որոնք լսել է նաև Հրաչիկ Միրզոյանը, Կարո Խաչատրյանը Գյումրիի քրեական տարրերից է: ՀԽ անդամը հայտնեց, որ նույն լուրերի համաձայն, դեպքից օրեր անց, երբ Կ. Խաչատրյանը դեռևս չէր ձերբակալվել, այցելել է իր «գողական» ընկերներին ու խնդրել օգնեն իրեն դուրս գալ ստեղծված իրավիճակից, սակայն խնդրանքը մերժվել է. «Ռուդիկի «գողական» ընկերներն էլ ասել են, թե մենք քեզ ընդամենը ասել ենք խանգարես հավաքը, բայց դու չափն անցել ես, ուրեմն՝ գնա ու ինչպես ուզում ես, տակից դուրս արի: Ու մենակ են թողել Ռուդիկին: Բայց փաստորեն հետո պլանները փոխվել, ու համապատասխան աջակցությունը ցուցաբերվել է»,- պատմեց մեր զրուցակիցը:

Նա նշեց նաև, որ իրեն հավաստի տեղեկություններ են հասել այն մասին, որ Կարո Խաչատրյանի հայրը Գյումրիում բավականին հարգված և ճանաչված մարդ է, և շատերն են զարմացել, երբ իմացել են, որ նրա որդին կարող էր նման գործերի մեջ ներքաշվել:

Հիշեցնենք, որ 2015 թվականի մարտի 28-ին ահազանգ է ստացվել, որ նույն օրը՝ ժամը 16։45-ի սահմաններում, Գյումրու Թատերական հրապարակում տեղի ունեցած հավաքի ժամանակ կտրող-ծակող գործիքով մարմնական վնասվածք է պատճառվել Երևանի բնակիչ Հ. Միրզոյանին։ Նախնական ախտորոշմամբ՝ քաղաքացուն պատճառվել է կրծքավանդակի ձախ կեսի կողմնային պատի 9-րդ և 10-րդ միջկողային տարածքի կտրած-ծակած թափանցող վերք։

Դեպքի առթիվ Շիրակի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով, կատարվել դեպքի վայրի զննություն, նշանակվել փորձաքննություն։ Հ. Միրզոյանը ճանաչվել է որպես տուժող և հարցաքննվել։ Վերջինս ցուցմունքներ է տվել դեպքի հանգամանքների մասին և նշել, որ հիվանդանոց տեղափոխվելուց հետո իրեն լուսանկար են ցույց տվել, որում ինքը ճանաչել է իրեն մարմնական վնասվածք պատճառած անձին և նկարագրել նրան։ Ավելի ուշ պարզվել է, որ նշված քաղաքացին Կարո Խաչատրյանն է:




Լրահոս