«Հայ մայրեր» բարեգործական հասարակական կազմակերպության առաջարկությամբ և Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ իրականացվող «Երևանի քաղաքապետարանը՝ Երևանի մանուկներին» ծրագրի 2015 թվականի տարեշրջանը մեկնարկել է։ Այլընտրանքային վերականգնողական բուժական ծրագրի շահառուները մանկական ուղեղային կաթված ունեցող այն երեխաներն են, ովքեր միայնակ մայրերի խնամքին են։
«Ծրագիրը նախորդ տարի է մեկնարկել և լավ հիմքերի վրա դրված արդյունավետ համագործակցության արդյունք է, որի գնահատականը երեխաների ծնողներն են տվել։ Այս և շատ այլ ծրագրերի ու համագործակցությունների արդյունքը տեսնելով՝ հասարակական կազմակերպությունները տարբեր նախաձեռնություններով այսօր անկաշկանդ դիմում են քաղաքապետարան, և համակարգված ու թիրախային առաջարկություններին, ըստ առաջնահերթության, քաղաքապետարանն աջակցում է»,- նշել է Երևանի քաղաքապետի օգնական Սամվել Մերթարջյանը։
«Երևանի քաղաքապետարանը՝ Երևանի մանուկներին» ծրագիրն այս տարի էլ իրականացվելու է երեք փուլով՝ արտթերապիա, որը ձեռքերի մանր մոտորիկայի խթանման ճանապարհով զարգացնում է երեխաների մտավոր ունակությունները, կինեզոթերապիա՝ շարժումներով բուժում, և ջրային թերապիա։
«Սա շատ ասպեկտներով արտահայտված սոցիալական ծրագիր է, թերևս «Հայ մայրեր» բարեգործական հասարակական կազմակերպության համար ամենահաջողված համագործակցությունն է. բացի երեխաների վերականգնողական բժշկումից, այն նաև հոգեբանական ու սոցիալական մեծ աջակցություն է մայրերին։ Ծրագիրը եռաստիճան համակարգված բուժում է, որ Երևանի քաղաքապետի հետևողականության շնորհիվ չի ընդհատվում, ինչը անչափ կարևոր է` տարիներ անց հնարավորինս մեծ արդյունք ակնկալելու համար»,- նշել է «Հայ մայրեր» բարեգործական հասարակական կազմակերպության հիմնադիր, նախագահ Նարինե Մանուկյանը։