ԱԺ հայտարարությունների ժամը երեկ բավական թեժ ընթացք ունեցավ: ՀՅԴ-ից Արմեն Ռուստամյանը հիշեցրեց, որ իշխանություններն ԱԺ ընտրություններից առաջ չհամաձայնեցին 100 տոկոս համամասնական ընտրակարգի անցնելու իրենց առաջարկին՝ պատճառաբանելով, որ ընտրություններից առաջ չեն ցանկանում խաղի կանոնները փոխել: «Հիմա հատուկ հենց կոնկրետ այս մեկ առաջարկությունն ենք կրկնել անմիջապես խորհրդարանական ընտրություններից հետո»,- ասաց նա՝ տեղեկացնելով, որ կառավարությունը մերժել է նաեւ այս անգամ: Ըստ նրա՝ մերժման պատճառը հետեւյալն է, որ «Առանց այս 41 բոնուսային մանդատն ունենալու եւ դրանց միջոցով ընտրությունների արդյունքները կանխորոշելու՝ գրեթե անհնարին է լինելու ապահովել իրենց վերարտադրումը»:
ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանն էլ ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանի համար փոքր դասախոսություն կարդաց՝ հիշեցնելով ՀՀԿ-ականի նախօրեի ելույթը, թե պետությանը չի կարելի ասել ավազակապետություն, պետությունը ժողովուրդն է «Եւ այսպես, կան բառեր, որ ծագում են հին հունարենից եւ պարունակում են «կրատիա» կամ «արխիա» արմատները, ինչը նշանակում է իշխանություն… Ուստի, երբ մենք օգտագործում ենք «ավազակապետություն» բառը, նկատի ունենք ոչ թե պետությունը, այլ իշխանությունը»,-տեղեկացրեց Զուրաբյանը՝ նշելով, որ եթե իշխանությունները ցանկանում են ապացուցել, որ իրենք ավազակապետություն չեն, ապա թող անցկացնեն ազատ ու արդար ընտրություններ՝ մինչ այդ ընդունելով ՀԱԿ-ի կողմից շրջանառության մեջ դրված ԸՕ փոփոխությունների նախագիծը, որի ընդունումը թույլ կտա կանխել ընտրագողության հիմնական ձեւերը:
Թեժ էր ՀՀԿ-ԲՀԿ բանավեճը: ՀՀԿ խմբակցությունից Լեւոն Մարտիրոսյանն անդրադարձավ նրան, որ ԱԺ նախորդ քառօրյայի ժամանակ, երբ ինքը օլիմպիադայում հայ մարզիկների ելույթը որակել էր «խայտառակ», մարզիկների անունից պատասխան էր ստացել: Ըստ նրա՝ սպորտային ինչ-որ չինովնիկի դուր չի եկել իր ասածը եւ ի պատասխան իր խոսքերի՝ ««ճ» կլասի բաց նամակ» են ուղարկել: ԲՀԿ-ից Նաիրա Զոհրաբյանը չափազանց կոշտ հակադարձեց: «Ինչ վերաբերում է «ճ» կլասի ելույթներ արտահայտությանը, ապա ես խորհուրդ չեմ տա խոսել «ճ» կլասի ելույթներից, զեկույցներից, որովհետեւ հենց այստեղ՝ այս դահլիճում, այնպիսի քծնանքի, ձանձրույթի համադրության այնպիսի խայտառակ, այնպիսի «ճ» կլասի եւ ավելի ցածր կլասի ելույթներ են հնչում, որ ուղղակիորեն անհարմար ես զգում, որպես ՀՀ քաղաքացի` լսելով, կրկնում եմ, քծնանքի, ձանձրույթի եւ տափակության այդ կատարյալ համադրությունները»,-ասաց նա: Ըստ Զոհրաբյանի՝ կառավարությունը մերժել է ԲՀԿ-ի տնտեսական օրինագծերը՝ պատճառաբանելով, թե դրանք համահունչ չեն կառավարության տնտեսական քաղաքականությանը։ «Իհարկե համահունչ չէ։ Այս կառավարության տնտեսական քաղաքականությունը բոլորովին այլ է, որի հետեւանքը արտագաղթն է, երկրի արտաքին պարտքն է, եւ հիմա մտածում են, թե էլ որտեղից վարկ բերեն, որ ավելի կքենք պարտքերի տակ»,-ասաց նա:
ՔԾՆԱՆՔԻ ՈՒ ՁԱՆՁՐՈՒՅԹԻ ՀԱՄԱԴՐՈՒԹՅՈՒՆ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
ԱՐՄԱՆ ԳԱԼՈՅԱՆ