Երեկվա դրությամբ Մարտունու ինֆեկցիոն հիվանդանոցում մնացել է սիբիրյան խոց հիվանդությամբ կասկածվող 6 հիվանդ: Այս մասին «Ժողովուրդ»-ը տեղեկացավ հիվանդանոցի փոխտնօրեն Վարդան Կարապետյանից: «Հավանաբար վաղն էլ երեքը դուրս կգրվեն, եւ կմնան երեքը: Բոլոր դեպքերն էլ թեթեւ են: Կասկածելիներն էին, բայց բոլորի վիճակը բավարար էր, այդ պատճառով դուրս են գրվել, պահելու կարիք չկար: Կգնան, իրենց ամբուլատորիայի հսկողության տակ կմնան՝ վերքերը բուժելու համար: Միայն մի հոգու մոտ էր հաստատվել սիբիրյան, նա էլ շարունակում է բուժվել: Ըստ երեւույթին, մաշկային տեսակն է: Հիվանդն էլ Ծովակ համայնքից է»,-ներկայացրեց փոխտնօրենը: Իսկ Ծովակ համայնքում դեռ ընթանում են պրոֆիլակտիկ աշխատանքներ, տները վարակազերծվում են:
«Դե մի քանի վարկածներ են քննարկվում, ասում են, թե վարակը հողից է կամ կենդանուց»,-մեզ հետ զրույցում ասաց Ծովակի գյուղապետ Գարիկ Հակոբյանը: Նա տեղեկացրեց, որ իրենց համայնքի անասնաբույժի կողմից այս տարի մայիսին են արվել պատվաստումներ:
Վանեւան համայնքի ղեկավար Նորայր Հարությունյանի խոսքով՝ իրենց համայնքից 4 հոգի 2-3 օր բուժում են ստացել ինֆեկցիոն հիվանդանոցում: «Հիմա սիբիրյան խոց է, թե ինչ է՝ հետագայում պարզ կլինի: Բայց բժշկական հանձնաժողովն ուսումնասիրել է եւ տեսել, որ այդ վերքերը լավացել են: Իրենք մինչեւ ուրբաթ կլինեն տանը, հետո կգնան նորից հետազոտվելու: Մասնագետները եկան, վաքցինացիա կատարեցին, հետո իբր հայտնաբերվեց սիբիրյան խոց, բայց ո՛չ ջերմություն կար, ո՛չ քրտինք, ո՛չ էլ դող: Ու դրանից հետո մասնագետները տուն առ տուն, սառնարան առ սառնարան ստուգում են»,-նկարագրեց գյուղապետը:
Հավելենք, որ այս թեմայով ՀՀ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունն այսօր ասուլիս է հրավիրել:
ԲՈՒԺՎՈՒՄ ԵՆ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ