11 ՏԱՐԻ՝ ՎՐԻԺԱՌՈՒ ՀՈՐԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը երեկ 11 տարվա ազատազրկման է դատապարտել  որդու սպանության համար վրեժխնդիր եղած Բորիս Հակոբյանին:
Նրա հետ ամբաստանյալի աթոռին հայտնված Վահրամ Մարգարյանին՝ Ռամիլ Սաֆարովի կողմից Հունգարիայում սպանված Գուրգեն Մարգարյանի եղբորը, դատարանն անմեղ է ճանաչել սպանության մեջ` անբավարար ապացույցների հիմքով: Իսկ  ապօրինի զինամթերք պահելու մեջ դատարանը Մարգարյանին մեղավոր է ճանաչել, դատապարտել 1 տարի 2 ամսվա ազատազրկման եւ բավարար համարելով կալանքի ընթացքում անազատության մեջ մնալու ժամկետը՝ ազատել դատարանի դահլիճից:
Հիշեցնենք, որ 2011թ. օգոստոսի 2-ին Երեւանի Զաքյան փողոցում հրազենով սպանել էին Ռուսաստանի քաղաքացի 46-ամյա Խաչիկ Գալստյանին, որը դրանից մի քանի օր առաջ էր եկել ՌԴ Տուապսե քաղաքից եւ բնակվում էր «Շիրակ» հյուրանոցում: Սպանության կասկածանքով ձերբակալել էին 32-ամյա Վահրամ Մարգարյանին եւ 56-ամյա Բորիս Հակոբյանին: Վ. Մարգարյանին մեղադրանք էր առաջադրվել ապօրինի զենքի ձեռքբերման, պահելու (ՀՀ քր. օր.-ի 235-րդ հոդված) եւ Բորիս Հակոբյանի օժանդակությամբ ու նրա կողմից տրամադրված զենքի գործադրմամբ սպանություն կատարելու մեջ (104-րդ հոդված): Սակայն Վահրամն իրեն վերագրված մեղքը չէր ընդունել` պնդելով, որ սպանության հետ ինքը կապ չունի: Իսկ Բորիս Հակոբյանը դատաքննության ընթացքում հայտարարել էր. «Սպանությունը կատարել եմ ես, ինչի համար չեմ զղջում»: Նա հայտարարել էր, որ Գալստյանին սպանել է՝ վրեժխնդրությունից դրդված: Մոտ երկու տարի առաջ Ռուսաստանի Տուապսե քաղաքում մի քանի անձանց կողմից դաժան ծեծի էր ենթարկվել, ապա սպանվել  նրա գործարար որդին՝ Տիգրանը: Որդու սպանության համար Բորիս Հակոբյանը մեղավոր էր համարել Խաչիկ Գալստյանին եւ վրեժխնդիր եղել:
Դեռ հայտնի չէ՝ կողմերը կբողոքարկեն դատավճիռը, թե ոչ:

ԷԼՄԻՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ




Լրահոս