Մայրաքաղաք Երևանի գլխավոր պողոտայի Նալբանդյան-Հանրապետության հրապարակ փողոցների միջնամասում ընկած այգին արդեն, կարելի է ասել, վերջնականապես պատրաստ է: Քաղաքապետարանի նախաձեռնությամբ վերակառուցված այգին, ինչ խոսք, օրվա ցանկացած ժամի այցելուների պակաս չի ունենում:
Եվ այսօր Armlur.am-ի տեղախցիկը ֆիքսեց, որ այգում տեղադրված է մոտ 17 խաչքար՝ պահպանված տարբեր դարաշրջաններից: Միգուցե քաղաքապետարանը նպատակահարմար է գտել մի վայրում նման քանակությամբ խաչքարեր տեղադրել, սակայն պետք է նշել, որ նույն այգում հետագայում տեղադրվելու է նաև Գարեգին Նժդեհի արձանը: Մնում է հուսալ, որ այգու արտաքին տեսքն այսքանից հետո չի տուժի: Սակայն միաժամանակ հարց է առաջանում, թե ինչո՞ւ է հենց նորակառույց այգում տեղադրվելու Գարեգին Նժդեհի արձանը: Թեպետ զարմանալու ոչինչ չկա. չէ՞ որ Գարեգին Նժդեհի հրապարակում էլ տարիներ առաջ խնամքով տեղադրվել է Սուրեն Սպանդարյանի արձանը:
Նշենք, որ Երևանի քաղաքապետարանից տեղեկացանք, որ նորաբաց այգում տասնյոթ խաչքարերը ժամանակավոր են տեղադրվել. թե ուր են տեղափոխվելու հետագայում, դեռևս ճշտել չհաջողվեց: