«Երկիրը երկիր չէ» կամ «ազգն ազգ չէ» արտահայտությունները կարելի է լսել ցանկացած քայլափոխի: Ու որեւէ մեկը չի մտածում, որ ինքը կարող է այդ արտահայտությունների պատճառ լինել: Դեռեւս 1910թ. Հովհաննես Թումանյանն իր հոդվածում հանճարեղ կերպով ամեն ինչի պատասխանը տվել է. «Իսկ ես ասում եմ. ժողովուրդը երբեք լավ չի հասկացել, այժմ էլ լավ չի հասկանում եւ միշտ էլ լավ չի հասկանալու: Նա միշտ նայել է իր մեջ զանազան միջոցներով անուն հանած գործիչների երեսին ու գնացել է նրանց հետեւից, եւ վայ էն ժողովրդի մեղքը, որի գործիչներն էնքան խղճմտանք չեն ունենալ, որ իրենց փոքրիկ անձերն ու կրքերը կդարձնեն հասարակության զբաղմունքի առարկա եւ իրենց չնչին անձնական հաշիվների շուրջը փոթորիկներ հարուցանելով կտան մեծ խնդիրների կերպարանք: Վա՜յ էն ժողովրդին»:
Հարց. Ի՞նչ է կախված ՀՀ շարքային քաղաքացուց, որ «երկիրը երկիր դառնա», եւ արդյոք որեւէ բան կախված է:
ՊԱՏԱՍԽԱՆ. Հենց մեր քաղաքացիները դադարեն քննադատել ուրիշների գործերը՝ նույնիսկ գաղափար չունենալով նրանց մասնագիտությունից, եւ սկսելով ինքնաքննադատությունից՝ փորձեն ամենաառաջինը շտկել հենց իրենց, ամեն ինչ կամաց-կամաց կկարգավորվի:
շոումեն
ՊԱՏԱՍԽԱՆ. Միակ բանը, որ ես կարող եմ ասել, հետեւյալն է. եթե յուրաքանչյուր մարդ զբաղվի իր գործով, այն էլ պարտաճանաչ զբաղվի, միայն այդ դեպքում մենք կունենանք լիակատար երկիր:
«Արմենիա» հ/ը «Երկրի գանձերը»
հեռուստանախագծի հաղորդավար եւ սցենարի հեղինակ
ՊԱՏԱՍԽԱՆ. Բանն այն է, որ հենց քաղաքացուց է կախված: Եթե ամեն մեկն իր գործով զբաղվի, իր երեխաներին լավ ու խելացի մարդիկ դաստիարակի, ձգտի իր մասնագիտության մեջ հասնել լավագույնին եւ իր միկրոաշխարհը պահել մաքուր՝ փորձելով անընդհատ կատարելագործել, եթե ամեն մեկն այս սկզբունքով ապրի, հաստատ երկիրն էլ երկիր կլինի, ազգն էլ՝ ազգ: Բայց եթե ամեն մեկս, մեր բանուգործը թողած, քթներս խոթում ենք այնտեղ, որտեղից առանձնապես չեն հասկանում, օրինակ՝ քաղաքականության մեջ կամ այլոց կյանքի մեջ, լինում է այն, ինչ ունենք այժմ: Այդ «ամեն մեկից» է ամեն ինչ սկսվում, եւ դրանց գումարն է հասարակություն դառնում:
հաղորդավարուհի
ՊԱՏԱՍԽԱՆ. Երկիր չկա, որ քաղաքացին լրիվ գոհ լինի: Իհարկե, ՀՀ քաղաքացուց շատ բան է կախված, որ երկիրը երկիր դառնա: Քաղաքացին է պայման ստեղծողը, իսկ ղեկավարությունը ստեղծում է նախապայմանը:
սոցիոլոգ
ՊԱՏԱՍԽԱՆ. Լավ հարց: Գործում է հասարակական հարաբերությունների օրենքը` արժեքները սովորաբար ձեւավորում եւ տարածում են բուրգի գագաթից: Եթե մեր բուրգի գագաթին գաղութարարի հոգեբանություն է, այդ հոգեբանության վարքի դրսեւորումներն աստիճանաբար նվազում եւ հասնում են բուրգի ստորին հատվածին, ինչքան ներքեւ` այնքան քիչ: Այս օրենքի լույսի ներքո է «երկիրը երկիր չէ», «ազգը ազգ չէ» եւ այլն գնահատականը տրվում բուրգի գագաթին:
ազգագրագետ
Պատրաստեց ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆԸ