Էկոնոմիկայի նախարարի գլխավորած պատվիրակությունը կմասնակցի Վերակառուցման և Զարգացման Եվրոպական Բանկի տարեկան ժողովին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

 Մայիսի 13-ից 15-ը Թբիլիսիում տեղի կունենա Վերակառուցման և Զարգացման Եվրոպական Բանկի (ՎԶԵԲ) տարեկան ժողովը:

ՎԶԵԲ-ի տարեկան ժողովին մասնակցելու նպատակով մայիսի 13-ին Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսի է մեկնել ՀՀ էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանի գլխավորած պատվիրակությունը, որի կազմում են՝ ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Սերգեյ Ավետիսյանը, ՀՀ կենտրոնական բանկի (ԿԲ) նախագահի տեղակալ Ներսես Երիցյանը, ԿԲ ֆինանսական համակարգի կայունության և զարգացման վարչության պետ Անդրանիկ Գրիգորյանը, ԿԲ ֆինանսական համակարգի կարգավորման վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Կարեն Հակոբյանը, Հայաստանի Զարգացման Հիմնադրամի տնօրեն Արման Խաչատրյանը, Հայաստանի Զարգացման Հիմնադրամի ներդրումների տնօրեն Ավետիս Հովհաննիսյանը, Արարատ Բանկ ԲԲԸ գործադիր տնօրեն Աշոտ Օսիպյանը և Ձեռնարկությունների Ինկուբատոր Հիմնադրամի տնօրեն Բագրատ Ենգիբարյանը:

ՎԶԵԲ-ի 2015 թվականի տարեկան ժողովը կանցկացվի «Ներդրումներ հանուն փոփոխության» թեմայով: Բանկի համար այս տարվա ժողովը կարևորվում է հեռանկարային ռազմավարական ճշգրտումներ կատարելու տեսանկյունից:

Տարեկան ժողովի շրջանակներում տեղի կունենա գործարար համաժողով, որի ընթացքում որոշ երկրներին հնարավորություն կընձեռվի պոտենցիալ ներդրողներին ներկայացնելու իրենց երկրի ներդրումային հնարավորությունները:

Այս տարի Հայաստանի Հանրապետությունը նախաձեռնել և հնարավորություն է ստացել մասնակցելու վերոնշյալ համաժողովին:

Գործարար համաժողովի ընթացքում Հայաստանի Հանրապետության պատվիրակությունը կներկայացնի մեր երկրի ներդրումային միջավայրը, գրավչությունները, հաջողված փորձը և նոր ներդրումային գաղափարները` անմիջական շփումներ ունենալով խոշոր ներդրողների հետ:




Լրահոս