ՍՏՈՒԳՈՒՄՆԵՐ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆՈՒՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Գյումրու քաղաքապետարանը զրկված է ֆիքսված հեռախոսակապից զանգեր կատարելու հնարավորությունից: Քաղաքապետարանի մամուլի քարտուղար Զոհրապ Եգանյանը մեզ տեղեկացրեց, որ հեռախոսներն անջատված են պարտքերի պատճառով, եւ այդ հարցը մոտ ժամանակներում կկարգավորվի: «Պարտքը բավական գումար է կազմում»,-ասաց Զ. Եգանյանը, սակայն դժվարացավ նշել կոնկրետ գումարը:
Մեզ հաջողվեց պարզել, որ քաղաքապետարանի պարտքը կազմում է 2 մլն 60.947 դրամ: Նշենք, որ նման իրավիճակ էր ստեղծվել նաեւ մեկ ամիս առաջ՝ դեռ նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի օրոք: Կառույցն ամբողջությամբ զրկվել էր զանգեր իրականացնելու  հնարավորությունից. այդ ժամանակ քաղաքապետարանի հեռախոսային կապի պարտքը կազմում էր 2 մլն 727.431 դրամ:
Երեկ «ՀԺ»-ն գրել էր, որ ՀՀ գլխավոր դատախազությունը, ԱԱԾ-ն եւ ոստիկանությունը  ստուգում են քաղաքապետարանի 2005-2011թթ. արխիվային փաստաթղթերը: Հավաստի աղբյուրներից մեզ հաջողվեց պարզել, որ որոշակի ստուգումներ քաղաքապետարանում իրոք իրականացվում են: Մի քանի օր առաջ քաղաքապետարան գրություն է ուղարկել եւ որոշակի փաստաթղթեր պահանջել նաեւ Շիրակի մարզի քննչական վարչությունը: Թե դրանք ինչ փաստաթղթեր են ու ինչի համար, փորձեցինք պարզել քննչական վարչության պետ Ալբերտ Երիցյանից: Վերջինս մեզ տեղեկացրեց, որ իրենք քաղաքապետարանից փաստաթղթեր են պահանջել՝ քաղաքապետարանի հաշվեկշռում գտնվող ու աճուրդ-վաճառքի միջոցով նախկին քաղաքապետի եղբորը վաճառված «Գազ 13»` «Չայկա» ավտոմեքենայի հետ կապված:
Երեկ Գյումրու նախկին քաղաքապետ Վ. Ղուկասյանի գրասենյակը հայտարարություն է տարածել, որում նշված է. «1959 թվականին արտադրված «Չայկա» մակնիշի ավտոմեքենան դեռեւս 1999 թվականին, երբ քաղաքի ղեկավարումը ստանձնեց Վարդան Ղուկասյանը, գրանցված էլ չէր որպես համայնքապատկան գույք: Մինչդեռ մեքենայի անձնագիրը վաճառված էր Գյումրու քաղաքապետարանում այսօր վերստին աթոռ զբաղեցրած անձի կողմից: Մեքենան, իսկ ավելի ճիշտ է ասել, երկաթե այդ ջարդոնը 2 անգամ դրվել է աճուրդի, սակայն դրանք չեն կայացել: Այնպես որ, Գեւորգ Ղուկասյանի կողմից, օրենքով սահմանված կարգով եւ ավագանու որոշման համաձայն, իրականացվել են ջարդոնի ձեռքբերման նախնական մուծումներ, իսկ առք ու վաճառք չի կայացել: Մինչեւ ավտոմեքենայի հետագա ճակատագրի որոշումը, այն պահվել է անհատ անձի ավտոտնակում, որը չէր կարող կապարակնքված լինել: Ուստի, «թռցնել», «գողանալ» բառերը հետաքրքրություն հարուցելու եւ «գրավչության» համար են օգտագործվում: Այնպես, ինչպես օրեր առաջ գրվեց, որ քաղաքապետարանից մոտ 150 000 դոլարին համարժեք գույք է տարվել: Հետաքրքիր է` ինչո՞ւ չշարունակվեց այդ լուրի քննարկում-հետաքննումը: Պարզից էլ պարզ էր, որ դա հերթական ստերի շարքից էր: Այդ զրպարտությունների համար պատիվ ենք պահանջելու…»:

ՍՈՆԱ ԱՌԱՔԵԼՅԱՆ
Գյումրի




Լրահոս