«Գագիկ Ծառուկյանը հայտարարել էր` արյուն չեմ ուզում. ո՞վ է արյունով սպառնացել նրան»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության հետ տեղի ունեցածից և Գագիկ Ծառուկյանի` քաղաքականությունից հեռանալուց հետո մշտապես խոսվում է այն մասին, որ ԲՀԿ նախկին առաջնորդին վախեցրել են ընտանիքի անդամներին սպառնալու միջոցով:

Նման հայտարարություն բազմիցս է արել նաև «Ազգային համաձայնություն» կուսակցության նախագահ Արամ Հարությունյանը: Օրերս կայացած ասուլիսի ժամանակ նա կրկին նման հայտարարություն արեց և նշեց, որ Ծառուկյանի որդուն առևանգել են և այդ կերպ սպառնացել: Հատկանշական է, որ այս երեք ամիսների ընթացքում նման հայտարարություններ բազմիցս են եղել, սակայն ԲՀԿ-ի և Գագիկ Ծառուկյանի մտերիմների կողմից որևէ հաստատող տեղեկություն չի եղել:

Armlur.am-ի հետ զրույցում Արամ Հարությունյանը նշեց, թե եթե այս տեղեկությունը հաստատող լինեին` վաղուց կհաստատեին: Նրա խոսքով, եթե այն անգամ չեն արձագանքել, բնական է, որ հիմա էլ չեն ասի:

«Երկու տարբերակ կա, կամ եղել է, կամ չի եղել: Եթե այն ժամանակ ձայն չեն հանել, այսօր էլ չեն հանի: Բայց, եթե չի եղել, դա ուրիշ խնդիր է», – նշեց նա:  Արամ Հարությունյանի խոսքով, Գագիկ Ծառուկյանի նկատմամբ նման ճնշումներ եղել են նաև 2011թ` ՀՀԿ-ի հետ կոալիցիոն  հուշագիր ստորագրելու ժամանակ:

Նրա խոսքով, այն ժամանակ այդ տեղեկատվությունը կուլիսների ետևում մնաց և հրապարակային ոչ մի բան չհայտարարվեց: «Փետրվարի 12-ի ելույթը հրապարակային էր, որն արդեն հակասահմանադրական է, և այդ մասին հայտարարություններ եղան: Հիմա ի՞նչ է փոխվել, ոչինչ էլ չի փոխվել: Կատարվել է այն, որ եղել է քաղաքական ահաբեկչություն: Անձամբ ինձ ԲՀԿ շտաբի անդամները պատմել է , թե իրենց ոնց են տարել ոստիկանություն, ճնշել», – պատմեց նա:

Նրա խոսքով այն, որ փետրվարի 13-ին Գագիկ Ծառուկյանը հայտարարում է, որ իր նպատակն «այս չարիքի իշխանությունից ազատվելն է», իսկ հինգ օր հետո հայտարարում քաղաքականությունից հեռանալու մասին, ապա դա հենց այնպես չի արվել: «Ինքը փետրվարի 18-ի հայտարարությունում ասում է` արյուն չեմ ուզում: Այդ ու՞մ արյան մասին է խոսքը, ո՞վ է արյունով սպառնացել Ծառուկյանին, ո՞ւմ արյունով: Այդ նույն ինֆորմացիան եղել է ԲՀԿ մարդկանցից, նույն Մոսկվայի շրջանակից», – հավելեց նա:

Հավելենք, որ ԲՀԿ նախագահ Նաիրա Զոհրաբյանը լրագրողների հետ զրույցում հայտարարել էր, թե ինքը նման տեղեկատվության չի տիրապետում: Նման կերպ են արձագանքում նաև այլ ԲՀԿ-ականներ:




Լրահոս