Նիդերլանդցի բարի մեքենավարը, ում անունը չի հաղորդվում, որոշել է վտանգի ենթարկել իր կողմից ղեկավարվող գնացքի ուղևորների կյանքը՝ հանուն կատվի կյանքը փրկելու: Հոլանդացին կտրուկ կերպով գործի է դրել գնացքի ձեռքով արգելակման համակարգը՝ երկաթգծի վրա նկատելով վիրավոր կենդանուն: Բարեբախտաբար, գնացքի կտրուկ արգելակման արդյունքում ոչ ոք չի տուժել, հայտնել է Omroep West-ը:
Մեքենավարը կատվին նկատել է Նիդերլանդների Գաուդա քաղաքում: Տղամարդը կենդանուն վերցրել է ճանապարհից ու հասցրել է մինչ վերջին կայարանը: Վարորդի խոսքերով՝ կենդանին արդեն վիրավոր է եղել մինչ նրան տեսել է մեքենավարը:
Մետրոպոլիտենի կայարանում կատվին դիմավորել են անասնաբույժերը: Խեղճ կենդանու առջևի ոտքն ու պոչի ծայրը անդամահատվել է, սակայն բժիշկները հայտնում են, որ կատուն վերականգնվում է: