Armlur.am-ն արդեն հայտնել է, որ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի հրամանով Գորիսի ոստիկանության բաժնի պետ Արա Դավթյանն աշխատանքից ազատվել և կադրերի ռեզերվ է ուղարկվել: Նշենք, որ Դավթյանն ընդամենը մեկ ամիս է, ինչ նշանակվել էր ոստիկանապետի պաշտոնում: Գորիսի ոստիկանապետի պաշտոնում նշանակվել է ոստիկանության փոխգնդապետ Գևորգ Ազիզյանը, ով մինչ այդ աշխատել է ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի (6-րդ) գլխավոր վարչությունում:
Նորանշանակ ոստիկանապետը Armlur.am-ի հարցին` իր կարծիքով ի՞նչ խնդիր կարող էր լինել, որ նախկին ոստիկանապետին աշխատանքից հեռացրեցին, պատասխանեց. «Ոչ մի խնդիր չկա»:
Ազիզյանը նշեց, որ այլ հարցերի այս պահին չի պատասխանի, քանի որ նոր է նշանակվել այդ պաշտոնում: «Մի քանի օրից զանգեք, ես նոր եմ այս պաշտոնում նշանակվել»,- ասաց նա` հավելելով, որ գոյություն ունի Ոստիկանության լրատվական վարչություն և մեր հարցերը կարող ենք ուղղել այդ վարչությանը:
Նշենք, որ Armlur.am-ը փորձեց կապ հաստատել նաև Գորիսի նախկին ոստիկանապետ Արա Դավթյանի հետ, սակայն վերջինիս հեռախոսահամարն անջատված է: Մեր աղբյուրները տեղեկացրին, որ Դավթյանի հետ նույնիսկ հարազատները չեն կարողանում կապ հաստատել, քանի որ առավոտից հեռախոսն անջատված է, իսկ պաշտոնակության վերաբերյալ հետաքրքրվողների թիվը` մեծ: