ՍՈՒՐՃ Է ՆԵՐԱՐԿԵԼ
Թոքերի բորբոքումով հոսպիտալացված կենսաթոշակառու կինը մահացել է, երբ բուժքույրը արյան մեջ ներարկել է կաթով սուրճ: Մահացու սխալը գործել է բժշկական քոլեջի 23-ամյա ուսանողուհի Մորեյրա Տոլեսը: Այդ դեպքը տեղի է ունեցել նրա պրակտիկայի երրորդ օրը: Բժիշկը հանձնարարել էր կերակրել ծանր հիվանդին: Տոլեսը հիվանդին պետք է կերակրեր հատուկ զոնդի օգնությամբ, բայց ապագա բուժքույրը կաթով սուրճը կատետրով ներարկել է հիվանդի արյան մեջ: Վերջինիս մոտ անմիջապես ցնցումներ են սկսվել, եւ չնայած բժիշկների գործադրած ջանքերին՝ նրա կյանքը փրկել չի հաջողվել:
ԽՈՍՈՂ ԿԵՏ
Ամերիկացի գիտնականները կետ են հայտնաբերել, որն ունակ է նմանակել մարդկային խոսքը եւ իր դիապազոնից մի քանի օկտավա ցածր ձայներ արձակել: Արտասովոր սպիտակ կետն ապրում է Կալիֆորնիայի մերձակա ափերում: Կետին հայտնաբերել է ջրասուզորդներից մեկը, որը, ջրի տակ գտնվելով, հրահանգ է լսել ջրից անմիջապես դուրս գալու մասին: Երբ տղամարդը դուրս է եկել մակերեւույթ եւ հարցրել, թե ով է իրեն կանչել, զարմացել է. այնտեղ գտնվող մարդկանցից ոչ ոք նման հրաման չէր տվել: Հետազոտողները պարզել են, որ անսովոր ձայներն արձակել է երիտասարդ սպիտակ կետը:
ԵՐԵՔ ԶՈՀ
Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 9:33-ի սահմաններում, Ղրիմում ավիավթարի է ենթարկվել չորստեղանոց Socata TB-20 ինքնաթիռը: Այն Դնեպրոպետրովսկի շրջանից ուղեւորվում էր Եվպատորիա: Ավիավթարի հետեւանքով զոհվել է 3 մարդ: Ավելի ուշ հայտնի է դարձել, որ օդաչուն եւ ինքնաթիռի սեփականատերը՝ Անդրեյ Կրասնիկովը, Դնեպրոպետրովսկից երկու ուղեւորների էին տեղափոխում գործնական հանդիպման: Մահացածներից երկուսը հայ են՝ մեծահարուստներ Սամվել եւ Մանվել եղբայրները Գավառից: Վթարի պատճառը դեռ հայտնի չէ, հանգամանքները պարզվում են: