ՀԱՐՑ. Սիրիայում սկսված պատերազմի պատճառով բազում սիրիահայեր մշտական բնակություն են հաստատել Հայաստանում: Սակայն սփյուռքահայերի շրջանում դժգոհություններ կան՝ անձնական օգտագործման իրերի մաքսազերծման բարդությունների հետ կապված: Խնդրում եմ ասել, թե վերջին շրջանում ինչ փոփոխություններ են արվել ՀՀ մաքսային օրենսգրքում, որոնք կմեղմեն սփյուռքահայերի դժգոհությունները:
ՊԱՏԱՍԽԱՆ. Մաքսային օրենքները շատ կարեւոր են, քանի որ այսօր արդեն գալիս են մարդիկ, որոնք մշտապես ուզում են ապրել Հայաստանում: ՀՀ սփյուռքի նախարարությունը մշակում է հայրենադարձության հայեցակարգ եւ օրենք՝ անկախ նրանից, թե քանի սփյուռքահայ կվերադառնա: Եթե ազգի երկու երրորդն ապրում է դրսում, ապա այդ պետությունն իրավունք չունի այս հարցի մասին չմտածել: Եթե տարվա մեջ նույնիսկ մեկ-երկու մարդ է գալիս, նշանակում է՝ գործընթացը պետք է կանոնակարգել։ Որեւէ մեկին ստիպել չենք կարող: Սակայն հայրենադարձվողներն ունեն տասնյակ հիմնախնդիրներ, որոնց լուծումը պետության գործն է: Այդ առումով, սկսած մաքսային խնդիրներից, վերջացրած լեզվական ինտեգրման հարցերով, պարտավոր ենք քննարկել, ուսումնասիրել եւ հեշտացնել։ Պատահական չէ, որ ՀՀ սփյուռքի նախարարությանն էին դիմում տասնյակ սփյուռքահայեր, բողոքում երկրի մաքսային կանոններից, որոնք թույլ չէին տալիս անգամ, որ մարդը կարողանա իր օգտագործած իրերը հայրենիք տեղափոխել: Այս ամենի հիմքով ՀՀ սփյուռքի նախարարությունը հանդես եկավ առաջարկությամբ, փորձեց որքան հնարավոր է բարենպաստ պայմաններ ստեղծել, որպեսզի մարդիկ կարողանան իրենց կահ-կարասին, ավտոմեքենան, օգտագործած իրերը տեղափոխել հայրենիք: Այսօր բավական հեշտացվել է նաեւ այս խնդիրը:
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Թե որքան է հեշտացել մաքսազերծման գործընթացը, կարող են ասել միայն սփյուռքահայերը: Իսկ նախարարության պատասխանի մեջ հարցի կոնկրետ լուծում չի նշվում, փոխարենը միայն տրվում են խոստումներ, թե ինչեր պիտի արվեն, բայց արդյունքում հայրենադարձը ոչինչ չի շահում: