ԲՀԿ ղեկավար Նաիրա Զոհրաբյանը քաղաքական ենթատեքստ չի տեսնում Գագիկ Ծառուկյանի` մարզեր այցելության և ակտիվացման մեջ: Այս մասին ԲՀԿ ղեկավարը նշեց լրագրողների հետ զրույցում, նշելով, որ Ծառուկյանը զբաղվում է բարեգործությամբ և Արմավիրի մարզ այցը հենց դրա հետ է կապված:
«Ծառուկյանը մարզեր այցելել է միշտ, քաղաքական ենթատեքստ չեմ տեսնում: Երբ բազմաթիվ մթերողներ ուղղակիորեն հայտարարել են, որ իրենք շատ փոքր ծավալներով են մթերում անելու, իսկ Ծառուկյանը հայտարարեց, որ իր ծավալները չեն փոխվելու, ավելին՝ ինքը պատրաստ է մթերել առավել մեծ ծավալներ, որպեսզի դրանից գյուղացիական տնտեսությունները չտուժեն, կարծում եմ, դա միայն կարելի է ողջունել, այլ ոչ թե դրա տակ փորձել քաղաքական ինչ-ինչ ենթատեքստ փնտրել»:
Հարցին՝ դուք հանդիպո՞ւմ եք, քննարկումներ չե՞ք ունենում Գագիկ Ծառուկյանի հետ՝ Նաիրա Զոհրաբյանը պատասխանեց. «Քաղաքական՝ ոչ, մարդկային հանդիպումներ ունենում ենք: Բայց պարոն Ծառուկյանի հետ պայմանավորվածություն ունենք քաղաքականության մասին չխոսելու, եւ ես հարգում եմ պարոն Ծառուկյանի որոշումը՝ իր հետ քաղաքական հարցեր չքննարկելու»:
Այն դիտարկմանը, որ ԲՀԿ-ամետ քաղաքացիները մտածում են, որ Ծառուկյանը ընտրությունների ժամանակ կվերադառնա, Նաիրա Զոհրաբյանը նշեց. «Ես շատ ուրախ եմ, որ ՀՀ քաղաքացիները շարունակում են վստահել և հավատալ Գագիկ Ծառուկյանին եւ ԲՀԿ-ին, բայց այս պահին կա Գագիկ Ծառուկյանի մեկ հայտարարություն՝ որ ինքը հեռանում է քաղաքականությունից: Այլ հայտարարություն չկա: Երբ որ կլինի այլ հայտարարություն, ես պատրաստ կլինեմ ձեզ հետ քննարկելու այլ մոտեցումներ»: