«Նաիրիտ» գործարանի աշխատակիցների ակցիաները համակարգող խմբի անդամ, գործարանի նախկին մամուլի քարտուղար Անուշ Հարությունյանը հրապարակել է թռուցիկների տեքստ, որոնք կբաժանեն քաղաքացիներին: Այս մասին վերջինս տեղեկացրել է գործարանի ֆեյսբուքյան էջում:
Թռուցիկի տեքստը հետևյալն է.
«Նաիրիտ գործարանի 1700 աշխատակիցներ, որոնք այս տարվա փետրվարի 6-ից կրճատվել են աշխատանքից և չեն ստացել իրենց 18-ից 24 ամիսների աշխատավարձը, ունեն քո աջակցության կարիքը:
Մոտ վեց ամիս է՝ մենք բողոքի ակցիաներ ենք անցկացնում՝ մեր աշխատավարձի պարտքի մարման և Նաիրիտի վերագործարկման պահանջով, սակայն ներկա կառավարության այդ ուղղությամբ ձեռնարկված անորոշ քայլերը որևէ արդյունքի չեն հանգեցնում:
Հայաստանյան ներկա իրավիճակում այսպիսի դժվարին դրության մեջ հայտնվելու հեռանկարը սպառնում է յուրաքանչյուրին, ուստի Նաիրիտի աշխատակցի խնդիրը ամենքի խնդիրն է:
Միացիր մեր բողոցի ակցիաներին, որոնք անցկացվում են ամեն հինգշաբթի, ժամը 11-ին, ՀՀ կառավարության շենքի մոտ:
Մենք քո աջակցության կարիքն ունենք»:
Հիշեցնենք, որ այսօր էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, թե աշխատող և հեռացված նաիրիտցիների աշխատավարձի պարտքի մարումը տեղի կունենա մինչև տարվա վերջ, իսկ գործարանի վերագործարկումը նպատակահարմար չէ: