Ինչո՞ւ է Արամ Մանուկյանը դատական նիստի ժամանակ լքել դահլիճը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Արամ Մանուկյանի ծեծի գործով դատաքննությունն այսօր ավարտվեց. դատարանն այսպիսով անցավ վիճաբանությունների փուլին: Հաջորդ դատական նիստին մեղադրող դատախազը կներկայանա մեղադրական ճառով:

Դատական քննության ընթացքում տուժող կողմը լքել է նիստերի դահլիճը՝ դատական քննությունն անօրինական համարելով: Armlur.am-ի հետ զրույցում ամբաստանյալ Արշակ Սվազյանի պաշտպան Լիանա Բալյանը նշեց, որ Արամ Մանուկյանի այդ քայլն իր համար անհասկանալի է: Պաշտպանի խոսքով, եթե տուժող կողմը պարբերաբար հայտարարում է, որ կատարվածը քաղաքական ենթատեքստ ունի, ապա պետք է, որ մինչև վերջ մնար՝ փաստեր և հիմնավորումներ ներկայացնելու իր հայտարարություններն ապացուցելու համար. «Արամ Մանուկյանը կրկին փորձում է քաղաքական աստառ տալ կատարվածին, անհիմն հայտարարություններ անել՝ այդպես էլ որևէ ապացույց չներկայացնելով: Եթե նրանք լուրջ հիմքեր ու փաստարկներ ունենային, կմնային մինչև վերջ և կներկայացնեին իրենց ունեցած ապացույցները»:

Լիանը Բալյանը հայտնեց, որ դատական նիստին հարց է ուղղել Արամ Մանուկյանին՝ ճի՞շտ է, որ հայհոյանքներ է հնչեցրել ՀՀ նախագահի հասցեին, ինչին պատգամավորը բացասական պատասխան է տվել: Ելնելով այս հանգամանքից՝ ամբաստանյալի պաշտպանը հանդես է եկել միջնորդությամբ  գործով որպես հիմնավոր փաստ-ապացույց հետազոտել տեսաձայնագրությունը, որում երևում է, թե ինչպես է Արամ Մանուկյանը հայհոյում է Սերժ Սարգսյանին: Դատարանը բավարարել է այս միջնորդությունը:

«Իմ պաշտպանյալը, լինելով ազատամարտիկ, ցավով էր ընդունել պատգամավորի նման վարքագիծը և Ռուսաստանի Դաշնությունից եկել ու վրեժ է լուծել: Իմ պաշտպանյալը չի էլ ժխտում, որ հարվածել է Արամ Մանուկյանին: Պարզապես մեզ համար զարմանալի է, թե ինչու առաջին դատական նիստին կողմը առարկեց մեր այն միջնորդությանը, որով խնդրում էինք արագացված դատական քննություն անցկացնել: Ստացվում է, որ երեք նիստի ընթացքում դատաքննությունն ավարտվեց, տուժող կողմը լքեց նիստերի դահլիճը, այդ դեպքում ի՞նչ կարիք կար երկարացնելու: Արշակ Սվազյանն ընդունել է առաջադրված մեղադրանքը և այն, որ հարվածել է Արամ Մանուկյանին, սակայն իրեն մեղավոր չի ճանաչել»,- ասաց ամբաստանյալի պաշտպանը՝ միաժամանակ հավելելով, որ դատաքննության ընթացքը գնահատում է դրական, և նրա խոսքով, օրենքի որևէ խախտում չի եղել, կատարվել է օբյեկտիվ քննություն:

Իսկ ահա տուժող կողմի ներկայացուցիչ Արմեն Խաչատրյանը միանգամայն այլ կարծիք և գնահատական տվեց քննության ընթացքին: Armlur.am-ի հետ զրույցում Արամ Մանուկյանի ներկայացուցիչը նշեց, որ նախաքննության ընթացքում վարույթն իրականացնող մարմինը դրսևորել է անգործություն, ինչի պատճառով էլ դեպքին քաղաքական ենթատեքստ տալու մասը ոչ հերքվել, ոչ հաստատվել է: Այդուհանդերձ, Արմեն Խաչատրյանը վստահ է, որ կատարվածը քաղաքական աստառ ունի, քանի որ, մեր զրուցակցի խոսքով, ամբաստանյալն ինքն էլ հայտարարել է, որ Արամ Մանուկյանին հարվածել է նրա քաղաքական գործունեության համար.

«Այսինքն՝ ենթատեքստը քաղաքական է, և ապացուցելու որևէ բան չկա: Մեր խնդիրն այդ անձնավորությանը 50 հազար դրամ տուգանելը չէ, սա քաղհայց չի, քրեորեն պատժելի արարք է, իսկ հարուցված քրեական գործը՝ 117 հոդվածով, ենթադրում է տուգանք, ոչ ավելին: Ի սկզբանե սխալ քննություն է տարվել: Դատախազը սխալ մեղադրական եզրակացություն է կազմել, որի հիման վրա էլ դատարանը քննում է գործը»:

Հարցին՝  իրենց համոզմամբ ո՞ր հոդվածով պետք է մեղադրանք առաջադրվեր Արշակ Սվազյանին, Արմեն Խաչատրյանը պատասխանեց, որ առաջին դատաբժշկական փորձաքննության արդյունքները իրենք կասկածելի են համարել և միջնորդել են այլ բուժհիմնարկում անցկացնել կրկնակի փորձաքննություն: Իսկ ուղեգիրը նրանց տրվել է 90 օր հետո, և այս ընթացքում Արամ Մանուկյանը շարունակել է բուժման կուրս անցնել. «Խնդիրը հետևյալն է՝ 21 օր հետո արդյոք մնացորդային հետևանքներ եղել են Արամ Մանուկյանի մոտ, թե ոչ: Առողջությանը պատճառված վնասը 21 օրից երկա՞ր է տևել, թե ոչ: Եթե 21 օր հետո կա մնացորդային վնասվածք, դա արդեն առողջությանը միջին ծանրության վնաս հասցնելու մասին է խոսում: Իսկ այդ 90 օրերի ընթացքում նա կարող էր կազդուրվել»:

Արմեն Խաչատրյանը նաև նշեց, որ այդ հանցագործությունը ոչ թե անձի դեմ է ուղղվել, այլ պաշտոնատար անձի, ինչը ևս մի շարք հանգամանքներ է փոխում: Մեր զրուցակիցը դժվարացավ պատասխանել՝ մյուս դատական նիստերին կներկայանան, թե ոչ: Նրա խոսքով, դրա նպատակահարմարությունը հետագայում պարզ կլինի:

Նշենք, որ հաջորդ դատական նիստը կայանալու է հունիսի 1-ին, որի ընթացքում մեղադրող դատախազը կներկայանա մեղադրական ճառով:




Լրահոս