
ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման լրացուցիչ փոփոխություններ է կատարել նախընտրական քարոզարշավի իր օրակարգում՝ “Սենդի” փոթորկի պատճառով։
Ինչպես տեղեկացնում է ԻՏԱՌ ՏԱՍՍ գործակալությունը, վերջին քառորդ դարի ընթացքում առաջին անգամ, փոթորկի պատճառով, փակվել է նաև Նյու Յորքի բորսան։ Փոթորիկը թեև դեռ նոր է մոտենում ԱՄՆ-ի հյուսիս-արևելքին, սակայն արդեն լուրջ հարված է հասցրել ամերիկյան տնտեսությանը։
Կիրակի երեկոյան Սպիտակ տան մամուլի ծառայությունը տեղեկացրել է, որ երկրի ղեկավարն, ով այս պահին գտնվում է Ֆլորիդայում, չի մասնակցելու Օհայո նահանգում կայանալիք նախընտրական քարոզարշավին։ Նրա փոխարեն այնտեղ է մեկնել փոխնախագահ Ջո Բայդենը։ “Սենդի” փոթորիկը լրջորեն խաթարել է տրանսպորտային հաղորդակցությունը ԱՄՆ հյուսիս-արևելքում։ Չեղյալ են համարվել ավելի քան 3000 ավիաթռիչքներ, կրճատվել է գնացքների երթևեկությունը։ Վաշինգտոնում և Նյու Յորքում չի գործում նաև մետրոն։ Դպրոցներում դասերը դադարեցվել են։ 1985թ.-ից հետո, երբ Նյու Յորքին հարվածեց “Գլորիա” փոթորիկը, առաջին անգամ չի բացվելու Ֆոնդային և առևտրային բորսան. այստեղ առևտուրն միայն էլեկտրոնային տարբերակով է իրականացվելու։
tert .am