ԶՐԿՎԵԼ Է ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԻՑ ԵՎ ԹՈՇԱԿԻՑ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
58-ամյա Ելենա Ղազարյանը շուրջ 13 տարի է՝ պայքարում է իրեն հասանելիք թոշակը ստանալու համար: Հույսը կտրած կնոջ միակ նպատակը արդարությունը վերականգնելն է: “Հոգնել եմ ամեն ինչից, ինչքա՞ն կարելի է մարդուն խաբել: Սա զուտ խոսքեր չեն, եթե այսպես շարունակվի, ու ինձ անարդար կերպով թոշակ չտան, ապա ինձ այլ ելք չի մնում, քան վերցնել իմ երեխաներին եւ 6 թոռնիկներին ու հեռանալ Հայաստանից”,-վրդովված ասում է Ելենան՝ սպասելով վերջին հույսին:
Ելենա Ղազարյանն ունի 2 տղա եւ իր 6 թոռնիկների, հարսի եւ մեկ տղայի հետ ապրում է Նորքի զանգվածի հանրակացարանում: Նա “Ժողովուրդ”-ի խմբագրություն էր այցելել արդարությունը վերականգնելու հույսով: 
Տիկին Ելենան 15 տարի աշխատել է Ցերեկային լամպերի գործարանում` հատուկ թունավոր արտադրամասում: “Իմ աշխատանքն անմիջական կապ ուներ սնդիկի հետ: Երբ լրացավ 45 տարեկանս, ինձ գործարանում ասացին, որ 6 ամիս հետո կգնամ թոշակի: Խառը տարիներ սկսվեցին, գործադուլներ գործարանում` խոսքը 1999  թվականների մասին է, ու այնպես ստացվեց, որ ինձ թոշակ չտվեցին”,-պատմում է Ելենան: Նրա պարզաբանմամբ` ստեղծված իրավիճակից ելնելով` ինքը դիմել է Սերժ Սարգսյանին, որի գրասենյակն այդ հարցով դիմել է ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարություն: Այստեղից էլ նրան պատասխանել են, որ օրենքը փոխվել է, եւ իրեն նոր օրենքով թոշակ չի հասնում: “Այդ օրենքն ինձ վրա չի ազդում, քանի որ դեռ այն ժամանակ պետք է գնայի թոշակի, երբ ունեի 7,5 տարվա ստաժ”,-ներկայացնում է Ելենան:
12 տարի է անցել, սակայն Ելենան դեռ հույսը չի կորցրել եւ պայքարում է իրեն հասանելիք թոշակի համար: “Ինձ հաստատ հասնում է: Ինչո՞ւ չպետք է ստանամ ու բողոքեմ այս անարդարության դեմ: 3 տարի առաջ էլի դիմեցի դատարան: Այս անգամ գնացի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան: Իմ դատապաշտպան Նաիրի Մնացականյանն ինձ ասաց, թե դեռ էնքան կգաս ու կգնա՜ս,-վրդովված պատմում է մեր զրուցակիցը` շարունակելով,-Նաիրին ինձնից պահանջեց 50 000 դրամ գործի համար: Ի՞նչ արած, այն հույսով, որ նա կօգնի ինձ թոշակ ստանալ, տվեցի: Հետո ասաց, թե 50 000 դրամ էլ պետք է ավելացնես, բա չարչարվում եմ, չէ՞, այդպես բացատրեց փողը տալու պատճառը: Չկարողացա 50 000 տալ, բայց 20 000 դրամ մի կերպ կարողացա վճարել: Մտավախություն ունեի, Նաիրիին ասացի, թե կարող է, որ իմ բողոքը սոցապ նախարարության դեմ է, չկարողանամ շահել, սակայն Նաիրին ինձ ասաց, թե հազար հատ նախարար լինի, եթե քեզ հասնում է, ուրեմն կստանասե: 
Ելենայի պատմելով` նա ունի բոլոր փաստաթղթերը, որոնց հիման վրա կարող է հաստատել ճշմարտությունը. ,Ի՞նչն է պատճառը, որ գործարանի աշխատակիցները ստանում են, սակայն ես չեմ ստանում: Ի՞նչ ասեմ, այս անգամ էլ դատը չշահեցի, եւ իմ դատապաշտպան Նաիրին ասաց, որ կտանք վերաքննիչ, ու այդպես էլ չտարավ գործերը վերաքննիչ, խաբեց ինձ: Իմ հոգեկանը խանգարվել է այս թոշակի պատճառով: Մի անգամ ինձ ասացին, որ գործարանում աշխատողներից շատերին թոշակ չեն տվել ու եթե ինձ տան, ապա նրանց էլ պետք է տան, դրա համար այս վիճակն է ստեղծվելե: Ելենան նաեւ նշեց, որ Նաիրին վերադարձրել է իր 50 000 դրամը, բայց 20 000 դրամն այդպես էլ չի տվել: 
“Ինձ ասում են, թե դու ստաժ չունես, նոր տվյալներ բե՛ր գործարանից, սական ինձ գործարանից ասացին, որ ինձ խաբում են, ու բոլոր նրանք, ովքեր աշխատել են, ստանում են իրենց հասանելիք թոշակը: Ինչո՞ւ են խաբում, թող ասեն՝ հասնում է, բայց չտան: Մի՞թե կարելի է այսքան անխիղճ լինել: Հիմա էլ ասում են, թե դու սնդիկի հետ կապված ոչ մի գործ չես արել: Կարող են ինձ տանել, ստուգել ու տեսնել` դեռ սնդիկի մնացորդներ կան իմ օրգանիզմում, այդ սնդիկի պատճառով ատամներս թափվել են, եւ ես վիրահատվել եմ”,- հուսահատված եզրափակեց առողջությունից եւ թոշակից զրկված կինը: 
ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ




Լրահոս