ՀԱՅ ԳՈՐԾԱՐԱՐՆԵՐԻՆ ԽԱԲԵԼ ԵՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
“Ժողովուրդ”-ը տեղեկացավ, որ վերջերս արտառոց դեպք է տեղի ունեցել Հայաստանում: Հայ գործարարներն էլեկտրոնային փոստի միջոցով Ճապոնիայից եւ Չինաստանից ինչ-որ ապրանքներ են պատվիրել, գումարը փոխանցել իրենց գործընկերոջ հաշվեհամարին, սակայն վերջում պարզել են, որ այդ ընթացքում իրենց գործողությունները ղեկավարել է մի երրորդ անձ եւ  տնօրինել փոխանցված գումարը: Այս ամենի հետ կապված՝ զրուցեցինք ԿՀԴՊ ԳՎ բարձր տեխնոլոգիաների ոլորտում կատարվող հանցագործությունների դեմ պայքարի բաժնի ավագ օպերլիազոր  Անդրեյ Յաշչյանի հետ: Վերջինս նախ ներկայացրեց, թե հայ գործարարներին ինչ տարբերակով են խաբել:
“Վերջին մի քանի ամիսների ընթացքում մեզ դիմում են տարբեր գործարարներ, կազմակերպություններ, ընկերություններ, որոնք զբաղվում են տարբեր տեսակի ապրանքների ներմուծմամբ եւ այդ ամենն իրականացնում են էլեկտրոնային փոստի միջոցով: Այդ ընթացքում իրենց նամակագրական կապի մեջ ներխուժում է երրորդ անձ, որը ստեղծում է շատ նման էլեկտրոնային փոստի հասցեներ, եւ փաստացի ինքը միջնորդ է դառնում երկու կողմերի միջեւ: Որսում է իրար ուղղված նամակները եւ ամեն մեկին պատասխանում է մյուսի անունից՝ բնականաբար, ձեւափոխված տեքստով: Եւ երբ պահը գալիս է, որ ապրանք մատակարարողը՝ արտերկրյա այն ընկերությունը, ասենք՝ չինական մի կազմակերպություն, պետք է ուղարկի հաշիվ-ապրանքագիրը, արդեն երրորդ անձի կողմից դա փոխվում է: Բանկային տվյալները փոխվում են, եւ տեղադրվում է 3-րդ անձի բանկային հաշվեհամարը, որի վրա էլ գործարարը գումարը փոխանցում է”,-պատմեց Յաշչյանը:
Մեր զրուցակիցը նշեց, որ դա հայտնի է դառնում միայն այն ժամանակ, երբ պատվիրված ապրանքն ինչ-ինչ պատճառներով ուշանում է. “Ունենք վնասի տարբեր չափեր, գումարը տատանվում է 420 դոլարից մինչեւ 100 հազար դոլարի միջեւ: Այժմ ձեռնարկվում են հետեւյալ քայլերը. նախ եւ առաջ մեր բաժնում կոնտակտային կետի միջոցով կապ ենք պահում այլ երկրների կոնտակտային կետերի հետ: Այս ամենի նպատակն այն է, որ իրականացվի արագ եւ օպերատիվ համագործակցություն այլ պետությունների հետ: Այս ամենի շրջանակներում հարցումներ են կատարվել համապատասխան երկրներին, որպեսզի պարզվի անձի ինքնությունը, ինչպես նաեւ տեղեկություններ պարզվեն բանկային հաշվեհամարների վերաբերյալ”:
Յաշչյանը նշեց, որ դեռեւս դրական արդյունք չունեն, բայց  իրենց ուժերը կենտրոնացրել են, որպեսզի բացահայտեն, թե ով կամ ովքեր են այս ամենի հեղինակները: Նրա ներկայացմամբ`  այդ խաբեությունը տեղի է ունենում այն պատճառով, որ երբ երկու կողմերը շփվում են էլեկտրոնային փոստի միջոցով, չեն նկատում, որ երրորդ անձն ընդամենը մի փոքր “նշան” է փոխել, ինչի պատճառով էլ երկու կողմերը խաբվում են:
“Նամակագրության ժամանակ ոչ ոք ուշադրություն չի դարձնում այդ փոքր կետի վրա, բայց իրականում այդ նամակը լրիվ ուրիշ մարդ է ստանում, եւ այլ մարդ է այդ նամակին պատասխանում: Մենք ուսումնասիրել եւ պարզել ենք դա, բայց այն անձը, որ նման բան է արել, այլ երկրում է գտնվում, եւ հնարավոր էլ չէ նրա գտնվելու վայրի մասին տեղեկություն ստանալ”,-ասաց մեր զրուցակիցը: Յաշչյանը հավելեց, որ այժմ իրենց համար կարեւոր է նաեւ, որ հայ հասարակությունը տեղեկանա, թե իրականում ինչպես կարող է խաբվել եւ ավելի մեծ ուշադրություն դարձնի նման մանրուքներին: 
“Ժողովուրդ”-ի տեղեկություններով՝ այս գործով խաբված գործարարները, որոնք տարբեր ապրանքներ, սարքավորումներ եւ տեխնիկական միջոցներ են ներկրել Հայաստան, այդքան էլ հայտնի դեմքեր չեն: Նշված գործարարներին հայ հասարակությունը չի ճանաչում՝ չնայած այն բանին, որ տուժողների մեջ կան նաեւ 100 հազար դոլարի վնաս կրողներ: Նրանք երեւի թաքուն են գործունեություն ծավալում, քանի որ նրանց անունները հույժ գաղտնի են պահվում:  
ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆ




Լրահոս