Դատարանը տուգանեց ՀԱԿ ակտիվիստին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատարանը՝ դատավոր Մխիթար Պապոյանի նախագահությամբ, այսօրվա դատավճռով Հայ ազգային կոնգրեսի ակտիվիստ Վարդգես Գասպարիին մեղավոր ճանաչեց ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի առաջին մասով՝ Խուլիգանություն: Դատարանը պատիժ նշանակեց նվազագույն աշխատավարձի 50-ապատիկի չափով, սակայն օրենքով նախատեսվածից ավելի մեղմ պատիժ նշանակելով՝ վերջնական պատիժ նշանակեց տուգանք նվազագույն աշխատավարձի 30-ապատիկի չափով, այսինքն՝ 30 հազար դրամի չափով:
Հիշյալ հոդվածի առաջին մասը՝ Խուլիգանությունը՝ դիտավորությամբ հասարակական կարգը կոպիտ կերպով խախտելը, որն արտահայտվել է հասարակության նկատմամբ բացահայտ անհարգալից վերաբերմունքով, նախատեսում է պատիժ տուգանքի տեսքովև նվազագույն աշխատավարձի առավելագույնը 50-ապատիկի չափով, կամ կալանք՝ մինչև մեկ ամիս ժամկետով:
Ըստ մեղադրական եզրակացության, Վարդգես Գասպարին 2011թ. հոկտեմբերի 20-ին ժամը 12.00-ի սահմաններում ՀՀ կառավարության թիվ 1 շենքի մոտակայքում դիտավորությամբ կոպիտ կերպով խախտել է հասարակական կարգը, ինչն արտահայտվել է հասարակության նկատմամբ բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորելով: Ըստ մեղադրանքի, շուրջ 15 րոպե տևողությամբ աղմկել է և հայհոյել, իր այդ դիտավորյալ գործողություններով խանգարել անցորդների և ներկաների հանգիստը:
Իր վերջին խոսքում ամբաստանյալը հայտարարել էր, որ իր դեմ խուլիգանության հատկանիշներով հարուցված գործը դուրս է իրավական հարթությունից: Ըստ նրա, “Բանակն իրականում” քաղաքացիական նախաձեռնության խաղաղ ցույցի մասնակիցներն, այդ թվում՝ ինքը, ընդամենը հակազդել են քաղաքացիական հասարակության իրավունքների ոտնահարմանը: Ավելին, ըստ ՀԱԿ ակտիվիստի, այդ ՀՀ ոստիկանապետ Ալիկ Սարգսյանն է անհարգալից վերաբերմունք դրսևորել քաղաքացիական հասարակության հանդեպ, և մասնակի դիմադրության հանդիպելով՝ հանձնարարել է ոստիկանություն բերման ենթարկել իրեն:
Մեղադրող՝ Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատախազի տեղակալ Արմեն Աֆանդյանը, իր մեղադրական ճառում միջնորդել էր Վ.Գասպարիին տուգանք նշանակել՝ 50 հազար դրամի չափով:
Իսկ Վ.Գասպարիի պաշտպան, փաստաբան Մուշեղ Շուշանյանը միջնորդել էր իր պաշտպանյալի նկատմամբ կայացնել արդարացման դատավճիռ:
Ինչպես “Փաստինֆո”-ի թղթակցին հայտնեց Վ.Գասպարիի մյուս պաշտպանը՝ Ռոբերտ Ռևազյանը, պաշտպանական կողմը բողոքարկելու է դատավճիռը վերաքննիչ դատարան:
“Փաստինֆո”




Լրահոս