«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Եթե ԵՊՀ-ում եւ ԵՊԲՀ-ում ռեկտորների ընտրության ելքը որոշված է, դեռ անորոշ է ՀՊՃՀ-ի՝ պոլիտեխնիկի ապագա ռեկտորի հարցը: Թեեւ ռեկտորի պաշտոնակատար Հովհաննես Թոքմաջյանը մասնակցելու է մրցույթին, բայց նա Աշոտյանի համար ցանկալի թեկնածու չէ: Մինչ Թոքմաջյանը փորձում է ամեն կերպ «դաբրո» կորզել, Աշոտյանն էլ հարմար թեկնածու է որոնում: ՀՊՃՀ-ում տարածված տեղեկությունների համաձայն, հնարավոր է մրցույթին մասնակցելու համար դիմի նաեւ նախկին ռեկտորը՝ Ոստանիկ Մարուխյանը:
Վերջինս դաշնակցական է, եղել է ԿԳ փոխնախարար, պատգամավոր, պրոռեկտոր, ռեկտոր, այժմ դասավանդում է ՀՊՃՀ-ում: Ոստանիկ Մարուխյանը կարկառուն դաշնակցական, երջանկահիշատակ Հրայր Մարուխյանի եղբորորդին է: ՀՊՃՀ-ում համոզված են, որ նախկին ռեկտորը հենց այնպես չի մասնակցի մրցույթին, մինչեւ «դաբրոյի» հարցը չլուծի: Հիշեցնենք, որ ՀՊՃՀ-ում ռեկտորի մրցույթը կկայանա հունիսի 20-ին»: